Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՏԻԿԱ ՏՈՊՐԱԿԸ ԹԱՓ ՏՎԵՑԻ

Հունիս 22,1999 00:00
kinoyi tun

Երեկվա ասուլիսը հրավիրելու նպատակի բացատրությունը շշմելու էր. Կինոգործիչների միության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Իսրայելյանի ասելով ստացվեց, որ նա եւ ԿՄ վարչության անդամներ Սուրեն Հասմիկյանը, Միքայել Դովլաթյանը, Ռուբեն Գեւորգյանցը, Սուրեն Առաքելյանը եւ Ալբերտ Յավուրյանն ասուլիսը կազմակերպել էին, որպեսզի հունիսի 17-ին Կինոգործիչների համագումարին չմասնակցած լրագրողներին «из первых рук» ինֆորմացիա տան՝ ինչ եղավ այդ օրը։

Երկրորդ պատճառը ասուլիս հրավիրելու՝ «Մի անգամ էլ գոնե մենք հրավիրենք, որովհետեւ միայն իրենք են հրավիրում՝ նախաձեռնող խումբը»։ Ընդ որում նախաձեռնող խումբն էլ է մի անգամ հրավիրել. այլ բան է, որ «Առավոտին» հրավիրեն-չհրավիրեն՝ ամենուր ներկա է։ «Առավոտի» ներկայությունը չի նշանակում, թե ասուլիս է։

Համագումարի հակաբարոյական մթնոլորտի մասին, որի խայտառակ պատկերը գրեթե բոլոր լրատվամիջոցները ներկայացրին, Ս. Իսրայելյանի կարծիքով, «շատ նորմալ մթնոլորտ էր»։ «Հայլուրի» լրագրողը հարց ուղղեց, թե Ս. Իսրայելյանն ինչպե՞ս է գնահատում համագումարի մթնոլորտը։ «… Անկեղծ ասած, չէի սպասում, որ մեր ընկերները՝ նախաձեռնող խումբը, այսպիսի նվեր կտա մեզ։ Շատ չտեսնված, երեւի մեծ գումարներ էր պետք նման ռեկլամ ստեղծելու համար» (Ս. Ի.). ո՞րն էր նվերը՝ չհասկացվեց, ինչպես եւ պարզ չէր՝ Ս. Իսրայելյանի՞ն որպես ԱԺ պատգամավոր կամ ԿՄ նախագահ նախաձեռնող խումբը անվճար գովազդ նվիրեց։ Թե՞ հայ կինոգործիչների, մշակույթի գործիչների ով-ինչ լինելու իրական բացահայտման տեսարանի, հանրապետությունով մեկ ծիծաղի առարկա դառնալու փաստի գովազդն էր դա։ «Անկեղծությունը հունիսի 17-ին գերակշռում էր»,- այդ ձեռքբերման համար Ս. Իսրայելյանն ուրախ էր. իսկապես անկեղծ էին միմյանց հոշոտում։

Կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը փորձում էր բացատրել արտահերթ համագումարի ակունքները։ Սկսեց Կինոյի տան դահլիճի վարձակալության տալու պայմանագրի տապալումից։ Նա խոսում էր որպես այդ պայմանագրին լավատեղյակ վարչության անդամ. «… Մենք պետք է դահլիճը վարձակալության տայինք, բայց քանի որ այդ աղմուկը, փոթորիկը բարձրացավ, մեր պատվիրողները մեզնից հրաժարվեցին։ Դե գիտեք ինչ, ոնց որ եկել են մեր ձեռքը ուզելու, հետո մի քիչ շուխուր դրեցինք՝ տեսեք տնից ելավ-փախավ…»,- ասաց Ա. Յավուրյանը։ «Առավոտը» առաջինն է հրապարակավ ու հիմնովին բարձրացրել Կինոյի տան դահլիճի վարձակալության տալու եւ այդ կիսատ-պռատ պայմանագրի հարցը։ Ա. Յավուրյանին՝ որպես վարչության անդամի, հոդվածը պատրաստելիս, դիմել էի պայմանագրի բովանդակությանը ծանոթանալու համար։ Այդ ժամանակ Ա. Յավուրյանը պատասխանել էր, թե խորապես տեղյակ չէ պայմանագրի մանրամասներին։ Անգամ ասել էր, որ գուցե պայմանագրի կնքումից հետո, մի քանի տարի անց, իրենք հասկանան՝ ինչ սխալ են գործել։ Եվ Ա. Յավուրյանը նույն ժամանակ ուրախությամբ էր պատկերացնում՝ ինչպես, ի վերջո, կփոխվեն Կինոյի տան գորշ ապակիները։

