Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակության մոդելը

Մարտ 03,1999 00:00
arevtur

Մի քանի տարի է, ինչ հնարավորություն ունեմ հետեւելու «Քոչարի շուկայի» կյանքին, որը «Նահապետի» հեղինակի հետ ոչ մի կապ չունի։ Նախօրոք ասեմ, որ միշտ էլ բացասական եմ վերաբերվել առեւտրականներին։ Սակայն վերջերս փոխեցի իմ վերաբերմունքը՝ եթե ոչ դրականի, ապա գոնե չեզոքի։

Այսօր ես կարող եմ պնդել, որ շուկան մեր պետության մոդելն է եւ որ այն ոչ միայն արագ արձագանքում է երկրում կատարվող իրադարձություններին, այլ նաեւ կրկնում է դրանք մանրակերտի ճշտությամբ։ Համոզված եմ, որ նույն «օրենքները» գործում են նաեւ երեւանյան մյուս շուկաներում։ Փորձենք պարզել, թե ինչպիսին է մեր հասարակությունը, ելնելով շուկա-մանրակերտի ուսումնասիրություններից։

Շուկայում գոյություն ունեն պետության կառուցվածքը կրկնող գրեթե բոլոր օղակները՝ օրենսդիր (շուկայի տերերը), գործադիր (հսկիչները) եւ պայմանականորեն՝ անվտանգության պահակները եւ հսկիչները եւ այլն։

Առեւտրով զբաղվում են ամենատարբեր տարիքային եւ մասնագիտական խմբերի պատկանող մարդիկ։ Առեւտուր անողների նախկին մասնագիտություններն ամենատարբերն են, կրթական ցենզը՝ բավական բարձր ու խայտաբղետ։ Կան մարդիկ, որոնք աշխատանքային գործունեությունը սկսել են առեւտրով, կան նաեւ նախկին բժիշկներ, ուսուցիչներ, ճարտարապետներ։

Շուկայում մի քանի տարվա ընթացքում ձեւավորվել են ոչ միայն բարեկամական, այլեւ ազգակցական հարաբերություններ. ստեղծվել է բավական ամուր մի ընտանիք։ Վաճառողները մեծ ուշադրություն են դարձնում կարգ ու կանոնին, հետեւում, որ շուկայի տարածքում գողություններ եւ «հաշիվ մաքրողներ» չլինեն, քանի որ «քրեական մթնոլորտը» կարող է վատ համբավ ստեղծել, ինչը անմիջապես կանդրադառնա եկամուտների վրա։ Մի քանի անգամ ականատես եմ եղել, երբ վիճողներին դուրս են շպրտել շուկայի տարածքից, առաջարկելով իրենց հարաբերությունները պարզել մեկ այլ տեղում, եւ հավանաբար դա է պատճառը, որ մի քանի տարվա ընթացքում ոչ մի լուրջ միջադեպ տեղի չի ունեցել։

Ամեն օր աշխատանքը սկսվում եւ վերջանում է բեռնակրությամբ։ Երբ տեսնում ես այդ զանազան ծավալների եւ քաշի արկղերը եւ պարկերը, որոնք ամեն օր անհրաժեշտ է քարշ տալ շուկա, տեղավորել սեղանների վրա, ապա երեկոյան նորից հավաքել եւ տանել «պահեստներ», հասկանում ես, որ առեւտուրը ամեն մեկի գործը չէ, եւ որ այն շատ ուժ եւ ամուր նյարդեր է պահանջում։ Որպես «պահեստներ» օգտագործվում են շրջապատի բնակիչների տներն ու այդ նպատակին հարմարեցրած ավտոտնակները, ապրուստի միջոց տալով նրանց, միաժամանակ ապահովելով տեղաբնակների եւ առեւտրականների բարիդրացիական հարաբերությունները։ Ասել, որ պահեստատերերի վիճակը շատ լավ է՝ չի կարելի։ Շատ դժվար է, երբ ամեն օր, առավոտից մինչեւ ուշ երեկո տունդ տասնյակ մարդիկ են ներս ու դուրս անում, պարկեր ու արկղեր քարշ տալիս, իսկ դու պատասխանատու ես դրանց ապահովության համար։

Համենայնդեպս, մինչ օրս ոչ մեկը չի հարստացել շուկայական առեւտրով. այն ընդամենը՝ ծանր աշխատանքի դիմաց միջին մակարդակի կյանք է ապահովում, քանի որ առեւտրի «ռիսկի աստիճանը» բավական բարձր է եւ կախված է զանազան հանգամանքներից՝ սկսած եղանակից, վերջացրած մաքսային տուրքերով։ Ես չեմ գովերգում շուկայական առեւտուրը, համոզված եմ, որ շատերը, ովքեր այսօր զբաղվում են այս ծանր գործով, մեծ ուրախությամբ, հնարավորության դեպքում հաճույքով կվերադառնան իրենց նախկին մասնագիտություններին, քանի որ դրանք շատ ավելի հանգիստ եւ ապահով էին։ Մարդիկ պարզապես ստիպված են գնում այս աշխատանքին։

Ժամանակ առ ժամանակ խոսվում է այն մասին, որ անհրաժեշտ է անցնել ավելի «քաղաքակիրթ» առեւտրի ձեւերի։ Սակայն նախքան շուկաները փակելը, տեղափոխելը, ձեւափոխելը, արժե մտածել այն մասին, թե քանի ընտանիք կզրկվի հանապազօրյա հացից։ Շուկաների վերափոխումը կբերի նրան, ինչին ականատես եղանք ժամանակին Երեւանում ամենաէժան՝ «Այրարատ» կինոթատրոնի կողքի շուկայում։ Այստեղ վերջերս բավական գեղեցիկ տաղավարներ տեղադրվեցին, իսկ գները դրանից բավական բարձրացան։ Եթե ցանկանում ենք քաղաքակիրթ առեւտուր ունենալ, առաջին հերթին պետք է քաղաքակիրթ պետություն դառնանք։ Կամ հակառակը։

Մ. ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031