Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱԶՈԽԻԶՄ

Մայիս 07,1999 00:00
parajanov

Հանճար արվեստագետներ-կերպարներ կան, որոնց մահվանից հետո իրենց կյանքը, գործունեությունը եւ ստեղծագործությունները թեմա են դառնում ուրիշ արվեստագետների համար։

Սերգեյ Փարաջանովի կերպարը, ստեղծագործություններն ու կյանքը օտարազգի եւ հայ կինոգործիչների համար բազմաթիվ ֆիլմերի նյութ դարձան (հատկապես՝ կալանքի, հետապնդումների, թմրամոլության, խենթ կյանքի դրվագները)։ Նրա կյանքի սուր դրվագներն ու աշխարհով մեկ աղմուկ հանած ստեղծագործությունները վերապատմելու ու ցուցադրելու հրապուրանքին չդիմացան շատ ռեժիսորներ։ Ով երբեւէ թեկուզ կես վայրկյանով շփվել կամ ուղղակի ձեռքն է սեղմել, երկու բաժակ բան խմել Փարաջանովի հետ՝ սկսեց իրեն իրավունք վերապահել կամ թույլ տալ «հուշեր» գրելու։ Մոտավորապես այսպիսի տեքստով՝ «Երեկ Փարաջանովի հետ խմում-խոսում էինք, ասաց…», կամ՝ «մի օր տեսավ, ասաց…»։ Նույնը կատարվում էր նաեւ Չարենցի շուրջ։ Թե՛ Փարաջանովը, թե՛ Չարենցը իրենց անմիջականությամբ (ընդ որում՝ բոլորի հետ անխտիր) հայտնի են բոլորին, անմիջականությունը մեծերի ոճն է՝ բոլոր մարդկանց հավասար վերաբերվելը, պարզապես պուճուր մարդկանց թվում է, թե ուրեմն իրենք իսկապես հավասար են այդ հանճարներին (մանավանդ, երբ բացի ձեռքսեղմումից ու հայացք նետելուց, երկու բառ էլ փոխանակում են)։ Եվ այդպես՝ հանճարների «մասին» «հուշերի» շարաններ ու «ֆիլմեր» սարքելով՝ ուր հեղինակները նշանավորում էին հատկապես իրենց անձը, շատերն իրենց անունները պատմության մեջ՝ մի անկյունում, թողեցին։

Փարաջանովի ծննդյան 75-ամյակին նվիրված փառատոնի այս օրերին Կինոյի տանը ցուցադրվում են նրա անձի ու ստեղծագործությունների մասին պատմող ֆիլմեր։ Ֆիլմեր, որոնք չճանաչողին շատ քիչ բան կարող են պատմել այդ մեծ արվեստագետի մասին։ Ֆիլմեր, որոնք ոչ այնքան կարծիք կամ ներկայացում են Սերգեյ Փարաջանովի մասին, այլ ֆիլմերի հեղինակների կարծիքն է իրենց իսկ մասին։ Հեղինակներն, ընդ որում, ֆիզիկապես պարտադիր ներկա են ֆիլմերում, օրինակ՝ մի քանի րոպե շարունակ տեսախցիկը կանգնած է մի կադրի վրա՝ Փարաջանովի հետ ֆիլմի հեղինակը ձեռք է սեղմում կամ երկու բառ փոխանակում։ Հեղինակները, այդպիսով, մեզ ցույց են տալիս, թե որքան մոտիկից են շփվել Փարաջանովի հետ։

Ռուբեն Գեւորգյանցի «Վերջին կոլաժը» ֆիլմը հետաքրքրական էր իր մոտեցումով. Փարաջանովի բոլոր ստեղծագործությունները (թե՛ ֆիլմերը, թե՛ նկարները, կոլաժներն ու կերամիկ աշխատանքները) որպես մի ամբողջական եւ առանձին-առանձին կոլաժներ են ընկալվում։ Նույնը կարելի է ասել նաեւ նրա կյանքի մասին՝ կենսագրությունը որպես կոլաժ։ Եվ ռեժիսորը հենց կոլաժային մտածողությամբ է մոտեցել Փարաջանովի կերպարին։ Նույն ֆիլմում աչքի է ընկնում նաեւ Ռ. Գեւորգյանցի աշխատանքը. ֆիլմում Փարաջանովի մասին պատմում են նրա մտերիմ աշխարհահռչակ ռեժիսորներ ու դերասաններ։ Այդպիսով, ֆիլմը հագեցած է դժվար հավաքված նյութերով։ «Վերջին կոլաժ» ֆիլմը, իհարկե, թե՛ տեքստային եւ թե՛ կադրային բազմաթիվ ֆինալներ ունի, որից, դժվար է ասել՝ ֆիլմը տուժո՞ւմ, թե՞ շահում է, այնուամենայնիվ՝ կառուցողական իմաստով այն ամբողջական է։

