Լրահոս
Օրվա լրահոսը

Вода, вода! Кругом- земля.

Ապրիլ 20,1999 00:00
toto

Վերջին 30 տարիներին աշխարհի բնակչությունը 3 միլիարդ 900 միլիոնից աճել է 5 մլրդ 800 մլն-ի։ Բնականաբար, աճել է ջրային ռեսուրսների սպառումը՝ մոտավորապես երեք անգամ։ Սակայն նույնն է մնացել ջրի քանակը։ Աշխարհի 20 երկրի 230 միլիոն բնակչություն ջրային ճգնաժամի մեջ է։

Իսկ ամբողջ 20-րդ դարի ընթացքում ջրի պահանջարկն ընդհանրապես աճել է 10 անգամ։ Ջրի անբավարարությունը մտահոգիչ է ոչ միայն ինքնին, այլեւ այն պատճառով, որ անմիջականորեն ազդում է սննդով ապահովվածության վրա։ Պատկերացրեք, որ մոտավոր հաշվարկներով աշխարհի բնակչությունն առաջիկայում դեռ աճելու տեղ ունի՝ մինչեւ 8 միլիարդ։

Բնական աճի պայմաններում երկրագնդի որոշ տարածքներ ջրի պակաս կունենան, եւ այդ գոտում է նաեւ Հայաստանը։ Ջրի քանակության նվազումը կնպաստի դրա գնի բարձրացմանը։ Ջրի ճգնաժամն ավելի արագ իրեն զգացնել կտա քաղաքներում։ Ահա թե ինչն է պատճառը, որ համաշխարհային ջրային ռեսուրսները պետք է կառավարվեն համաշխարհային մասշտաբով համակարգված ծրագրով։

«Ջրային ռեսուրսների համակցված կառավարման հիմնահարցերին նվիրված սեմինարին» հավաքվել էին միջազգային եւ հայաստանյան փորձագետներ, ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ բացառությամբ «ՀՀ ջրային ռեսուրսների կառավարման համակցված ծրագրի» միջգերատեսչական ղեկավար կոմիտեի երկու համանախագահների՝ բնապահպանության նախարար Գեւորգ Վարդանյանի եւ տնտեսական ու կառուցվածքային բարեփոխումների նախարար Վահրամ Ավանեսյանի։ Աշխարհի շատ երկրներ ունեն իրենց Ազգային ջրի ծրագրերը։ Մեքսիկան, օրինակ, նման ծրագիր մշակել է դեռեւս 1975 թվականին։ Մասնավորապես այդ ծրագրով, այդ պետության տարածքում ջրի սեփականատերը պետությունն է, որը սահմանափակ ժամկետով անհատ անձանց եւ կազմակերպությունների պայմանագրով ջրի օգտագործման թույլտվություն է տալիս։ Այնտեղ գոյություն ունի այսպես կոչված ջրի շուկա, որով կարգավորվում են ջրօգտագործման իրավունքի վաճառքը, նվիրատվությունը։ Կալիֆոռնիայի համալսարանի դոկտոր, մեքսիկացի փորձագետ Ֆերնանդո Գոնսալեսը ափսոսանք հայտնեց, որ այս ամենի կողքին, անպարտաճանաչ ջրօգտագործողին թույլտվությունից զրկելու մեխանիզմ իրենց երկրում չունեն։ Այս վերջին հարցերը հատկապես հետաքրքրեցին սեմինարի հայ մասնակիցներին։ Պրն Գոնսալեսը նշեց, որ նման ինստիտուտի ձեւավորման գոնե սկզբնական փուլում պարտադիր է պետության կողմից կարգավորումը։

ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների պահպանման եւ օգտագործման վարչության պետ Հոսնիկ Կիրակոսյանը նշեց ՀՀ ջրի ազգային ծրագրի շուտափույթ ստեղծման անհրաժեշտությունը։ Դրա ձգձգման յուրաքանչյուր օրն, ըստ նրա, գործում է ի վնաս մեզ։ Այդ ծրագրի առանցքային խնդիրներն են՝ ջրօգտագործման ոլորտում մրցակցության ավելացումը (ջրի անհավասար պահանջարկն ու առաջարկը), առկա ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը, ջրի որակի վատթարացումը («վերջին տարիներին այս ուղղությամբ աշխատանքներ չեն տարվել»), ջրի որակի ազդեցությունը շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա, անդրսահմանային ջրային ռեսուրսները, ջրային պաշարների կառավարման եւ պահպանության ինստիտուցիոնալ դրվածքի թերություններ։ Ինչպես երեւում է, անելու դեռ շատ բան կա եւ սկսել պետք է, ըստ Հոսնիկ Կիրակոսյանի, ծրագրի անունից՝ «Համակցված…»-ը փոխարինելով ազգային բառով (միանգամայն տեղին փոփոխություն է, ինչ մեղքներս թաքցնենք. համակցված բառը կարծես միայն կերի հետ է սազ գալիս- Ա. Գ.)։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Ջրի ազգային ծրագրի ընդունման ուշացման, դրա պատճառների, ջրօգտագործման ժամանակ կենցաղային եւ միջպետական հարաբերությունների մասին կպատմենք մեր առաջիկա համարներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930