Լրահոս
Օրվա լրահոսը

«Կտպվեք, բա՞»

Հոկտեմբեր 15,1998 00:00
HH tert

Զգուշացրեց ԱԺ նախագահի խորհրդական Վահագն Մկրտչյանը

Երեկ Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի՝ թիվ 726 հրամանով «Հայաստանի Հանրապետութիւն» թերթի գլխավոր խմբագիր Լիզա Ճաղարյանն ազատվեց իր պաշտոնից։ «Հայաստանի Հանրապետութիւն» թերթի հիմնադիր հանդիսացող Ազգային ժողովի գործունեությունը պարբերաբար խեղաթյուրված եւ աղճատված ներկայացնելու, նրա քաղաքական վարկը հետեւողականորեն գցելու, Ազգային ժողովի վերաբերյալ բացասական-հասարակական կարծիք ձեւավորելու, հետեւապես՝ թերթի կանոնադրական պահանջները խախտելու, ինչպես նաեւ թերթն անձնական նախասիրություններով ղեկավարելու համար, հաշվի առնելով խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի կարծիքը, բացասական վերաբերմունքը թերթի վերջին 8 ամիսների գործունեության առնչությամբ, Լիզա Ճաղարյանին ազատել «Հայաստանի Հանրապետութիւն» թերթի գլխավոր խմբագրի պարտականություններից սույն թվականի հոկտեմբերի 14-ից»։

Այս կապակցությամբ թերթի կոլեկտիվը ժողով էր հրավիրել, որի նպատակն էր որոշում կայացնել՝ Ազգային ժողովից՝ թերթի համահիմնադրից՝ ԱԺ-ից հրաժարվելու, ինչպես նաեւ Լիզա Ճաղարյանին գլխավոր խմբագրի պաշտոնում թողնելու մասին։ Կոլեկտիվի մեծամասնությունը կողմ էր որոշմանը (54 անդամներից՝ ներկա 33-ն էլ կողմ էին)։ Լ. Ճաղարյանն այս մասին միայն մի քանի խոսք ասաց (ու գնաց «թերթ անելու»). «Ես համամիտ չեմ այդ որոշման հետ, ես վստահ եմ, որ մենք տպել ենք շատ լավ թերթ։ Պետական թերթ լինելով, չնչին գումարով մենք այսօր մրցունակ ենք ազատ թերթերի շուկայում։ Իսկ Ազգային ժողովը, ես վստահ եմ եւ հիմա էլ հայտարարում եմ՝ ինքն է վարկաբեկում իրեն, իսկ մենք գրում ենք ճշմարտությունը։ Թող Ազգային ժողովն իր մակարդակի վրա գտնվի, մենք էլ Ազգային ժողովին ներկայացնենք պատշաճ մակարդակով։ Բայց Ազգային ժողովն այսօր անպատշաճ մակարդակի վրա է։ Եվ ես համաձայն չեմ, որ ինձ ազատեն, որովհետեւ ես համոզված եմ, որ ես լավ խմբագիր եմ»։

Հետո հնչեց այն միտքը, թե՝ այո, թերթը խեղաթյուրել է ԱԺ-ի գործունեությունը՝ չհրապարակելով նրա միջանցքում (եւ ոչ միայն) հնչող հայհոյանքները։ «Ազգային ժողովը մեզ հետ գործ է ունենում այն ժամանակ, երբ գլխավոր խմբագիր նշանակել-ազատելու հարց է լինում, միայն այդ դեպքում»,- ասում էին կոլեկտիվի անդամները։ Ժողովից հետո, ժամը հինգին, պիտի գային ԱԺ-ի ներկայացուցիչները՝ իրենց հետ բերելով նորընծա գլխավոր խմբագրին։ Իսկ մինչ այդ ազգային ռադիոն արդեն հայտարարել էր, որ «նորընծան» Աշոտ Աղաբաբյանն է՝ նախկին գլխավոր խմբագրի տեղակալը։ ԱԺ-ի ներկայացուցիչների ժամանումից ընդհանուր լարվածություն առաջացավ։ Վերջիններս մամուլի մյուս ներկայացուցիչների ներկայությանը դեմ էին։ Կոլեկտիվը համառեց։

«Արմենպրեսի» տնօրեն Մեսրոպ Հարությունյանը չհապաղեց. «Ինչ լավ է, որ «Արմենպրեսն» էլ Ազգային ժողովինը չի»։ Երկու կողմերն էլ ագրեսիվ տրամադրվածություն ունեին։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Բալայանը կարդաց երկու հրամանները (երկրորդը՝ Աշոտ Աղաբաբյանին հոկտեմբերի 14-ից գլխավոր խմբագիր նշանակելու մասին), հետո Վահագն Մկրտչյանի եւ մյուս կողմի հետ վերլուծեց կանոնադրությունը։ Մթնոլորտը շիկացավ։ Ավելի ուշ կողմերը բաժանվեցին… Բայց միայն կես ժամով։ Հետո նորից եկավ Տիգրան Բալայանը եւ փորձեց դուրս հրավիրել Լիզա Ճաղարյանին։ Տիգրան Բալայանը նաեւ վերցրեց ու պատին խփեց «ՀՀ»-ի լրագրող Կարմեն Դավթյանի ձայնագրիչը։ Ձայներիզը կոտրվեց։ Դուրս գալիս Վահագն Մկրտչյանը կոլեկտիվի խժդժոցին ավելացրեց իր «Կտպվեք, բա՞»-ն։

Ժամը 19-ի դրությամբ Լիզա Ճաղարյանն ու նրա համախոհները փակվել էին իրենց հարկում։ Պիտի դիմեին ՀՀ նախագահին, մարդու իրավունքների պաշտպան Պարույր Հայրիկյանին, վարչապետին։ Գոնե այսօրվա թերթն ուզում էին տպել նախկին խմբագրի անունով։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ.Գ. Վահագն Մկրտչյանը նաեւ խորհուրդ տվեց կոլեկտիվին բողոքի ակտ կազմակերպել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031