Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽԻ ԴՈՒ Ո՞Վ ԴԱՌԱՐ»

Դեկտեմբեր 12,1998 00:00
dat

Սրտանց ուրախություն ապրեցինք՝ լսելով դատաիրավական բարեփոխումների մասին։ Սակայն երբ կատարվեց առաջին քայլը՝ Վճռաբեկ դատարան, անձնապես զգացի, որ ամեն ինչ փոխվում է, որպեսզի ոչինչ չփոխվի՝ կամ բարեփոխումների անունը կա՝ ամանում չկա…

Վեց րոպեում լուծվելիք իմ քաղհայցը լուծում չի ստանում վեց տարում, քանի որ իմ պատասխանող կողմը օգտագործելով իր պաշտոնական դիրքը, շրջապատը եւ, ինչ խոսք, լիքը գրպանը, իմ ձայնը խեղդել է տալիս ամենուրեք։ Իմ օրինական քաղհայցը ընդդեմ «Գարուն» կարի արտադրական միավորման կոոպերատիվ հիմունքներով երկու սենյականոց բնակարանի համար 1992 թ. դեկտեմբերի 17-ին պայմանագրով մուծված 300.000 ռուբլու համարժեքի պահանջի մասին՝ մինչեւ օրս լուծում չի ստանում, քանի որ կայացնում են «ստեղծագործական» վճիռներ՝ շրջանցելով գործող օրենքը։ Դիմեցի դատական պաշտպանության. 1993 թ. դեկտեմբերի 27-ին Սպանդարյան շրջանի ժողդատարանը (ժողդատավոր՝ Ռ. Բալաբանյան) բավարարեց իմ հայցը, որից շատ վիրավորվեց պատասխանողը, որ չի հաշվի առնվել իր դիրքի առավելությունը եւ զայրացած ինձ ասաց. «Խի՛, դու ո՞վ դառար…», բեկանել տվեց առաջին վճիռը։ 1994 թ. հունիսի 3-ին երկրորդ անգամ գործը լսեց ժողդատավոր Ա. Հովհաննիսյանը, այս անգամ էլ ի՛նքը ինձ ասաց. «Խի՛, դու ո՞վ դառար…»։

7.07.94 թ. Գերագույն դատարանի քաղգործերով՝ դատական գործերով կոլեգիան ոչ թե չնկատեց, այլ չուզեց նկատել օրինազանցությունը, բայց որպեսզի լռեմ՝ Ա. Հովհաննիսյանի վճռի չնչին գումարը կրկնապատկեց, չգիտեմ՝ ո՞ր հոդվածով։ Մինչեւ 1997 թ. իմ բոլոր դիմում-բողոքները հանրապետության փոքրից մինչեւ մեծ ատյանների (հայցել եմ օբյեկտիվ հսկողություն)՝ կա՛մ չեն հասել վերադասին եւ գլխավոր դատախազին, կա՛մ էլ (ինչպես ինձ՝ մեկ տասնյակից ավելի) վերադասին ուղարկել են անհիմն մերժման պատասխաններ, քանի որ այս անգամ էլ ինձ ասացին Լ. Ավետիսյանը եւ Ս. Հունանյանը. «Խի՛, դու ո՞վ դառար…»։

1997 թ. հրաշքով իմ դիմումը հասավ ՀՀ գլխավոր դատախազ պրն Հ. Խաչատրյանին, որի միջնորդությամբ բողոք բերվեց իմ գործին եւ գործը նորից ուղարկվեց Սպանդարյանի շրջանի ժողդատարան՝ լսվելու։ Ուրախացած, որ կհաղթի արդարությունը, գնացի իմանալու նիստի օրը, այնտեղ էլ շշուկով ինձ ասացին, թե շատ մի ուրախացի, ճիշտ է՝ գործիդ բողոք է բերվել, սակայն հետն էլ «հանձնարարել» են, որ քո օգտին չվճռեն։ Ստիպված բացարկ հայտնեցի Սպանդարյանի շրջանի դեմ, գործը ուղարկվեց Մյասնիկյանի շրջան։ Այստեղ էլ իմ հակառակորդների շարքերը լրացրեց դատախազ Ա. Գրիգորյանը, ինձ խաբեց, թե իրեն նշանակել են օբյեկտիվությունը պաշտպանելու, հետո պարզվեց՝ նա էլ պետք է «հանձնարարություն» կատարի։

