Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հայաստանում դեռեւս դեղին մամուլ չկա, բայց լավ կլիներ, եթե լիներ»

Սեպտեմբեր 15,1998 00:00
hrayr Tamrazyan

Սա է իրազեկ մարդու կարծիքը

Քաղաքական գործիչները ողջ մամուլին են մեղադրում, որ դեղնավուն է դարձել, իսկ մրցակցային տենդով տարված լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ միմյանց։ Էլ ուրիշ ինչպես պիտի որոշ թերթեր իրենց կուսակցություններին պարզաբանեն, թե ինչու են իրենց տպաքանակի եւ վերադարձի տոկոսները իրարից շատ քիչ տարբերվում՝ միայն այսօրինակ արդարացումներով, որ իրենք, իբր ծանրակշիռ ու լուրջ են, իսկ այդպիսի մամուլն այլեւս հարգի չէ։

Խնդիրը, սակայն այն է, որ երբ «դեղին մամուլ» արտահայտությունն օգտագործողներին հարցնում ես, թե դա ի՞նչ է նշանակում, առավել սեփական պատկերացումներն են շարադրում, որոնք շատ հեռու են այս բնորոշման իրական բովանդակությունից։ Նաեւ այս բացը լրացնելու համար էր, որ փորձեցինք փորձագիտական մեկնաբանություն ստանալ մի մարդուց, որն իր աշխատանքի բերումով եվրոպական, ռուսական եւ այլ՝ շուրջ 100 լրատվամիջոցների հատընտիրին է ամեն օր ծանոթանում։ Մեր զրուցակիցը «Ազատություն» ռ/կ հայկական ծառայության գլխավոր խմբագիր Հրայր Թամրազյանն է։

«Չեմ կարծում, թե Հայաստանում մամուլն իրոք դեղնել է։ Պարզապես շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել՝ սոսկ քաղաքականացված մամուլից անցում է կատարվել դեպի ավանդական բազմաժանր մամուլ։ Մենք ազատ մամուլ չենք ունեցել, ուստիեւ, այժմ, ըստ էության, փոխվում են մեր ավանդական պատկերացումներն այդ մասին։ Առայժմ միջազգային իրադարձությունների լուսաբանումներն են մակերեսի վրա մնում, նաեւ չեմ տեսնում լուրջ վերլուծություններ։ Գերազանցապես ինչ-որ լրատվամիջոցից վերաշարադրված հրապարակումներ են։ Ինչեւէ։

Դեղին մամուլը շատ լուրջ երեւույթ է այն իմաստով, որ բնութագրում է տվյալ երկրում մամուլի ազատության եւ անկախության աստիճանը։ Եթե երկրում իսկապես դեղին մամուլ է ձեւավորվել բառիս արեւմտյան իմաստով, ուրեմն այդտեղ մամուլն արդեն կայացել է։ Այսինքն, այն երկրներում, որտեղ ազատ հասարակարգ չէ, խոսքի ազատությունը եւ ժողովրդավարական այլ նորմերը չեն գործում, չկա լրագրողի պաշտպանություն՝ այնտեղ չի կարող դեղին մամուլ գոյություն ունենալ, այլապես այդ մամուլի ցանկացած ներկայացուցչի կարելի է ուղղակի բանտարկել։ Սա մամուլի շատ առանձնահատուկ տեսակ է։ Լրագրողից երբեւէ ստուգված փաստեր չեն պահանջում։ Եվ անհնար է, որ նրանց դատական պատասխանատվության ենթարկեն՝ խոսքի ազատություն է։ Ասենք, Դայանային հետապնդող պապարացիներին մեղադրում էին մոտոցիկլետներով հետապնդելու առնչությամբ, այսինքն՝ ֆիզիկական հանցակազմ գոյություն ուներ։ Բայց ոչ ոք չէր կարող դատական գործ հարուցել այն փաստի հիման վրա, որ նրանք Դայանային նկարահանել էին Դոդի Ալ Ֆայադի հետ գրկախառնված։

