Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր քաղաքական ուժի, նոր լիդերների հանրային հարաճուն պահանջ կա․ «Հայացք Երևանից»

Ապրիլ 07,2024 11:15

Ժամանակակից քաղաքական տեսություններում կարեւոր տեղ է զբաղեցնում «agenda-setting» (օրակարգի ձեւավորման) տեսությունը։ Ամերիկացի հետազոտող Բեռնարդ Կոհենը այսպես է ձեւակերպել այդ տեսության իմաստը. «Մամուլին քիչ է հաջողվում մարդկանց թելադրել, թե ինչպես մտածել, սակայն մեծ հաջողությամբ կարողանում է նրանց փոխանցել, թե ինչի մասին մտածեն»։

Քաղաքականության մեջ կարեւոր է, թե ով է կարողանում մարդկանց ներարկել, թե «ինչի մասին նրանք մտածեն», այսինքն՝ թելադրել խոսույթ։ Իսկ ո՞վ է Հայաստանում կարողանում թելադրել «հանրային», այսինքն՝ իր օրակարգը։ Եթե կուսակցությունները հանրության կողմից, կարելի է ասել, լիովին վարկաբեկվել են եւ զգալի ազդեցություն չունեն, ապա ոչ ոք չի ժխտում, որ, այնուամենայնիվ, կան ազդեցիկ կենտրոններ, որոնք ունեն շահեր, ֆինանսներ եւ կենսական շահագրգռվածություն օրակարգ ձեւավորելու հարցում:

«Օրակարգի ձեւավորման» տեսության իմաստն այն է, որ նորությունը՝ այդ թվում քաղաքական, ոչ միայն իրականության արտացոլումն է, այլեւ սոցիալական նշանակություն ունեցող «խմբագրված» իրականությունը։ Իրականությունը խմբագրվում է այսպես կոչված gatekeeper-ի (պահապանների) կողմից, որոնք ԶԼՄ-ների տերերն են եւ նրանց «խմբագիրները», այսինքն՝մարդիկ, որոնք մշակում ու խմբագրում են նորությունները եւ սպառողներին ներկայացնում վերջնական արտադրանքը:

Ըստ այդ տեսության՝ ԶԼՄ-ները ոչ թե իրականությունն են արտացոլում, այլ ֆիլտրում ու ձեւավորում են իրականության իրենց ցանկալի պատկերը: Այս կամ այն խնդրի, միջադեպի, արտահայտված մտքի հանդեպ հանրային ուշադրության սեւեռումը ստիպում է հանրությանը դրանք դիտարկել որպես ամենաարդիականն ու կարեւորը։

Կարեւոր է համարվում այս կամ այն խնդիրը հանրության ուշադրության տեսադաշտում պահելու ժամանակի տեւողությունը։

Այն քաղաքական գործիչները, որոնք կարողանում են դառնալ newsmaker (բառացիորեն՝ նորություններ թխող), դառնում են քաղաքական կյանքի առանցքը: Նորություններ որոնող ԶԼՄ-ները, որպեսզի կարողանան պահպանել իրենց լսարանը, երբեմն իրենց կամքից անկախ սկսում են ենթարկվել նման քաղաքական գործիչների օրակարգին եւ հաճախ երկրորդական է դառնում այն հարցը, թե ինչպիսի իմիջ ունի այդ քաղաքական գործիչը՝ դրական, թե բացասական։

2018 թվականից հետո կարող ենք ասել, որ միակ newsmaker-ը եղել է գործող վարչապետը եւ անգամ այսօր՝ ունենալով խիստ բացասական վարկանիշ, նորությունների, քաղաքական բովանդակության եւ քննարկումների միակ թելադրողն է:

Նոր քաղաքական ուժի, նոր լիդերների հանրային հարաճուն պահանջ կա եւ հանրային քննարկումների խոսակցությունները հիմնական այդ սպասումով են ավարտվում: Իսկ ինչ է նշանակում «նոր քաղաքական»-ն ու «նոր լիդերներ»-ը: Դա նշանակում է նոր օրակարգ, նոր միտք, նոր մտածողություն, նոր հանրային խոսույթ, նորությունների նոր newsmaker-ներ:

Դանիել ՓԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930