Փառատոնի օրերին ցուցադրվեց նաեւ կինոռեժիսորներ Արսեն Ազատյանի եւ Նարինե Մկրտչյանի «Բոբո» ֆիլմը, որն ըստ հեղինակների՝ նվիրված է ճանաչված կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի պայծառ հիշատակին։ Ֆիլմում օգտագործվում է Փարաջանովի վերջին՝ «Խոստովանանք» անավարտ ֆիլմի ամբողջ նյութը։ Որպես ֆիլմի անվանում, աբստրակցիոնիստ նկարիչ Քիքիի (Գրիգոր Միքայելյան) «Բոբո» նկարաշարի անվանումն է վերցված։ Եվ ֆիլմը սկսվում է այն տեսարանով, երբ Քիքին հատակին փռած կտավի վրա հերթական իր «Բոբոն» է, մեծ չափերով, նկարում։ Անհասկանալի է, թե ֆիլմի հեղինակները այդ հատվածը իբրեւ ինչ են օգտագործում իրենց ֆիլմում, եւ տեսնողները պատմում են, որ Քիքին այդ ֆիլմի առաջին դիտումից հետո հիասթափությունից ոչինչ չի կարողացել ասել։

Այս ֆիլմում էլ հեղինակները անընդհատ ֆիզիկապես (գոնե մեջքով) ներկա էին։ Վավերագրական կադրերով ցուցադրում էին Փարիզից ինքնաթիռով տեղափոխվող մահամերձ Փարաջանովի՝ բժիշկներով շրջապատված տեսարանը։ «Մազոխիստական հաճույքով», մանրամասն ու խոշոր կադրերով ցուցադրվում էր, թե ինչպես է Փարաջանովի օրգանիզմը սնվում «կաթիլային սիստեմաներով» ու ասեղներով։ Փարաջանովի աչքերը կիսափակ էին ու նա անշարժ էր։

Դիտողը մտածում է՝ կամ արդեն մահացել է, կամ այնպիսի հայացքով է նայում տեսախցիկին ու էքստազի մեջ մտած իր շուրջը խռնված մարդկանց, կարծես հայհոյի՝ վերցրեք ձեր կամերաները ու… Մահամերձ հանճարը մի վայրկյանում հավասարեցվում է սովորական քաղաքացու։ Իսկ հետո՝ ամենասարսափելին։ Մանրամասն ցույց են տալիս մահացած մեծ հանճարի ուռչած մարմինը, ձեռքերը։ Դեմքը զմռսում են, գիպս են թափում դեմքին՝ քաշքշելով, դժվարությամբ կաղապարը հանում. իսկական հայկական մազոխիզմ։ Ու նկարահանողները ռեժիսորներ են, որոնք ֆիլմը, իբր, նվիրում են «ճանաչված կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի պայծառ հիշատակին»։ Էլ Փարաջանով մնա՞ց. ժողովուրդը մի լավ խոսք ունի, ասում է՝ դիակի մոտ անգամ բարձր խոսել չի կարելի։ Բայց ռեժիսորները ահա քաշքշում են, փորձարկումներ են կատարում ու մահվան այդ կադրերով շոու սարքում…

Մահվան կադրերով շոու պատրաստելը նորություն չէ, արեւմուտքում շատերն են արել ու անում, սակայն դրա համար համապատասխան դպրոց է պետք անցնել եւ… նպատակ, թե ինչի համար ես դա ցույց տալիս։ Որովհետեւ սուր տեսարաննե՞ր են. բայց դրանով «սատկացնում» են հանճարին։

Ու այդպես (մինչ օրս եւ էլի երկար ժամանակ), ինչպես Փարաջանովի՝ ծովափին դրած պանրով մինչ օրս սնվում են ճայերը, այդպես էլ մշակույթով զբաղվողները։ Որոնք այդ հանճարից «փախցրած» մի քանի կաթիլ դրվագներով, ձայնագրություններով, պատմություններով նշանավորում են իրենք իրենց՝ իրենց անձը հավասարեցնելով նրա նման հանճարին։ Տպավորությունն այնպիսին է, որ այդ ռեժիսորները ոչ թե իրենց ներսում են սիրում-գնահատում Փարաջանովին ու նրա արվեստը, այլ ուրիշների խոսքերով ու գնահատականներով են ճանաչում-սիրում-ընդունում։ Ու անհամեստորեն կանգնում են իրենց «ստեղծածի» կողքին այնպես, կարծես Փարաջանովին էլ են իրենք ստեղծել… Իսկ Նարեկացին՝ իր ստեղծած դարավոր արժեքների վերջում դիմում էր ընթերցողին. «Մի մեղադրեք ինձ ձեռնարկած գործիս համար, որ առավել էր, քան իմ արժանիքները»։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31