Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ սկսել եմ զբաղվել քաղաքականությամբ, բիզնեսով չեմ

Մարտ 03,1999 00:00 Share

«Ինչ սկսել եմ զբաղվել քաղաքականությամբ, բիզնեսով չեմ զբաղվում» ԱՊՀ գործադիր քարտուղար Բորիս Բերեզովսկին կրկին Հայաստանում է։ Անցյալ անգամվա այցից եւ հակա-ՍՊԻԴ-ի մասին հայտարարությունից հետո լուրեր պտտվեցին, թե պարոն Բերեզովսկի հատուկ եկել էր հակա-ՍՊԻԴ-ը գնելու, նույնիսկ առաջարկվող գումարն էր նշվում։ Մինչ լրագրողները բաց դռների մեջ սպասում էին փակ դռների հետեւում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԱՊՀ գործադիր քարտուղար Բորիս Բերեզովսկու հանդիպման ավարտին, հասկանալի է, որ ՍՊԻԴ-ի թեման մի թեթեւ շոշափվեց։ Իսկ երբ պարոն Բերեզովսկին հասու դարձավ լրատվական միջոցներին, բոլորս առաջին բերանից մի տեղեկություն լսեցինք, որն, անկեղծ ասած, մեր սպասելիքները չարդարացրեց։ Պարզվեց, որ արդեն աշխարհում, էլ չեմ խոսում Հայաստանի եւ նրա վաղուցվա ծանոթ-բարեկամ երկրների մասին, այնքան աղմուկ հանած, բերնեբերան անցնող լուրը, որ հայերն իբրեւ թե ստեղծել են դարի հիվանդության դարմանը, հարգարժան Բորիս Բերեզովսկին միայն երեկ (մարտի 1-ին) է իմացել։ Եվ իմացել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանից. «Ինչ ռեալ սկսել եմ զբաղվել քաղաքականությամբ, բիզնեսով չեմ զբաղվում։ Երեկ հանդիպել եմ Հայաստանի դեսպանի հետ Ռուսաստանում եւ միայն նրանից իմացա, որ Հայաստանում այդպիսի հայտնագործություն է արվել։ Բայց եթե ամեն ինչ այդպես է…, ուրեմն շատ հետաքրքիր է նաեւ բիզնեսի համար»։ Այսպես ասաց գործադիր քարտուղարը։ Իսկ Հայաստան նա եկել է ոչ թե ինչ-որ ՍՊԻԴ-ի դեղի համար, այլ «փոխադարձաբար տեղեկատվություն փոխանակելու եւ ազատ առեւտրային տարածքի ստեղծման հարցերով»։ Ինչպես հայտնի է, Վրաստանին եւ Ուզբեկստանին ԱՊՀ միջպետական պայմանագիրը նախնական տեսքով չի բավարարում, քանի որ չի տալիս այն արդյունքը, որն այս պետություններն ակնկալում էին։ Վրաստանը հարցը կտրուկ է դրել եւ միայն կոնկրետ փոփոխություններից հետո կորոշի իր մասնակցությունը պայմանագրին։ Բորիս Բերեզովսկու կարծիքով կա այն հնարավոր պոտենցիալը, որ Վրաստանն ու Ուզբեկստանն իրենց բավարարված զգան այս պայմանագրով։ Հայաստան գալուց առաջ Բերեզովսկին հանդիպել է Վրաստանի նախագահին, եւ ԱՊՀ գործադիր քարտուղարը չի տեսնում որեւէ նախանշան, թե Վրաստանը պատրաստվում է դուրս գալ պայմանագրից։ Իսկ «ԽՍՀՄ-ի մոդելը հնարավոր չէ ստեղծել, դա պետք է մոռանալ, սակայն եվրոպական միության պես մի բան ստեղծելը» գործադիր քարտուղարի կարծիքով լրիվ հնարավոր է։ Հետեւանքները հասկանալի են՝ ընդհանուր տնտեսական տարածք, մաքսային համաձայնագիր, ազատ առեւտրային տարածք եւ ասենք՝ միացյալ վալյուտա։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել