Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մարտ 03,1999 00:00
dasagrqer

Մրցույթներ անցկացնելու խասիաթ մենք չունեինք։ Էդ արտասահմանցիները մեզ սովորեցրին, ավելի ճիշտ՝ պարտադրեցին, քանի որ միամիտ-միամիտ կարծում են, որ մրցույթով է որոշվում լավագույնը։ Ու մենք էլ «համաձայնվեցինք», քանի որ փողն իրենք էին տալիս։

Բայց էդ միամիտ արտասահմանցիները չգիտեին, որ Հայաստանը փոքր երկիր է, հայերս էլ մի բուռ ազգ ենք ու էս փոքր երկրում մեկս մյուսին կամ ծանոթ ենք կամ՝ ընկեր ու բարեկամ։ Դրա համար մեր մրցույթը մրցույթ չի, ինչպես եւ մեր քննությունները (դպրոցի, բուհի, որակավորման) քննություններ չեն՝ ինչքան էլ որ օբյեկտիվություն ապահովող մեխանիզմներ մտածեն արտասահմանցիները կամ արդարացի մրցույթ անցկացնել ցանկացող եզակի հայ պաշտոնյաները։ Այստեղ մի գործոն էլ կա. մրցույթի արդյունքներից սովորաբար գոհ են լինում միայն հաղթողները։ Մնացածների համար ցանկացած մրցույթ ամենաանարդարն ու կողմնակալն է, քանի դեռ չի «ըմբռնել», որ նրանք են արժանավորն ու անմրցելին։ Հատկապես դժվար է հակաճառելը, երբ բանավեճը խիստ բովանդակային է, ասենք՝ դասագրքերի մրցույթի դեպքում։

Որքան մասնագետ կա, այնքան էլ՝ կարծիք, ու հաճախ որոշում կայացնող հանձնաժողովի անդամ մասնագետների կարծիքը չի համընկնում հանձնաժողովում չընդգրկված, բայց ոչ պակաս հմուտ մյուս մասնագետների կարծիքի հետ։ Այնպես որ, հեշտ է կանխատեսելը, որ Համաշխարհային բանկի վարկով ստեղծվող դասագրքերի մրցույթին անդրադառնալու դեռ շա՜տ առիթներ կլինեն։ Եվ ասելիք էլ շատ կա՝ սկսած մրցույթի ընդհանուր համակարգի անկատարություններից, մինչեւ առանձին դասագրքին առնչվող տարակարծությունները։ Դրանց հետագա հրապարակումներով անդրադառնալու մտադրություն ունենալով՝ ներկայացնենք մրցույթի ընդհանուր արդյունքները, առայժմ՝ առանց վերլուծությունների։

Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 հրատարակչություն, որից 9-ը՝ արտասահմանյան։ Վերջիններիս մասնակցության, առավել եւս՝ հաղթելու առնչությամբ տեսակետները միանշանակ չեն։ Պատվերի կարոտ մեր հրատարակչությունների, նրանց թիկունքում կանգնած ուժերի (հատկապես ԱԺ որոշ պատգամավորներ) եւ մեր սերունդների ուսերին ծանրացած վարկը արտասահմանցիներին «բախշելու» փաստից մտահոգվողների կարծիքով, արտասահմանյան հրատարակչությունների մասնակցությունը մրցույթում՝ ամենաքիչը հայրենիքի հանդեպ դավաճանություն է։ Վերջիններիս ստեղծած որակյալ դասագրքերով հիացած մասնագետների կարծիքով, կարեւորն այն է, որ լավ դասագիրք մտնի դպրոց, իսկ թե դրա համար նախատեսված գումարն ո՞ւմ գրպանը կմտնի՝ երկրորդական հարց է։

