Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՀ՝ ԱՆԱՆՁՆԱԿԱՆ, ԲՈԼՈՐԱՆՎԵՐ

Մարտ 18,1999 00:00
Vazgen Manukyan

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի ցանկությունը՝ հանդիպել ԵՊՀ ուսանողների հետ, ուզում էի ներկայացնել որպես նախընտրական արշավի մաս։ Սակայն պրն Մանուկյանը հենց սկզբից մեղադրեց ԶԼՄ-ներին՝ քաղաքական գործիչների բոլոր քայլերը նախընտրական արշավին կամ անձնական շահին վերագրելու համար։ «Եթե անգամ մի քաղաքական գործիչ գնա իր կրծքով փակի թնդանոթի բերանը, զոհվի, էլի թերթերը կգրեն՝ տեսնես ի՞նչ շահ ուներ, որ էս բանն արեց»։ Այնպես որ, հանդիպման համար ընտրված պահը, թեմատիկան վերագրում ենք զուտ դիպվածին ու պրն Մանուկյանի բարի կամքին։

Հանդիպման սկզբում ԱԺՄ ղեկավարը ներկայացրեց «Շարժման հրաշքը», պատմեց հուշեր ժողովրդի համախմբվածության մասին, ներկայացրեց իր հպարտությունը՝ իր հայ լինելու կապակցությամբ։ Պատմեց հատվածներ իր վարչապետ, ապա պաշտպանության նախարար եղած ժամանակահատվածից ու ռազմի դաշտի հաղթանակներից։ Հիշեցնենք, որ պրն Մանուկյանի վաստակն այս ասպարեզում գնահատեց ԵՊՀ նախկին հյուր Վազգեն Սարգսյանը։ Բայց «Я тебе, ты мне» տարբերակը պրն Մանուկյանը խախտեց՝ նշելով, որ Վազգեն Սարգսյանի մուտքը քաղաքական ասպարեզ կործանարար եղավ։ 96 եւ 98 թթ. նրա գործողությունները «շլագ- բաում» դրեցին հայ ժողովրդի ապագայի ճանապարհին։ (Ուսանողներն այստեղ սկսեցին ծափ տալ)։

Իսկ ռազմի դաշտի հաղթանակները, ըստ պրն Մանուկյանի, թերթերն ու հեռուստատեսությունը կարծես դիտմամբ չեն լուսաբանել, որպեսզի ժողովուրդն ինքն իր ուժերին չվստահի։ Փոխարենը «թերթերը գրում են, թե ով կաշառք վերցրեց, ով ում հետ ման եկավ» (սատանան ասում է՝ բռնի ու գրի՝ ով ում հետ է ման գալիս- Լուսինե Մարգարյան)։

Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին իմացանք, որ՝ ի տարբերություն պրն Մանուկյանի (որը գտնում է՝ հայերս համաշխարհային ազգ ենք), նա մեզ դասում էր «սովորական ազգերի» շարքին։ Իսկ պրն Մանուկյանի այն լուրին, թե հայերը Մարտակերտը վերցրել են, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Բա ո՞նց ենք տակից դուրս գալու»։

Ուսանողներին ԱԺՄ նախագահը կոչ արեց «ֆանատիկորեն, անձնազոհ» սիրահարվել ժողովրդին ու նոր մտնել քաղաքականություն։

Վանո Սիրադեղյանի մասին ուսանողների վերաբերմունքը վերջերս պատահաբար հետաքրքրել էր պրն Մանուկյանին։ Պարզվել է, որ շատ ուսանողների համար Սիրադեղյանը կուռք է՝ «ինքը ջարդել ա, խփել ա, բան ա արել, բայց ինքը տղամարդ մարդ ա»։ ԱԺՄ նախագահը զարմացած էր, որ ուսանողների համար Սիրադեղյանը հերոսի չափանիշ է։ Այն, որ հասարակությունը լրիվ համապատասխանում է իր հերոսներին, պրն Մանուկյանը մի վառ օրինակով եւս ապացուցեց։ Արտաքին քաղաքականության եւ տնտեսության մասին էլ խոսեց պրն Մանուկյանը։ Նշեց, որ Հայաստանն ապրում է պարտքով (գոյատեւելու համար մեզ տարեկան 600 մլն դոլար է պետք)։

Այն հարցին, թե կհամաձայնի՞ դառնալ վարչապետ, եթե նախագահ Քոչարյանն այդ առաջարկով դիմի իրեն, պրն Մանուկյանը պատասխանեց. «Մեզ մոտ վարչապետը նախագահի օգնականն է տնտեսական հարցերով։ Եթե վարչապետին չի ենթարկվում ՆԳՆ-ն, եթե վարչապետը չի կարող ցանկացած մարդու պաշտոնից հանել ու նշանակել, լծակներ չունի, նա դառնում է միայն կցորդ»։ Ուսանողները ծափուծիծաղով ընդունեցին այն լուրը, որ ԱԺՄ-ն հրաժարվել է ԻՄ-ի հետ դաշինքից։ Այն փաստը, որ Ժիրայր Լիպարիտյանը Բաքու է գնացել, ԱԺՄ նախագահի վրա առանձնակի տպավորություն չի թողել. «Անձ է, պետական գործիչ չէ, ուր ուզում է, թող գնա (ծա՜փ)»։

Թեեւ ԱԺՄ-ն դաշինք կազմելու նպատակով դիմել է ՀԺԿ-ին, ու վերջինս հրաժարվել է նրանց հետ դաշինքի գաղափարից, պրն Մանուկյանը ոչինչ չունի Կարեն Դեմիրճյանի դեմ։ Ավելին՝ նրան հարգում է։ Իհարկե, Դեմիրճյանի մասին խոսելիս պրն Մանուկյանը զարգացրեց սիմվոլիզմի գաղափարն ու մեր ժողովրդի սերը՝ առ սիմվոլները. «Նրան արհեստական ուռճացնելու են»։

ԱԺՄ նախագահը գտավ, որ էլեկտրաէներգիայի գները նույնպես ուռճացված են, ապա նախագահ Քոչարյանի վետոյի իրավունքի «գործադրումը» ճիշտ չհամարեց։ Իմիջմեյքեր պրն Մանուկյանը չունի (ջՈՑՏ ԱԺՄ-ն ունի իր իմիջմեյքերը՝ ի դեմս Արշակ Սադոյանի- Լ. Ա.)։

Թեեւ պրն Մանուկյանի այցը ԵՊՀ առաջիկա ընտրությունների հետ անգամ հեռավոր կապ չուներ, նրա ոչ մի միտք ոչ մի անձնական շահ չէր հետապնդում, «չուզողության» դեպքում թերթերը հանգիստ կարող են գրել. «Տեսնես ի՞նչ շահ ուներ Վազգեն Մանուկյանը, որ իր զբաղված առօրյայից էսքան ժամանակ հատկացրեց ուսանողների հետ հանդիպելուն»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Վերջաբանը գրեցինք պրն Մանուկյանին ԶԼՄ-ներից «չհիասթափեցնելու» համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031