Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՅԹԻ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐ

Հոկտեմբեր 10,1998 00:00
murackan

Քաղաքն ապրում է իր կյանքով, իր հոգսերով: Քաղաքի ամեն օրը տարբեր է նախորդներից: Քաղաքն ունի փողոցներ, որոնցում շրջում են մուրացիկներ: Վերջերս, կամ գուցե ինձ է այդպես թվացել, փողոցներում հայտնվել են շրջիկ, կամ տրանսպորտային մուրացկաններ: Օրեր առաջ ուշադրությունս գրավեց օպերային հարող փողոցի վրա մուրացկանություն անող մի աղջնակ: Կլիներ երեւի 12 տարեկան: Հագնված էր բավական կոկիկ, սիրունատես էր: Մի քանի օր անընդմեջ տեսնում էի նույն խաչմերուկում, նույն ժամերին: Թուղթը ձեռքին մոտենում էր կարմիր ազդանշանի տակ կանգնած մեքենաներին եւ գրությունը վարորդներին հրամցնում: Ի վերջո, որոշեցի լրջորեն հետաքրքրվել եւ գրեթե ամբողջ մի օր ուշադիր հետեւեցի խաչմերուկի կյանքին:

Առավոտ, խաղաղ խաչմերուկ, մեքենաներն անցնում են անարգել ու հանգիստ: Այդպես շարունակվում է մինչեւ ժամը 12-ը: Հայտնվում է մի կաղ պառավ, որ անմիջապես բուռն գործունեություն է ծավալում: Ուշադիր նայում է լուսաֆորին, եւ հենց կարմիր լույսը բռնկվում է, սկսում է մոտենալ մեքենաների բաց պատուհաններին: Նախընտրում է ֆիրմա ավտոները: Ոմանք տալիս են, ոմանք պարզապես հայհոյում են, ուրիշները նախընտրում են պատուհանը փակել: Պառավը չի նեղանում, չի նեղսրտում, տվածը վերցնում է հանգիստ, արժանապատիվ: Վիրավորողներին նույնպես օրհնում է: Մոտ մեկ ժամ կիզիչ արեւի տակ աշխատելուց հետո բարձրանում է մայթ մի քիչ շունչ քաշելու: Շունչ քաշելն արտահայտվում է կողքի սրճարանում մի գավաթ սուրճ ըմպելով ու մի հատ խաչապուրի ուտելով: Իր հաշվին, իհարկե: 10-15 րոպե ընդմիջումից հետո կրկին հայտնվում է ճանապարհի բանուկ մասում:

Իսկ մայթը արդեն զբաղեցրել է հիվանդոտ տեսքով մի կին, որը փող է ուզում անցորդներից: Նրանց շահերը չեն հատվում, երկուսով հանգիստ գոյատեւում են: Սակայն, գլխավոր «թիրախս» երեխան է, որն այսօր չգիտես ինչու շատ է ուշանում: Ուզում եմ զրուցել հատկապես նրա հետ: Ի վերջո, համբերությունս վարձատրվում է: Աղջիկը հայտնվում է անսպասելի, մոտենում է մայթի պաղպաղակավաճառին, մի պաղպաղակ վերցնում, հետը մի քիչ տնավարի զրուցում եւ թուղթը գրպանից հանելով անցնում գործի: Նախորդ օրերի պես կոկիկ հագնված է. սպիտակ վերնաշապիկ, սեւ ջինս, ոչ ամենաէժանագին կոշիկներ:

Աղջիկը տեղ է զբաղեցնում լուսաֆորի տակ, որտեղ կաղ պառավին են միացել մի պատանի եւ մի այլ պառավ: Չորսով շատ ավելի արագ են աշխատում, հասցնում են կանգնած գրեթե բոլոր մեքենաները «սպասարկել»: Կաղը քիչ անց նորից մայթ է բարձրանում: Նրան են մոտենում հայկական տարազով /սպարտիվկա/ մի տղամարդ եւ մի կին, որոնք ինչ-որ բաներ են բացատրում եւ պառավի գլխի դրական շարժումից հետո բավարարված հեռանում: Աղջիկն իր հերթին, մոտենում է պաղպաղակավաճառին, որն արդեն բաղկացած է երկու անձից, եւ նրանց մոտ թողնելով աշխատած գումարը վերադառնում «հաստոցի» մոտ: Տեւական ժամանակ հետեւելուց հետո մոտենում եմ աղջկան ու փորձում հետը զրույցի բռնվել:

-Տատիկիս կասեմ,- անմիջապես պատասխանում է նա: «Տատը» մոտենում է: -Չէ, թոռս չի, հեռու բարեկամ ա,- բացատրում է աղջկա ծագումը պառավը: Աղջիկն ակնհայտորեն շփոթվում է: Պառավը շարունակում է ինձ լուսավորել: «Էրեխեն այ էս օրին ա, ստեղ կանգնած փող ա ախշատում, որ գիրք առնի: Բա սա երկիր ա՞, որ էս մի մատ էրեխին քուչեքն ա գցել»,- ասում է նա ու շարունակում. «Ինձ ո՞վ կարա բան ասի, իմ տղին սաղ Էրեվանը ճանաչում ա, հոգեկան հիվանդ տղա յա, համ էլ ինվալիդ ա: Ինձ ոչ մեկ չի կարա մատով կպնի»:

Այնուամենայնիվ, ինձ հետաքրքրում է փոքրիկ աղջիկը եւ շարունակում եմ նրա ուշադրությանն արժանանալու փորձերս: Ու հանկարծ աղջիկը պայթում է: Ամենամեղմ արտահայտությունը, որ հնչում է հասցեիս ու կարելի է թերթում տպել հետեւյալն է. «Սիքտիրդ քաշի, այ տաքսու շոֆեր»: Ոչ ավել, ոչ պակաս: Մինչդեռ, ոչ մի վատ բան չէի արել, ընդամենը ուզում էի իմանալ, թե ի՞նչն է նրան ստիպել մուրացկանությամբ զբաղվել: Նույնիսկ առաջարկեցի մի դասագրքի փողը, բայց որքան էլ զարմանալի է, մուրացկանը փողից հրաժարվեց: Դրությունը սկսեց շիկանալ, մեջքիս անհյուրընկալ հայացքներ էի զգում: Առնվազն 6-7 հոգի ճանապարհի երկու կողմերից ուշադիր հետեւում էին դեպքերի զարգացմանը, եւ երբ ամեն ինչ կարող էր դրամատիկ ավարտի հանգել/ ինձ համար, իհարկե/ փրկության հասավ հեռախոսը: Հասկանալի լեզվով՝ «սոտըվին»: Ճանապարհի «տերերի» համար դա անակնկալ եւ ոչ մարդասիրական քայլ էր:

Խաչմերուկից հեռացա ունենալով միայն մեկ տվյալ. աղջիկը բնակվում է Խարբերդ ավանում: Իսկ իրենք մնացին: Ժամանակը նեղում էր, քիչ հետո Տաթեւիկ Հովհաննիսյանի համերգն էր սկսվելու, եւ ոստիկանների հետ առճակատումից խուսափելու համար պետք է ժամանակից շուտ թողնեին խաչմերուկը: Նրանցից մի քանի քայլ այն կողմ քաղաքն էր, իր հոգսերով, իր տարբերություններով: Քաղաքը պատրաստվում էր սեփական ծննդյան տոնին:

Ո. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031