Կինոօպերատորը երեկ չհրաժարվեց իր նախորդ խոսքերից. «Փոքր ժամանակ, երբ որ ես տնից դուրս էի գալիս ու վերադառնում էի տուն, 5-6 տարեկան էի, տատս ասում էր՝ հո հատիկա տոպրակը թափ չտվեցի՞ր։ Այսինքն՝ տան գաղտնիքները հարեւաններին հո չպատմեցի՞ր։ Կոմերցիան գաղտնի կողմեր շատ ունի։ Իհարկե, ես ձեզ ասել եմ, որ տեղյակ չեմ, բայց գիտեմ՝ մեր ժուռնալիստներին ինչ կարող եմ ասել եւ ինչ կարող եմ չասել։ Այնպես որ, մտածել, որ ես տեղյակ չեմ եղել՝ մի քիչ միամիտ կլիներ, որովհետեւ չի կարող պատահել, որ ես տեղյակ չլինեմ, ես վարչության անդամներից մեկն եմ»։ Ա. Յավուրյանը, երեւի, հիմա արդեն 50-ն անց է։ Իսկ դրանից բացի, նրա այս պատասխանը հավատ չի ներշնչում թեկուզ այնքանով, որ իր շահերից ելնելով, նա իր անտեղյակությունն ու «միամտությունը» ցույց չէր տա մի լրագրողի, որը նրան դիմել էր հենց որպես վարչության ակտիվ անդամի։ Եվ, ի վերջո, չի բացառվում, որ նա այս «փոթորիկ-աղմուկի» ժամանակ է պայմանագրի մանրամասներին ծանոթացել։ «Ինչ վերաբերում է ապակիներին, այո՛, ես պնդում եմ, որ մի քիչ մենք պիտի մեր միջավայրը մաքրենք, սրբենք, պատերը ներկենք, հետո նոր սկսենք դեմոկրատիայի եւ մնացած հարցերի մասին խոսել։ Մենք աղբի փոսի մեջ ենք ապրում»,- շարունակեց Ա. Յավուրյանը։ Իսկ մինչ այժմ կարծում էինք, թե միայն արտաքին պաճուճանքը, սիրունությունը ի վիճակի չէ փոխել ներքին բովանդակությունը…

Ա. Յավուրյանը հակասում էր ինքն իրեն։ Մի կողմից ասում էր. «Մենք աղբի փոսի մեջ ենք ապրում», մյուս կողմից՝ «… Պարզվեց, որ մեր միությունը նորմալ, առողջ օրգանիզմ է»։

Ո՞ւր են գնում փողերը

Համագումարի ընթացքին ծայրից-ծայր ներկա եղած, ամբողջ այդ դառը կոմեդիան տեսած լրագրողին, բնականաբար, վարչության անդամների եւ նախագահի յուրովի վերաշարադրանքը (այն էլ հատուկ՝ անտեղյակ լրագրողների համար) հետաքրքիր չէր։ «Առավոտին» հետաքրքրում էին այլ հարցեր։ Համագումարի բացումից 5-10 րոպե առաջ կինոգործիչներին բաժանվել էին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության 1996-99 թթ. գործունեության տեղեկագիրներ։ Տեղեկագրի մեջ ներկայացված է ՀԿՄ ֆինանսական գործունեությունը, որին, եթե թեկուզ մի ակնթարթ աչք գցի մի հարկային տեսուչ, անմիջապես կարող է հետաքննության եւ ստուգումների նյութ դարձնել։ Ընդամենը մեկ (առայժմ) թիվ ներկայացնելով պարզ կդառնա ընդհանուր՝ ԿՄ ֆինանսական գործունեության ու հաշվետվության պատկերը։