Պարզաբանենք, որ արտասահմանյան հրատարակչությունների մասնակցության պահանջը ՀԲ-ի պարտադրած անխախտելի պայմաններից մեկն է։ Այս տարի 9 արտասահմանյան հրատարակչություններից հաղթել է միայն մեկը՝ ֆրանսիական «Կլե ինտերնասիոնալը»՝ ֆրանսերեն լեզվի 5-6-րդ եւ 7-8-րդ դասարանների դասագրքերի տպագրության իրավունքը ստանալով։ Այս խմբաքանակի համար նրան մրցակից միակ հրատարակչությունը՝ Օքսֆորդի համալսարանինը, էլի՛ արտասահմանյան էր։ Արտասահմանյան հրատարակչությունների պարտությունը պայմանավորված չէ մրցույթի կազմակերպիչների եւ անցկացնողների «հայրենասիրությամբ»։ Պարզապես, արտասահմանյան դասագրքերը, լինելով խիստ որակյալ արտաքին տեսքի եւ ձեւավորման առումով, բովանդակային տեսակետից հաճախ չեն համապատասխանում մեր ծրագրերին, ազգային (՜) առանձնահատկություններին ու նաեւ հնարավորություններին։ Ասենք՝ արտասահմանյան դասագրքերի անբաժանելի մասն են կազմում դրանց կից հատուկ աշխատանքային տետրերը եւ ձայներիզները, առանց որոնց ծրագրային նյութը թերի է լինում, բայց որոնց գոյությունն էլ հավելյալ ծախսեր է ենթադրում եւ հաճախ՝ անիրականանալի։ Նույնիսկ մայրաքաղաքի դպրոցներում (դրանց գերակշիռ մասում) չկան լինգաֆոնային դասարաններ, էլ ուր մնաց գյուղական վայրերում։

Ինչեւէ, «Կլե ինտերնասիոնալին» հաղթողի իրավունք տրվել է, որովհետեւ համաձայնվել է մեր մի քանի պայմաններին։ 5-6-րդ եւ 7-8-րդ դասարանների համար նախատեսված մեկական ընդհանուր դասագրքերը բաժանվել են երկու մասի՝ յուրաքանչյուր դասարանի համար առանձին գիրք դառնալով, ինչի շնորհիվ գրքի ինքնարժեքը, հետեւաբար՝ վարձակալության գինը նվազել է։ Բացի այդ, ֆրանսերեն դասավանդող 200 դպրոցներին մեկական օրինակ աշխատանքային տետր են ուղարկելու՝ բազմացնելու իրավունքով։ Մյուս արտասահմանյան հրատարակչությունները դուրս են մնացել մրցույթից կամ առաջին փուլում, երբ ստուգվում էին ներկայացված փաստաթղթերի ամբողջական լինելը, կամ վերջին փուլում՝ բովանդակային, պատկերազարդման կամ գնի շեմը չանցնելու հիմնավորմամբ։

Ամենաշատ խմբաքանակ (վեց խմբաքանակ) շահած հրատարակչությունը՝ հայ-անգլիական «Փյունիկ Մակմիլանը» կիսաարտասահմանյան է, սակայն երաշխավորել է, որ բոլոր դասագրքերը կտպագրի Հայաստանում։ Անցյալ տարի այս նույն հարցով աղմուկից հետո էլ դասագրքերի մի մասն այստեղ տպագրվեցին։ Այս հրատարակչությունը նաեւ իր վարկը բարձրացնելու խնդիր ունի, քանի որ նախկին տնօրենի՝ հենց հրատարակչությունից յուրացրած գումարների առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ «Փյունիկ Մակմիլանը» գնում է զիջումների նաեւ այն պատճառով, որ հայկական շուկան գրավելու հեռանկարային մեծ ցանկություն ունի։ Մրցույթի առաջին փուլից դուրս են մնացել ֆրանսիական «Հաշեթ Էդիսեֆը», լեհական PWN-ն, էստոնական «Լիմեքսը» եւ հայկական «Զվարթնոց» ու «Շողք» հրատարակչությունները։

