Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՎԱՅԵԼՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոս 01,1998 00:00
hayrikyan

Երբ Պարույր Հայրիկյանը մեկ տարի առաջ վերադառնալով ԱՄՆ-ից հայտարարեց, որ ինքը 30 ձեռնարկություններում մանր բաժնետեր է եւ բողոքեց, որ իշխանությունները չեն աջակցում փոքր բաժնետերերի իրավունքների պաշտպանությանը, չէր կարող ենթադրել, որ մեկ տարի հետո հնարավորություն կունենա իշխանությունների աջակցությամբ ճզմելու ավելի մեծ սեփականատերերին։

Ընդամենը 60 հազար դոլարով Պարույր Հայրիկյանը հնարավորություն ստացավ տիրանալու մի ձեռնարկության, որի իրական արժեքը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է նշված թիվը։ Բարձրաշենի թռչնաբուծական ֆաբրիկա ԲԲԸ-ն զբաղեցնում է 40 հա տարածք, որի վրա կառուցված են 39 թռչնագոմ, վարչական երկհարկանի շենքը, կերերի պատրաստման արտադրամասը եւ այլ հարակից շինություններ։

Բաժնետիրական ընկերության սեփականությունը ամրագրված է 3293 բաժնետոմսերում, յուրաքանչյուրը 5 հազար դրամ արժեքով։ Մինչեւ երեկ, բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը տնօրինում էր Արմեն Համբարձումյանը, որը նախկինում աշխատել է ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորում։ Արմեն Համբարձումյանից բացի, ընկերության բաժնետերեր էին եւս 40 քաղաքացիներ, այդ թվում նաեւ՝ Պարույր Հայրիկյանի ներկայիս կինը՝ Սուսաննա Ավագյանը, որը տնօրինում է 400 բաժնետոմս` 12,5 տոկոս։

Երկու ամիս առաջ նախագահի խորհրդական Պարույր Հայրիկյանը որոշում է ամբողջությամբ տիրանալ ձեռնարկությանը, հաշվի առնելով արդեն առկա լծակները։ Բաժնետերերի նկատմամբ իրականացված շանտաժը, բռնությունները, սպառնալիքները մինչեւ երեկ որեւէ արդյունք չէին տալիս։ Հուլիսի 20-ին բաժնետերերի նիստում Հայրիկյանը բարձրաձայն սպառնում է բաժնետերերին՝ «կամ կամավոր կվաճառեք, կամ MBD-ով հավաքել կտամ բոլորիդ, զաստավիտով կառնեմ»։

Սակայն համարձակ բաժնետերերը որոշում են ընդդիմանալ եւ անտեսել այս սպառնալիքը եւս։ Նեղացած Պարույր Հայրիկյանը իր թիմի հետ հեռանում է։ Հաջորդ նիստը նշանակվում է հուլիսի 30-ին։ Այդ ընթացքում բոլոր բաժնետերերին են այցելում պետական անվտանգության աշխատակիցները, եւ բացատրում, քանի որ դուք մի քանի գլուխ չունեք, այդ պատճառով ավելի նպատակահարմար կլիներ, որ դուք ձեր մասը վաճառեիք Պարույր Հայրիկյանին, դրանով նպաստելով մեր պետականության կայացմանը եւ Հայաստանի միջազգային վարկի բարձրացմանը։ Յուրաքանչյուր բաժնետեր մեզ հավաստիացնում էր, որ բացի իրենց տնից, մյուս բոլորի տանը եղել են։ Պատճառը հասկանալի է՝ պետականության կերտմանը նպաստելը հույժ գաղտնի է։

Այնուհետեւ Պարույր Հայրիկյանը այցելում է բաժնետերերին, եւ ըստ մեր ունեցած տեղեկությունների, յուրաքանչյուր բաժնետոմսի համար առաջարկում 10 հազար դրամ։ Ահաբեկված բաժնետերերը, որպես փրկություն եւ փոխզիջում, պահանջում են 20 հազար։ Ես առիթ ունեցա մասնակցելու հուլիսի 30-ին բաժնետերերի նիստին։ Ահաբեկված բաժնետերերը հրաժարվում էին որեւէ բան պատմել։

Շուտով ժամանեց Պարույր Հայրիկյանը Նորայր Խանզադյանի, Ռուբիկ Թորոսյանի եւ Թոմ Սամվելյանի ուղեկցությամբ։ (Ամերիկահայ Թոմ Սամվելյանը նախագահական արտահերթ ընտրությունների ժամանակ հայտարարում էր, որ իրավաբան է, եւ որպես կամավոր եկել է Հայաստան՝ մասնակցելու Հայրիկյանի ընտրարշավին)։ Հայրիկյանը համաձայն էր յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց վճարել 20 հազար դրամ։ Բաժնետերերը հավաքվեցին նրա շուրջ։

Պարզվեց, որ գնորդը ոչ թե Հայրիկյանն է, այլ Թոմ Սամվելյանը, որն էլ իր մոտ նշում էր յուրաքանչյուրի բաժնետոմսերի քանակը։ «Երկուշաբթի օրը նախագահական հավաքը ավարտվելուն պես կգնանք բաժնետոմսերը մեր անունով ձեւակերպելու»,- հաղթական տոնով հայտարարեց Պարույր Հայրիկյանը եւ մեկնեց։ «Ինչո՞ւ համաձայնվեցիք վաճառել»,- հարցրին Արմեն Համբարձումյանին։ «Երկու ամիս դիմադրում էինք, ոչ ոք ձեռք չմեկնեց։ Շարունակելն այլեւս անհնար է»։ «Եթե հոդված եք գրելու, հանկարծ չգրեք, որ ԿԳԲ-ն մեր տուն էլ է այցելել»- խնդրեց մի կին։ Սա թերեւս Պարույր Հայրիկյանի առաջին հաղթանակն էր։

Բայց հիշեցնենք, որ նա բաժնետեր է 30 ձեռնարկությունում։ Ճանապարհին բաժնետերերից մեկն ասաց. «Ես մտածում էի, որ Հայաստանում խուլիգանություն կա, բայց այսքան կազմակերպված մաֆիա չէի պատկերացնում»։

Հավանաբար, Գրետա Միրզոյանը եւ Վլադիմիր Կարմիրշալյանը Պարույր Հայրիկյանին առաջարկելով ՄԱԿ-ի կողմից շնորհվող, մարդու իրավունքների լավագույն պաշտպան կոչմանը՝ տեղյակ չէին տնտեսական գործունեության նկատմամբ նրա ունեցած բուռն սիրո մասին։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31