Տեղեկագրում նշված է, որ ԿՄ գործունեության համար կինեմատոգրաֆիստների տնից (Կինոյի տնից) 1998 թ. հատկացվել է 1103600 դրամ՝ ամիսը մոտավորապես 175 $, 1999 թ. (4 ամիս)՝ 84 հազար դրամ, այսինքն՝ ամիսը մոտ 40 $։ Ի դեպ, չի մասնավորեցվում, թե կինեմատոգրաֆիստների տնից՝ վարձակալության տրված սենյակներից, տարբեր միջոցառումներ անցկացնելու համար վճարված վարձավճարներից կամ թե ինչի՞ց եւ որքա՞ն է հատկացվել այդ գումարներից ԿՄ-ին։ Ասուլիսի ժամանակ «Առավոտի»՝ այդ թվերի հանդեպ կասկածանքին, Ս. Իսրայելյանը, որ անհանգիստ էր, թե ինչո՞ւ ենք հետաքրքրվում, սկզբում պատասխանեց. «Հա՛, 40 $-ը տրամաբանական է, ծախսեր կան շատ մեծ»։ Մի քանի վայրկյան անց, թե՝ «Դա իմ գրածը չի, 40 $-ը բացառվում է… էդ թվերի վրա չպիտի հենվել, վրիպակներ կան։ Աբսուրդ է»։ Հիշեցնեմ, որ այդ տեղեկագիրն ինքն իրենով արդեն իսկ փաստաթուղթ է, եւ լրագրողը կարող է եզրակացություն անել առանց իրենց հարցում անելու։

Կինոյի տան տնօրեն Արմեն Սեկոյանին դիմեցի նույն հարցով։ Պարոն Սեկոյանը զարմացավ 1999 թվի (4 ամիս) կողքին նշված թիվը տեսնելով. «99 թվին ես փող չեմ տվել, որտեղի՞ց ա էկել ստեղ։ Երբ որ ես լրիվ իմ ծախսերն անում-վերջացնում եմ, նոր ինչ-որ օգուտ ա մնում, դրա 70 %-ը փոխանցում եմ միություն, 30 %-ը մնում է Կինոյի տանը»։

Արդեն քանի տարի, Կինոյի տան որոշ խոշոր հատվածներ վարձակալության են տրված մի քանի կազմակերպությունների։ Ըստ պրն Սեկոյանի, այս պահին վարձակալության են տրված «Շարմին», «Պարադիզին» եւ ֆրանսիական մի կազմակերպության։ Վարձավճարի չափերի մասին հարցիս պրն Սեկոյանը պատասխանեց. «Դա ինչ կարեւոր ա»։ Կարեւոր է այնքանով, որ 1998 թվին, երբ Կինոյի տնից, ըստ տեղեկագրի, ամսական մոտ 175 դոլար գումար է հատկացվել ԿՄ-ին, այդքան գումարով որեւէ սովորական քաղաքացի անգամ այդ թվականին կամ նույնիսկ հիմա չէր կարող քաղաքի կենտրոնում քիչ բարեկարգ բնակարան վարձել (150-200 $-ի եւ ավելիի են հասնում գները)։ Ուր մնաց թե «Շարմը» (չհաշված մյուս կազմակերպությունները) մեկ ամսվա համար այդքան տարածք զբաղեցնելու դիմաց մոտ 175 դոլար վճարեին։ Այդ հարցերը ճշտելու պահին Ա. Սեկոյանի (որը համառորեն չէր ասում վարձավճարի չափերը) սենյակում էին նաեւ Ս. Իսրայելյանը եւ Ս. Հասմիկյանը։ Ոչ ոք չհասկացավ՝ որտեղի՞ց է 1999 թվի (4 ամիս) կողքին հայտնվել այդ 84 հազար դրամը (ամսական՝ մոտ 40 $-ը)։ Ս. Հասմիկյանը պնդում էր, որ հաշվապահն է տվել այդ թվերը, Ս. Իսրայելյանն ինձ խորհուրդ էր տալիս մի օր իրենց հաշվապահի հետ նստել-ստուգել-ճշտել, իսկ Ա. Սեկոյանը զարմանում էր՝ «Ես փող չեմ տվել, սա վրիպակ լինել չի կարող, բայց որտեղի՞ց ա էդ թիվը մտել ցուցակի մեջ»…

Կինոմիության կասկածելի ֆինանսական գործունեության մանրամասներին (կասկածելի՝ գոնե տեղեկագրով) «Առավոտը» կանդրադառնա, որովհետեւ սա միակ անհեթեթ ու կասկածելի թիվը չէր այդ ցուցակում։ Էլի կան։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930