Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռակա երկխոսություններ

Սեպտեմբեր 05,1998 00:00
harc

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մեր ընթերցողներն իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում ստանալ։ Այսուհետ, յուրաքանչյուր շաբաթ օրվա «Առավոտում» մենք կպատասխանենք ընթերցողներին հուզող եւ հետաքրքրող հարցերին։ Հարցերը կարելի է խմբագրություն ուղարկել գրավոր (Երեւան-375013, Արշակունյաց-2, 15-րդ հարկ) կամ հեռախոսով՝ 56-89-68։ Հարցերի պատասխանները կհրապարակենք թերթում։ Բանավոր պատասխաններ չեն տրվի։

Մենք գիտենք, որ հղիների բժշկական սպասարկումը պոլիկլինիկաներում անվճար է։ Աղջիկս հղի է։ Վերջերս պարզվեց, որ նա ամուսնուց վարակվել է տրիխոմոնոզ հիվանդությամբ։ Նրան բուժելու համար կանանց կոնսուլտացիայի բժիշկը պահանջել է վճարել 5000 դրամ (ներեցեք, որ չեմ նշում, թե որ պոլիկլինիկան է դա։ Մենք դեռ մինչեւ երեխայի ծնվելը պետք է այցելենք այդտեղ)։ Մի՞թե հղիների բուժումն անվճար չէ։ Ճի՞շտ են վարվում, երբ պահանջում են վճարել բուժման համար։

Ս. ՎԱՐԴԱՆՅԱՆ, Ք. Երեւան

Հարցին պատասխանում է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը.

– Եթե կինը հղիության ընթացքում վարակվել է սեռական ճանապարհով փոխանցվող որեւէ հիվանդությամբ, ապա նրա բուժումը կատարվում է անվճար։ Կանանց կոնսուլտացիայի բժիշկը ճիշտ չի վարվել, որ հղիից պահանջել է վճարել բուժման համար։ ՀՀ կառավարության 1998 թ. մարտի 13-ի թիվ 174 որոշման համաձայն, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից սիֆիլիսը, բարդացած գոնորեան եւ ՁԻԱՀ172ը (ՍՊԻԴ) բուժվում են անվճար, իսկ մնացած հիվանդությունների համար կինը (ոչ հղի) պետք է վճարի։

Ես սովետական անձնագիրս դեռ չեմ փոխել։ Մինչեւ ե՞րբ են ուժի մեջ հին անձնագրերը։

ՌՈՍՏՈՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ, Ք. Երեւան

ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարության անձնագրային եւ վիզաների վարչությունից հայտնեցին, որ հին անձնագրերը ուժի մեջ են մինչեւ 1998 թ. դեկտեմբերի 31-ը։

Ես ընկույզ շատ եմ սիրում։ Նկատել եմ, որ այն ուտելուց հետո վատ եմ զգում, ստամոքսս խանգարվում է։ Մի՞թե ընկույզը դժվարամարս է։

ԱԼԻՆԱ, Ք. Երեւան

– Ընկույզն, իհարկե, համեղ եւ չափազանց օգտակար է, սակայն, պարզվում է, այն չի կարելի չարաշահել եւ շատ ուտել։ Օրական կարելի է ուտել 51726 ընկույզ։ Մեծ քանակությամբ ուտելու դեպքում կարող են առաջանալ աղեստամոքսային տրակտի խանգարումներ, ալերգիա։ Ընկույզը շատ օգտակար է մեղրի հետ խառնած։

Ինչո՞ւ հատկապես հղիության շրջանում կնոջ ատամները սկսում են փչանալ։ Կարելի՞ է խուսափել դրանից։

ԱՐՓԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ Շ. Հովհաննիսյանը.

– Հղիության ընթացքում պտղի ոսկրային համակարգի զարգացման հետեւանքով մայրական օրգանիզմում բարձրանում է կալցիական աղերի պահանջը։ Օրգանիզմում գտնվող կալցիական աղերը «հավաքագրվում են» երեխայի կողմից, եւ եթե հղի կինը չի լրացնում կալցիի անհրաժեշտ քանակը, ապա այդ ժամանակ փչանում են ատամները։ Կալցիի քանակությունը կարելի է վերականգնել ճիշտ սնվելու եւ համապատասխան դեղորայքի (բժշկի խորհրդով) շնորհիվ։ Պետք է օգտագործել կաթնամթերք, ձու, ձուկ։ Հղի կինը, եթե փչացած ատամներ ունի, անպայման պետք է դիմի ատամնաբույժին, որովհետեւ փչացած ատամները վտանգ են ներկայացնում պտղի առողջության համար։

Այս ամռանը հայ աղջիկները դիմացկունության ռեկորդ խփեցին՝ 40-45 աստիճան շոգին փողոց դուրս գալով կապրոնե եւ էլաստիկ զուգագուլպաներով։ Շոգում էին, թե՝ ոչ, դա միայն իրենց է հայտնի, իսկ ինձ հետաքրքրում է՝ արդյոք ոտքերի համար վնասակար չէ՞ շոգ եղանակին գուլպաներ հագնելը։

ԱՍՏՂԻԿ ՍԱՆԱՄՅԱՆ, Ք. Երեւան

Հարցին պատասխանում է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր անոթային վիրաբույժ, պրոֆեսոր Գրիգոր Գրիգորյանը.

– Ես այն կարծիքին եմ, որ մոդային երբեք չի կարելի կուրորեն հետեւել։ Այդ դեպքում մեր հայ կանայք եւ աղջիկները առնվազն պետք է հաշվի առնեն, թե որտեղ են ապրում, ինչ կլիմայական պայմաններում։ Առողջության տեսակետից ամռան շոգ ամիսներին էլաստիկ, կապրոնե գուլպաներ հագնելը խիստ վտանգավոր է։ Հատկապես սեւ գուլպաները ավելի լավ են ընդունում արեւի ճառագայթները ու դրանով իսկ ավելի վտանգավոր դառնում։ Անոթների համար շատ տաքը հակացուցված է։ Շոգից անոթների գերտաքացում է կատարվում, որի հետեւանքով արյունը դառնում է ավելի խիտ, սկսում է դանդաղ շրջանառություն կատարել։ Արյան խտանալը կարող է պատճառ դառնալ արյան կանգի, անոթների խցանման։ Շոգին կապրոնե գուլպաները կարող են նաեւ պատճառ դառնալ անոթների լայնացման։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930