Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՔԱՋ «ՀԱՅՐԵՆԻՔ» «ԱրմենՏելի» դեմ…

Հունվար 12,1999 00:00
Sos Gimishyan

«ԱրմենՏելի» դեմ…

Պարզվում է, որ ընթացիկ տարվա առաջին քաղաքական դրսեւորումը նախապատրաստվել է դեռեւս նախորդ խորհրդարանական նստաշրջանի ընթացքում, երբ «Հայրենիք» պատգամավորական խմբի նախաձեռնությամբ Ազգային ժողովում ծայր է առել ստորագրահավաքի գործընթաց. «երկու հարցով՝ նախեւառաջ արտահերթ նստաշրջան անցկացնելու համար։ Խնդիր է առաջացել հեռախոսի սակագների հետ կապված եւ երկրորդ՝ պատգամավորների շուրջ մեկ երրորդը դիմել է Սահմանադրական դատարան հարցադրումով՝ որքանով է «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքը համապատասխանում Սահմանադրությանը»։

Մեր զրուցակից Սոս Գիմիշյանի մատուցմամբ, որը «Հայրենիք» խմբի անդամ է, ստորագրահավաքը նախաձեռնածները համոզված են՝ «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքը հակասում է Սահմանադրության 8-րդ հոդվածին, ուր գրված է՝ պետությունը պետք է ամեն ինչ անի, որ մոնոպոլ կառույցներ չլինեն, մոնոպոլ տնտեսություն չլինի՝ այլ ընդհակառակը՝ բոլոր միջոցները պիտի գործադրվեն հանրապետությունում ազատ շուկայական հարաբերություններն ամրապնդելու համար»։

Ստորագրահավաքի այս նախաձեռնությանը միացել են ԱԺՄ, «21-րդ դար», ՌԱԼԴԿ կուսակցությունները, «Հանրապետություն» միավորման խորհրդարանական խումբը, ինչպես նաեւ պառլամենտական այլ միավորներ, այդ թվում՝ անկախ պատգամավորներ։ Ստորագրողների թվում է նաեւ 12 երկրապահ։ Հավաքված 68 ստորագրությունը դեկտեմբերի 30-ին հանձնվել է ԱԺ նախագահին, իսկ հունվարի 4-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին է փոխանցվել փաստաթուղթ՝ 72 պատգամավորի ստորագրությամբ։ Ըստ ԱԺ կանոնակարգի, խորհրդարանի նախագահի՝ արտահերթ նիստը նախաձեռնողների հետ 2 օրվա ընթացքում պարտադիր տեղի ունենալիք հանդիպումը կայացել է դեկտեմբերի 31-ին։ Հիշեցնենք, որ ստորագրություններն ամփոփող փաստաթուղթը Խոսրով Հարությունյանին է հանձնվել դեկտեմբերի 30-ին՝ հունվարի 14-ին արտահերթ նստաշրջան գումարելու համար։

ԱԺ նախագահի հետ տեղի ունեցած հանդիպումից Սոս Գիմիշյանի տպավորությունն այսպիսին է. «բարձրացված հարցը բոլորի համար էլ ընկալելի է եւ կարծես որեւէ պրոբլեմ չկա, որ արտահերթ նստաշրջան հրավիրվի»։

Իսկ հունվարի 4-ին Սահմանադրական դատարանի նախագահի հետ հանդիպումից, որին մասնակցել է «Հայրենիք» պատգամավորական խմբի մեկ այլ անդամ եւս՝ Հովհաննես Թոքմաջյանը, ընդհանուր պատկեր է ձեւավորվել, թե «խնդիրը, որն արծարծում ենք մենք, ակտուալ է, հիմնավոր է։ Ուզում ենք չկասկածել, որ Սահմանադրական դատարանն անդրադառնալու է այդ հարցին»։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Սահմանադրական դատարանը խնդրո առարկան քննության նյութ կդարձնի հունվարի 22-23-ին, որից, Սոս Գիմիշյանը, ինչպես ինքն ասաց, դրական լուծման ակնկալիք ունի։

Նախաձեռնողներն իրենց սպասումների մեջ թե հայրենասիրական, եւ թե պրակտիկ տարրեր են ներդնում։ Միանգամայն անընդունելի է այն մոտեցումը, որ ներքին պետական խնդիրը լուծվի դրսի ուժերի հետ բանակցությունների արդյունքում։ Իսկ այդ դերում այսօր «ԱրմենՏելն» է, Հունաստանի կառավարությունը։ Հարցի լուծումը Սոս Գիմիշյանը տեսնում է մեր խորհրդարանի շրջանակներում՝ գործադիր իշխանության հետ համատեղ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, վերջինս նման համագործակցության չգնա, ապա քաղաքական ուժերը համախմբվածությամբ պետք է միասնաբար լուծում տան հարցին։

