Լրահոս
Օրվա լրահոսը

Անփոխարինելի միջակությունը

Մարտ 06,1999 00:00
Opera

Բազմիցս է խոսվել այն տխուր ու խայտառակ վիճակի մասին, որ տիրում է օպերային թատրոնում։ Բոլորիս է հայտնի այն տագնապալի վիճակը, որին հասել է Ազգային կոչվող օպերան, այն էլ՝ ակադեմիական, որ տարիներ ի վեր ունի հաշված ներկայացումներ։

Բոլորին էլ հայտնի է մեղավոր-հանցագործը, ումից շատ շատերը բողոքեցին եւ ում «շնորհիվ» դարձանք այս իրավիճակի տերը, զրկվեցինք օպերային արվեստից։ Այո, հայ երաժշտասեր հանդիսատեսի համար այսօր չկա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնը, այլ գոյություն ունի Լեւոնյանի օպերա, որի գեղարվեստական ղեկավարը, տնօրենը, գլխավոր բեմադրիչը, գլխավոր «երգիչը» ինքն է. այս պարագայում շատ լավ է գործում «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը։ Ի՞նչն է պատճառը, որ այսօր օպերայում գոնե հյուրախաղերով հանդես չեն գալիս միջազգային համբավի տեր Գեղամ Գրիգորյանը, Հասմիկ Պապյանը, Բարսեղ Թումանյանը, Սոնա Ղազարյանը եւ ուրիշներ, որոնցից այսօր զրկված է հայ երաժշտասեր հասարակությունը։ Ո՞ւմ մեղքով։

Մի՞թե կարելի է քար անտարբերություն ու լռություն ցուցաբերել բազմաթիվ հրապարակումներից, բողոքներից հետո։ Տաղանդավոր երգչուհի Արաքս Դավթյանը անհանգստացած է, թե՝ «օպերային թատրոնում զրոյական վիճակ է, եթե մարդը վատ է աշխատում, ապա նրան ինչո՞ւ են պահում» («Իրավունք», 1998 թ., օգոստոսի 20-27), մյուս կողմից՝ Հասմիկ Պապյանը, ում բարձրացող փառքի սանդղաշարն աշխարհի շատ երկրներ է ընդգրկում, իր հարցազրույցում («Ազգ», 21.10.98 թ.) ցավ է հայտնում, թե պաշտոնական հրավեր լինելու դեպքում իր համար դժվար չէ Երեւանում երգել, «ցավով եմ ասում՝ մեր օպերային թատրոնում դրա հնարավորությունը չկա, մի քանի ներկայացում կա՝ մեկ հոգու համար բեմադրված»։

Տարբեր հրապարակումներում իրենց զայրույթն են արտահայտել երգիչ-երգչուհիներ Մարիետա Անտոնյանը, Լիլյա Օվչյանը, Ռաիսա Շիրինյանը եւ ուրիշներ, ովքեր հեռացել են օպերային թատրոնից՝ չդիմանալով բարոյական ստորացումներին։ «Այսպիսի թատրոնը երբեք ապագա ունենալ չի կարող, դա ազգային ողբերգություն է, ես նրան համարում եմ ոչ միայն մեր թատրոնի, օպերային արվեստի, այլ նաեւ՝ մեր ազգի թշնամին, որը կարողացավ շատ կարճ ժամանակում ավերել, ոչնչացնել տասնյակ տարիներով ստեղծված բարձր արժեքները»,- Լիլյա Օվչյանի այս մտահոգությունը («Առավոտ», 17.07.98 թ.) հետաքրքիր է, հասե՞լ է մեր մշակույթի նախարարություն։

Նախքան ԱՄՆ հայտնի հյուրախաղերի մեկնումը, հեռուստաեթերը նվաճած պարոն Լեւոնյանը հայտարարեց, թե «Հայաստանը օպերային երկիր է, չնայած Ռոսսին առաջարկել է թողնել բոլոր պաշտոնները եւ հինգ տարով Օթելլո երգել, բայց թե չմնայի օպերայում, օպերայի տեղը կարող էին յոնջա ցանել»։ Այստեղ է ասված. չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս։

Հակոբ Պարոնյանն էր պետք, որ հանձին Տիգրան Լեւոնյանի ստեղծեր մի վառ կերպար եւ սպանիչ ծաղրանքի ենթարկեր նրան։ Ժամանակային ինչպիսի՞ զուգադիպություն. «Մեծապատիվ մուրացկանները» տեսաերիզի ամենօրյա բազմակի գովազդների հետ միաժամանակ պարոն Լեւոնյանն այդ նույն ընթացքում մուրացկանություն էր անում Լոս Անջելեսում։ Ցավալին այն է, որ ցածրաճաշակ գռեհկաբանությունները, գույնզգույն հայհոյանքները հնչում եւ նկարահանվում են Ազգային օպերայի շենքում։ Պարոն Լեւոնյանն իսկապես իր ամպլուայում է։

Ոչ ոք չունի իրավունքը օտար ափերում հայ արվեստագետին ստորացնելու, մուրացկանության մղելու։ Ոչ ոք, երեւի, մեր մշակույթի պատմության մեջ այսպես չի արատավորել հայ արվեստագետի պատիվը։ Ներելի չէ, երբ նույնիսկ որեւէ գործարանի կամ մշակույթի տան սիրողական թատերախումբ, պարի համույթ է հայտնվում այս իրավիճակում, ուր մնաց՝ Ազգային օպերային թատրոնը։

Իր փառահեղ ուղու համար միշտ մեծարեք ու փառաբանեք անզուգական Գոհար Գասպարյանին, բայց դա չի նշանակում վախենալ կամ չուզենալ արվեստաքանդ գործունեության համար կատարյալ միջակությանը վտարելուց։ Ինչո՞ւ «ամենայն հայոց սոխակի» մեջ չի արթնանում արդարամտության ձայնը, չի՞ տեսնում «սիրելի Տիկոյի» մեղքով օպերայի այսօրվա խայտառակ վիճակը, ինչո՞ւ թեւերը փռել եւ իր հեղինակությամբ պաշտպանում է կատարյալ միջակությանը։

Ինչո՞ւ չեն՝ ուզում հայ հանդիսատեսն ավելի լավ ձայներ լսի. ներսի լավագույնը հեռացված է, դրսի լավագույնը մոտենալու իրավունք չունի։ Անտանելի է միեւնույն ագռավային ձայնը լսել։

Այս ինչ ամուր խարիսխ է գցել նա Ազգային օպերայում։ Այս ինչ մոգական ուժով է կառչել եւ մինչեւ հատակ խորտակում է Ազգային օպերան, մի՞թե չի հաջողվելու փրկել այն։

Թե՞ նորից մոռանալ այս ամենը եւ շարունակել յոլա գնալ, թքած ունենալով ազգային արժանապատվության, ազգային մշակույթի եւ ամեն ինչի վրա։

ԼԵՎՈՆ ՔՈԹԱՆՋՅԱՆ

ՎԱՀԵ ՏԵՐՏԵՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031