Դեղին մամուլի բուն նյութն ուղղակի հետաքրքրական տեղեկություններն են, որոնք թեեւ հիմնավորված չեն եւ այլն, բայց մարդկանց մի ստվար զանգված միայն դա է նախընտրում։ Այստեղ գլխավոր հերոսն անպայման հանրահայտ անձնավորություն պիտի լինի։ Ասենք, Քլինթոնի պատմությունը Մոնիկա Լուինսկու հետ նախ հենց դեղին մամուլում՝ «Ինտերնետի» «Բամբասանքի էջում» հրապարակվեց՝ այդ ժամանակ դեռ որեւէ փաստ չկար, միայն ենթադրություններ էին։ Հետո լուրջ մամուլը գնաց դեղինի հետքերով, քանզի, եթե չանդրադառնային՝ կարող էին պարզապես ընթերցող կորցնել։

Նույնիսկ «New York Times»-ում, «Washington Post»-ում եւ նման այլ հեղինակավոր թերթերում այժմ կարող եք հատուկ դեղին էջեր տեսնել։ Լայնորեն օգտագործվում են նաեւ դեղին մամուլի բոլոր հնարքները։ Եվ շատ անգամ դժվար է նույնիսկ սահմանազատել՝ սա դեղի՞ն, թե՞ լուրջ մամուլ է։ Սակայն դեղին մամուլը քաղաքականազերծ է։ Քաղաքական որեւէ պարբերություն կարող է սոսկ տվյալ նյութի խիստ անհրաժեշտ մի բաղադրատարրը լինել, ողջ շղթայի օղակներից մեկը։ Բայց քաղաքական որեւէ մոտեցում, երանգ բացակայում է։ Իհարկե, այսօրինակ մեղադրանքներ լինում են, թե տվյալ դեղին լրատվամիջոցը վարկաբեկում է այսինչ գործչին, քանզի դրա ետեւում գուցե նրա քաղաքական հակառակորդներն են կանգնած։ Բայց նման մեղադրանքներ բոլո՛ր լրատվամիջոցների նկատմամբ են հնչում եւ մեծ մասամբ անապացուցելի են։ Մամուլի մագնատները բավական զորեղ են անկախ լինելու համար։ Նրանք առավել կարեւորում են ընթերցողին, ունկնդրին, հեռուստադիտողին, որը նրանց գործարարության հիմնական սուբյեկտն է։

Դժբախտաբար, մեզ մոտ մամուլը բիզնես չի դարձել՝ դրանից շատ հեռու ենք։ Հայաստանում նաեւ շատ կողմնակալ կարծիք կա դեղին մամուլի վերաբերյալ։ Այստեղ դեղինը նույնացվում է վատ, անորակ, անճաշակ մամուլի հետ։ Իրականում դա այդպես չէ։ Դեղին մամուլով են «անցել» Միացյալ Նահանգների բազմաթիվ առաջատար լրագրողներ, որոնք սկսել են իբրեւ «հետաքննողներ» եւ անգամ պապարացիներ, որոնք կարող են օրերով մի «աստղի» հետեւել եւ, ի վերջո, մի հետաքրքրական պատմություն հրապարակել։ Ես կարծում եմ, որ Հայաստանում դեռեւս դեղին մամուլ չկա։ Եթե այդպիսի մամուլ հրատարակելու նախաձեռնություն լինի, սա շատ հետաքրքիր քննություն կդառնա՝ արդյո՞ք ազատ հասարակարգ ունենք, արդյո՞ք չեն հետապնդվի ու քաղաքակիրթ հանդուրժողականություն կլինի դեղին մամուլի ներկայացուցիչ լրագրողների նկատմամբ»։

Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Կարող ենք ուղղակի ափսոսանք հայտնել, որ նման հետաքրքիր մարդու հետ զրույցի առիթը ստիպված էինք վատնել լրագրային այբբենական ճշմարտություններ փոխանցելու վրա։ Բայց ինչեր ասես, որ չես անի՝ մեր հայրենական «անգետիկների» անտեղյակությունը մեղմելու համար։ Նույն նպատակով «Առավոտը» նախատեսում է հինգշաբթի «դեղին էջեր» հրապարակել, որ որոշակիորեն ցուցադրենք, թե ինչ է իրականում դեղին մամուլը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930