Հաղթած «Լույս» հրատարակչությունը 11 խմբաքանակի հայտ էր ներկայացրել, բայց շահել է միայն երկուսը, «Արեգը» շահել է երկու խմբաքանակից մեկը, «Արեւիկը»՝ չորսից մեկը, իսկ «Հայ Էդիթն» ու «Առերեսում Անին» ներկայացրել են մեկ խմբաքանակի հայտ ու դա էլ շահել։ Որոշ հրատարակչությունների («Փյունիկ Մակմիլան». անգլերեն՝ 5-6 դաս., գերմ.՝ 5-6, «Լույս»՝ ֆիզիկա՝ 7-8, «Հայ Էդիթ»՝ հանրահաշիվ՝ 6-8 դաս., «Առերեւսում Անի»՝ կենսաբանություն՝ 5-6 դաս. եւ այլն) հաղթողի իրավունք տրված է որոշակի պայմաններով, որոշ շտկումներ (խմբագրական-բովանդակային) անելու պահանջով, եւ եթե դրանք երկու ամիս հետո չկատարվեն, կրթության եւ գիտության նախարարն իրավունք ունի նրանց հետ կնքած պայմանագիրը չեղյալ հայտարարել։ Նույնիսկ եթե մինչ այդ հաղթող հրատարակչությունների իրավունքը հաստատել են ՀՀ կառավարությունն ու ՀԲ-ն։

Ընդհանուր առմամբ այս տարի մրցույթի էր դրված 20 խմբաքանակ, որից շահել է 14-ը, մնացած 6-ը տեղափոխվել է մյուս տարվա մրցույթ։ Դրանք են՝ ֆիզիկա՝ 9-10-րդ դաս., երկրաչափություն՝ 6-8-րդ դաս., կենսաբանություն՝ 7-8-րդ դաս., աշխարհագրություն՝ 5-6-րդ դաս., քիմիա՝ 7-8-րդ եւ 9-10-րդ դաս.։ Կենսաբանության (7-8- րդ դաս.) դասագրքի հետ կապված պատմությունն է շատ հետաքրքիր։ «Լույս» հրատարակչության ներկայացրած դասագիրքը, որ ռուսական դասագրքի (Ա. Բատուեւի հեղինակած) թարգմանությունն էր, մրցույթի վերջին փուլի երեք (բովանդակային, պատկերազարդման եւ գնի) շեմերն էլ անցել էր՝ հաղթելով իր մեկ այլ մրցակցին՝ «Աստղիկ -59»-ին, որը նույն գրքի իր թարգմանած տարբերակն էր ներկայացրել։ Բայց ռուսական գրքի հրատարակման բոլոր իրավունքները պատկանում են ռուսաստանյան «Դրոֆա» հրատարակչությանը, որը 1998 թ. դեկտեմբերի 24-ի պայմանագրով (այն ստորագրել է գլխավոր տնօրենը) նման իրավունք-մենաշնորհ տվել է «Աստղիկ -59»-ին։ «Լույսը» նույնպես հայտարարել էր, որ նման իրավունք ունի։

Մրցույթի կազմակերպիչների հարցմանն ի պատասխան, «Դրոֆա»-ից շատ հակասական պատասխաններ եկան. հրատարակչության գործադիր տնօրենը փետրվարի 4-ի նամակով հաստատեց, որ «Աստղիկ -59»-ն ունի դասագրքի հրատարակման իրավունք, իսկ գլխավոր խմբագիրը դրանից հետո տեղեկացրեց, որ եթե «Աստղիկը» չհաղթի, կտան իրավունքը հաղթողին։ Մինչդեռ գործադիր տնօրենը արդեն 1999-ի փետրվարի 22-ի նամակում տեղեկացնում է, որ ո՛չ «Լույսը, ո՛չ «Աստղիկ -59»-ը չունեն նման իրավունք՝ հավելելով նաեւ, որ պատրաստ են նման իրավունք տալ հաղթած հրատարակչությանը (լավ է, չէ՞)։ Քանի որ «Լույսի» իրավունքը խիստ կասկածելի էր, հանձնաժողովը որոշեց մերժել նրա հայտը։ «Աստղիկ -59»-ը, միեւնույն է, բովանդակային շեմը չէր անցել, բայց, այնուամենայնիվ, կարող է դատի տալ «Դրոֆա»-ին, որն ասում են՝ մաֆիոզ հրատարակչության համբավ ունի, քանի որ հրատարակման իր մենաշնորհն ամրագրված է պայմանագրով, իսկ «Դրոֆա»-ն պատրաստ է դրանից հրաժարվել իրեն հարմար ցանկացած պահի։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031