Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՇՏ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 05,1998 00:00
Mesrop Ashjyan

Այս տարվա գարնանը Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան շրջանի եւ Կանադայի թեմի առաջնորդական ընտրություններում իր թեկնածությունը չներկայացրեց Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը, որը 20 տարի շարունակ թեմի առաջնորդն է եղել։

Մեկը մյուսին հաջորդեցին հակասական մեկնաբանություններ, որոնք մի դեպքում պարզապես ենթադրություններ էին, մեկ այլ դեպքում այդպես կարծելու իրական հիմքեր ունեին։ Մեսրոպ սրբազանն ինքը նպատակահարմար գտավ եղելությունը չներկայացնել այնպես, որ հետագա անախորժությունների տեղիք տրվի։ Թեեւ նրա բոլոր ասույթներում ակնհայտ է վերապահության շեշտը։ Հասկանալ կարելի է սրբազանին, որը շատ ավելի լավ է պատկերացնում ներսի մթնոլորտը, քան մեզնից յուրաքանչյուրը։

Բայց եւ այնպես, հիմնվելով դեպքերի ընթացքի եւ առկա տեղեկությունների վրա, այնուամենայնիվ, փորձենք տալ հնարավոր ճշմարտանման պատկերը։ Որպես իր թեկնածությունն առաջադրելու քայլից հրաժարվելու պատճառներից մեկը ներկայացվում է Մեսրոպ արք. Աշճյանի բարդ հարաբերությունները Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչների հետ։

Որպեսզի պարզ լինի ասվածը, հետադարձ հայացք նետենք անցած 50 տարիներին։ 1933 թ. ամերիկահայ թեմը տրոհվեց 2 մասի։ Պատճառները քաղաքական էին. համայնքը չէր ցանկանում այլեւս ենթարկվել «խորհրդային վարչակարգից եկող հրահանգներին», ինչպիսին նրանք տեսնում էին Էջմիածնի Մայր Աթոռը։ 1958-ին առաջնորդարանը վերակազմավորվեց, թեմը միացավ Անթիլիասին։

Ստացվեց այնպես, որ նույն երկրում սկսեցին գործել 2 հայկական թեմեր՝ մշտապես մրցակցող, հակասական, անհանդուրժող։ Հենց այս անթիլիասական թեմն էլ գլխավորում էր Մեսրոպ սրբազանը, որը համարձակություն ունեցավ Հայաստանում ՀՅԴ գործունեությունը կասեցնելու տարիներին շարունակել համագործակցությունը հայրենիքի հետ։ Եվ այժմ դաշնակցականները հիշեցին այդ մասին։ Նոր ընտրություններում 3 թեկնածուներից առաջնորդ ընտրվեց Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի սիրելին՝ Օշական եպիսկոպոս Չոլոյանը։ Ազգային երեսփոխանական ժողովը նաեւ որոշում կայացրեց, համաձայն որի Կանադայի թեմն անջատվելով դարձավ առաջնորդական տեղակալություն՝ Արեւելյան Ամերիկայի թեմի հովանավորության ներքո։

Մեսրոպ սրբազանը ամեն առիթով սիրում է կրկնել, թե իր որոշումը պայմանավորված է նրանով, որ ինքը 1995 թ. ի վեր առաջնորդ լինելով վարում է նաեւ Հայաստանում քրիստոնեության պետական կրոնի հռչակման 1700-ամյակի գործադիր մարմնի վարիչ-քարտուղարի պաշտոնը եւ ինքը պարզապես ընտրություն է կատարել հօգուտ երկրորդի։ Սակայն մեր հանդիպման ժամանակ նա, այնուամենայնիվ, խոստովանեց, որ ընտրություն կատարելու միտքը հենց այնպես չի ծագել, այն էլ՝ նշանակումից 3 տարի հետո։ Ահա նրա խոսքերը. «Բայց մի ավելի լուրջ խնդիր էլ կար։ Բուն խնդիրն այն է, որ ես Կիլիկյան թեմի առաջնորդ էի, եւ հարցեր էին ստեղծվում հենց էջմիածնական որոշ առաջնորդների հետ, որոնք բողոքում էին, թե ինչպես կարող է Կիլիկիո թեմի առաջնորդը լինել նաեւ 1700-ամյակի վարիչ-քարտուղարը»։

Եթե դաշնակցականների հետ հակասություններն ինչ-որ կերպ հասկանալի են, ապա լիովին անըմբռնելի է, թե ինչու Էջմիածնի հետ տարաձայնությունները շտկելու համար պետք է վեր կենալ ու գալ հենց Էջմիածին։ Մեր այս տարակուսանքին Մեսրոպ սրբազանը բոլոր դեպքերում պատասխանեց այսպես «Կխորհեմ, որ հակասությունները հիմա վերացած են։ Անշուշտ, 1-2 հոգի կրնան միշտ երջանիկ չլինել, բայց, փաստորեն այն մեծ հարցը, որ կար, ոմանց համար հաճելի չէր։ Օրինակի համար, իբրեւ վարիչ-քարտուղար ես որոշ որոշումներ պիտի փոխանցեմ Խաժակ սրբազանին, որն ինձ, իբրեւ Կիլիկյան թեմի առաջնորդ, չի ճանաչի, չի ընդունի։ Իսկ հիմա դա չկա»։