Ստիպված բացարկ հայտնեցի նաեւ Մյասնիկյանի շրջանի դեմ, գործը ուղարկվեց Արաբկիրի շրջան։ Այստեղ էլ զգացվում էր «հովանավոր» վերադասի միջամտությունը։ Նորից օրենքը շրջանցեցին։ Մեծ հույսերով դիմեցի Վճռաբեկ դատարան, որի «արհեստավարժ» դատավորներ Օ. Հովհաննիսյանը, Հ. Գեւորգյանը եւ Ս. Սարգսյանը, թե ուրիշին՝ մեկ, ինձ լսեցին երկու փուլով՝ 2.10.98 թ. եւ 9.10.98 թ., պատճառաբանելով՝ պատասխանող կողմը չի ներկայացել (գուցե վստա՞հ էր իր հովանավորներին)։ Պատասխանողը չեկավ նաեւ երկրորդ նիստին, իսկ իմ խոսելու կեսից դահլիճ մտան դատախազներ Ս. Հունանյանը եւ Ա. Բաբայանը։ Ես չգիտեի, որ դատախազ Ա. Բաբայանը իմ գործով դատախազ է, քանի որ կազմը չէր հայտարարվել։ Երբ նախագահող Օ. Հովհաննիսյանը դիմեց Ա. Բաբայանին, հարցնելով՝ «Ձե՞ր կարծիքը», Ա. Բաբայանը տեղից բարձրացավ, շուտասելուկի պես անգիր ասաց. «Ժողդատարանի վճիռը թողնել ուժի մեջ»։ Վճռաբեկ դատարանը նույնպես քաջ տեղյակ լինելով մինչ իրեն հասած «ստեղծագործած» վճիռների անօրինականությանը, կրկնեց նրանց, դեռ մի բան էլ պակասեցրեց գումարը, երեւի բողոքս սանձելու. «Խի՛, դու ո՞վ դառար…», այդ էին վկայում իմ վրա խոժոռված Օ. Հովհաննիսյանի զայրացած աչքերը։

Ստիպված գրեցի հսկողական գանգատ, որը էլի մակագրվել էր Ա. Բաբայանին։ Մինչ գանգատիս պատասխանի 38-րդ օրը պարբերաբար զանգում էի ընթացքի մասին տեղեկանալու (քանի որ խնդրել էի իմ մասնակցությունը նաեւ նոր փաստերի հետազոտման ժամանակ), Բաբայանը ինձ միշտ պատասխանում էր, որ դեռ գործին չի ծանոթացել, ոչինչ չգիտի, իսկ ես նրան ասացի. «երբ այսօրվա վիճակով գործին ծանոթ չեք, ապա ի՞նչ հիմքերով ժողդատարանի վճիռը առաջարկեցիք թողնել անփոփոխ», նա ինձ կոպիտ պատասխանեց, թե դա իր գործն է, եւ խոսքս կիսատ թողնելով՝ կախեց լսափողը։ Հսկողականի պատասխանը ես ստացա 47-րդ օրը՝ մերժված։ Երբ ես հարցրի դիմումիս այս կամ այն փաստը չե՞ք հետազոտել, նա նույնիսկ անտեղյակ էր այդ փաստերից։ Պատասխանի տակ դրվել էր Լ. Ավետիսյանի ստորագրությունը, որը ես նկատելով՝ դժգոհեցի, սակայն Բաբայանը միամիտ ասաց. «Այդ էլ իմ բաժնի վարիչի լավությո՞ւնը, որ քեզ 1435 դոլար են տալիս»։

Եզրակացությունը մեկն է՝ Լ. Ավետիսյանը գործին կրնկակոխ հետեւելով, դատավոր Վարդանյանին ինքն է խորհուրդ տվել հաշվառման կարգը եւ, ի՞նչ խոսք՝ գումարի չափը։ Խնդրեցի ընդունելություն ՀՀ գլխավոր դատախազի մոտ, չնայած համոզված էի, որ չեն թողնի, եւ չթողեցին։ Ստիպված դիմեցի Ազգային ժողով՝ պրն Բաղդասարյանին, միջամտելու ընդունելությանը՝ գրավոր միջնորդությամբ, որն ուղարկվեց 26.11.98 թ. եւ մինչեւ 2.12.98 թ. «ասում էին»՝ չենք ստացել, իսկ երբ պարզեցի՝ ստացել են, հիմա էլ պրն Չիթչյանը, ինչպես միշտ ասում է՝ դեռ կմտածենք…

Հետեւությունը մեկն է, բացի այն, որ տարիներ շարունակ երկարաձգվող գործերով ոտնահարվում են քաղաքացիների իրավունքները, այլեւ ստվեր են գցում պետության վարքին։

ԼՈՒՍՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031