– Բայց պարոն Գիմիշյան, Դուք գուցե թե մոռացության եք մատնում մի շատ կարեւոր հանգամանք։ «ԱրմենՏելի» գործարքն առնչվում է Ռոբերտ Քոչարյանի վարչապետության շրջանին, իսկ նա զլացավ նույնքան ստորագրությունների հիմքի վրա արտահերթ նիստ գումարել կոնյակի գործարանի հարցով։

– Կուզենայի այդ տարբերակը բացառել։ Համոզված եմ, որ հանրապետության նախագահը սխալ արեց, հակասահմանադրական քայլի դիմեց՝ այդ նստաշրջանը չհրավիրելով։ Բայց համոզված եմ, որ նախագահն այդ քայլին այս անգամ չի դիմի։

Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ արտահերթ նստաշրջանն, այնուամենայնիվ, կհրավիրվի մինչեւ փետրվարի 1-ը, երբ պետք է սկսի հերթական նստաշրջանը։

Լավ, պատկերացնենք, թե Սահմանադրական դատարանը դրական եզրահանգման եկավ ու ձեր հայցը բավարարեց, այդ դեպքում ինչ է տեղի ունենալու։

Այդ դեպքում. «դա կնշանակի, որ պետական կառույցներից դուրս մոնոպոլ գործունեություն ծավալել չի թույլատրվում»։ Չեղյալ կհայտարարվի հեռահաղորդակցության օրենքի 24-րդ հոդվածը, որով 15 տարի, ըստ Սոս Գիմիշյանի, ՀՀ կառավարությունը պարտավորվում է ամեն ինչով նպաստել «ԱրմենՏելի» մոնոպոլ վիճակի պահպանմանը։ Իսկ դա էլ իր հերթին կնշանակի, որ արդեն Սահմանադրական դատարանի սահմանած նախադեպով են բացառվելու մենաշնորհային տնտեսական կառույցներն ու հարաբերությունները Հայաստանում։ Այդ ամենի կողքին էլ «արտահերթ նստաշրջանով նախատեսում ենք օրենքից հանել այդ 24-րդ հոդվածը։ Կգրենք նոր հոդված, որով կսահմանվի հեռախոսասակագների առավելագույն չափն այն ոլորտներում, որոնցում մոնոպոլ կառույցներ են գործում։ Մենք փաստացի կփրկենք բնակչությանը»։

Իսկ եթե ինչպես մյուս, այնպես էլ կապի բնագավառում այլ ֆիրմաներ ներկայանան Հայաստան. «այդ մրցակցության մեջ, ինչպես Վրաստանում, Ռուսաստանում եւ այլուր, գները կիջնեն եւ ոչ թե հակառակը»։

Մեկ հարց էլ՝ ամենավերջինը։ Սահմանադրական դատարանը խնդրո առարկային պետք է անդրադառնա հունվարի 22-23-ին, իսկ ԱԺ նիստն ավելի վաղ է նախատեսվում. հունվարի 14-ին։

Սոս Գիմիշյանը պարզաբանեց, որ ՍԴ-ն մի քանի գործ ունի մոտ օրերս, որից հետո Գագիկ Հարությունյանը գործուղման է մեկնելու Մոսկվա։ Այնպես որ, հունվարի 22-23-ից ավելի հարմար ժամանակ գոյություն չունի, դա էր ամենահարմար պահը. «Նախեւառաջ ՍԴ-ն իրեն ռեաբիլիտացիայի կենթարկի, եթե դրական, նորմալ քննարկվի հարցը եւ հստակ արձանագրի Սահմանադրության հետ օրենքի ունեցած հակասությունը»։

Եվ դրա կողքին էլ ԱԺ-ն ավելի վստահ որոշում կկայացնի, իրեն մասնակից զգալով պետության կարեւոր գործերում։ «Ցավոք, տպավորություն եմ ստանում, որ Հունաստանի կառավարությունը, իշխանություններն ավելի ուշադիր են, որ ՀՀ ԱԺ-ում նման գործընթացներ կան, ավելի շուտ են արձագանքում առկա դժգոհություններին, քան մեր իշխանությունները»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031