Ի գիտություն ընդունելով այս բացատրությունը, միեւնույն ժամանակ չենք կարող չտարակուսել, թե ինչպես են մի շարք առաջնորդներ ընդդիմացել Գերագույն Հոգեւոր խորհրդի որոշմանը միայն այն բանի համար, որ այդ մարմնի կողմից ընտրված անձը եղել է անթիլիասական։ Էլ չենք ասում, որ նշանակմանը հավանություն է տվել նաեւ Կիլիկիո կաթողիկոսը։ Վերադառնալով դաշնակցականների խնդրին՝ հարկ է ասել, որ որքան էլ Մեսրոպ սրբազանը մերժում է նրանց ներգործությունը իր որոշման վրա, այնուամենայնիվ, մեր զրույցի ընթացքում այսպիսի ակնարկ էլ արեց. «Դաշնակցականների հետ երկարատեւ գործակցել եմ, մանկությունս այդ մթնոլորտի մեջ է անցել։ Գաղտնիք չկա։ Բայց երբ 20 տարի միասին աշխատում ես, պատահում է, որ տարակարծություններ ունենաս»։

Մի շարք աղբյուրների համաձայն, այն պահին, երբ սրբազանը հասկացավ, որ իր թեկնածությունը չի առաջադրելու, նրա համակիրները փորձեցին առաջ մղել մեկ այլ հոգեւորականի, որը, սակայն, պարտվեց։ Այսօր Մեսրոպ սրբազանը տհաճությամբ է խոսում այդ մասին եւ մերժում է, թե առաջադրվածների մեջ եղել է իր «թիմակիցը»։ «3-ն էլ իմ եղբայրներն էին։ Օշական սրբազանին մանկությունից գիտեմ, եւ Արամ կաթողիկոսն էլ արդեն իր նախընտրությունն ինչ-որ ձեւով հայտնել է։ Երբ թեկնածուներ են առաջադրվում, հենց սկզբից արդեն մեկի վար ծանրանում են։ Նման դեպքում իմ կողմից անհեռատեսություն պիտի լիներ որեւէ մեկին նախապատվություն տալը, երբ որ գիտեի Վեհափառի փափագը»։

Կարելի՞ է ասվածը հասկանալ այնպես, որ, ըստ էության, ընտրությունն իբրեւ այդպիսին չի կայացել, այլ կատարվել է Արամ կաթողիկոսի ցանկությունը։ Պատասխանը թողնում ենք նախաձեռնողներին։ Իսկ հիմա Մեսրոպ սրբազանը 2 կաթողիկոսների համաձայնությամբ մնալու է Անթիլիասի միաբան, բայց մինչեւ 2001 թ. ապրելու եւ գործելու է Հայաստանում։ Թե ինչ կլինի 3 տարի հետո, ցույց կտա ժամանակը։ Մեսրոպ արք. Աշճյանը միակ հոգեւորականը չէ, որի ճակատագիրն ու գործունեությունը կանխորոշվում է 2 Աթոռների հարաբերությամբ։ Սրբազանն ինքը չափազանց լավատես է, երբ կարծում է, թե ի վերջո կլուծվի Էջմիածին-Անթիլիաս կնճիռը, եւ կմիավորվեն Ամերիկայի բաժանված թեմերը։ «Բնության օրենքն է։ Կիլիկյան թեմը ստեղծվեց քաղաքական պատճառներով, կոմունիզմի պատճառով։ Ժողովուրդը բաժանվել էր, եռագույնի խնդիր կար։ Հիմա պատճառները վերացան, արդյունքն էլ պիտի վերանա»,- ասում է նա։

Սրբազանի պատասխանում գուցե եւ տրամաբանություն կա։ Մյուս կողմից էլ, այո, հին պատճառները վերացել են, բայց նրանց փոխարինելու են եկել նորերը։ Եվ կամ ինչո՞ւ հեռուն գնալ։ Դեռ 1970-ական թվերին ամերիկահայերը համոզված էին, թե իրենց թեմերը ուր որ է՝ միավորվելու են եւ նույնիսկ անհրաժեշտություն էլ չկա նոր առաջնորդ ընտրելու։ Միությունը չկայացավ։ 1982-ին, երբ թեմի նոր կանոնադրությունն էր մշակվում, դարձյալ նույն տրամադրությունն էր։ Բայց կրկին՝ անարդյունք։ Երբ Գարեգին կաթողիկոսը Անթիլիասից եկավ ու նստեց Էջմիածնի գահին, երկրի նախագահից մինչեւ շարքային հավատացյալը միայն մոտալուտ միությունից էին խոսում։ Դա էլ չեղավ։ Այսօր էլ ԱՄՆ մեկնած Արամ Վեհափառն է իր ելույթում ասում, թե «անբնական երեւույթ է աշխարհագրական մի շրջանում 2 թեմերի գոյությունը»։

Բառերը գեղեցիկ են հնչում։ Բայց հենց բանը հասնում է գործնական քայլերին, որտեղից-որտեղ ի հայտ են գալիս մեղմացուցիչ դեպքեր, հատուկ պարագաներ, փոխադարձ մեղադրանքներ։ Իսկ գուցե այդպես է լինում այն դեպքում, երբ եկեղեցին քաղաքականացվո՞ւմ է…

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31