Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՅՈՒՐՊՐԻԶԸ…

Հուլիս 13,1999 00:00
datakan

Ըստ Ա. Ղարիբյանի 1958 թ. խմբագրած ռուս-հայերեն բառարանի, անակնկալը թարգմանվում եւ նաեւ խոսքի մեջ օգտագործվում է սյուրպրիզ բառով։ Դատաիրավական բարեփոխումներով դեռ շատ սյուրպրիզների կհանդիպենք։

Անակնկալը թարգմանաբար սյուրպրիզ անվանելով, հայերս, լինելով լավատես, այդ սյուրպրիզ-ի (երեւի նաեւ «յ» կիսաձայնավորի՝ բառի մեղմացված հնչեղության շնորհիվ) տակ լավ, բարի, ինչ-որ բան ենք ակնկալել։ Սակայն դատաիրավական բարեփոխումներով անակնկալ սյուրպրիզները առայժմ միայն մեր իրավունքների սահմանափակմամբ են դրսեւորվում։ Դատաիրավական բարեփոխումների փաթեթի մեջ մտնող օրենքներն ու օրենսգրքերը կազմելիս (երեւի բացառությամբ քաղաքացիական օրենսգրքի, այն էլ այն պատճառով, որ, ինչպես հեղինակը կասեր՝ դեռեւս չէինք հասցրել ամբողջությամբ յուրացնել) հեղինակները կարծես մրցակցության մեջ են մտել ապացուցելու, թե ինչպիսին չպետք է լիներ դատաիրավական հարաբերությունները (արհեստավարժների սիրած բնորոշմամբ՝ գլոբալ առումով) կարգավորող օրենսդրությունը։

Հայտնի է, որ քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարանը (նախկինում կոչվում էին ժողդատարաններ) հայցը կամ՝ գործը քննության առնելուց առաջ պարզում էր, կողմերը նպատակ չունե՞ն, արդյոք, հաշտություն կնքելու (հոդված 120), թվում է, բնական է, դատարանի խնդիրն առաջին հերթին պետք է լինի վեճը հաշտությամբ լուծելը։ Սակայն քաղաքացիական գործերով բարեփոխված առաջին ատյանի դատարանի հետ առնչություն ունենալու դժբախտություն ունեցած կամ ունեցող հարգելիներս, հանկարծ չսխալվեք ու հաշտության պայմանագիր կնքեք։ Փորձանք է։ Ահա թե ինչու։ Ա-ն դիմել է դատարան՝ Բ-ից գույքի պահանջի մասին։ Շուրջ մեկ տարի (գուցե կասեք. ինչ մեծ ժամանակ է, որ) ձգձգումներով դատաքննություններից հետո հանկարծ հայցվոր Ա-ի առաջարկությամբ կողմերը փոխադարձ զիջումներով կնքում են հաշտության պայմանագիր (համաձայնվում, գույքը բաժանում են միմյանց միջեւ), ստորագրելուց հետո հանձնում դատարանին։ Վերջինս քննությամբ անհիմն համարելով հայցվոր Ա-ի հայտարարությունը, որ հաշտության պայմանագիրը կնքել է իր հայցապահանջը հիմնավորելու նպատակով, անտրամաբանական պատճառաբանությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի 109 հոդվածի առաջին մասի 7-րդ կետի հիմունքներով հաստատել է հաշտության պայմանագիրը եւ գործը կարճել։ Բարեփոխված օրենքով գործը կարճելու մասին ոչ թե որոշում, ինչպես նախկինում էր, այլ վճիռ է կայացվում։

Նախկին՝ տոտոլիտար օրենսդրությամբ (ի դեպ, որով այսօրվա դրությամբ ղեկավարվում է մեր ավագ եղբայրը՝ Ռուսաստանի Դաշնությունը) նման որոշում (մեր օրինակում՝ վճիռը) կարող էր կողմերից մեկի, կոնկրետ դեպքում՝ հայցվոր Ա-ի կողմից գանգատարկվել (բարեփոխված տերմինով՝ բողոքարկվել) երկրորդ ատյանին՝ ՀՀ Գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիային։ Կարող էր վիճարկվել հաշտության պայմանագրի հիմքերը (ասենք՝ պատճառաբանելով, որ կնքվել է մոլորության, խաբեության, մի խոսքով՝ իր կամքին հակառակ) ու պահանջել այդ որոշումը բեկանել ու գործը վերադարձնել առաջին ատյանի դատարանին, նոր այս անգամ արդեն, ըստ էության, վեճը քննելու։ Կարծես տրամաբանական է մարդը, ինչպես ասում են, փոշմանել, խնդրում է հնարավորություն տալ գործը մանրամասն քննել (լսել վկաներին, հետազոտել փաստաթղթերը եւ այլն) եւ լուծել իր պահանջն ամբողջությամբ։ Սակայն (STOP. շահեց մեկ տոմս… ներեցեք՝ կանգ առեք) այդ բողոքը, այդ իմաստով, բարեփոխված՝ ժողովրդավարական, գործող օրենսդրությամբ, չի կարող Վերաքննիչ դատարանում քննության առնվել։ Վերաքննիչ դատարանն օժտված չէ գործը կարճելու մասին վճռի օրինականությունն ու հիմնավորվածությունն ստուգելու եւ անհիմն համարելու դեպքում այն բեկանելու, գործը վերստին քննելու համար դատարան վերադարձնելու իրավունքներով։ Իսկ նախկին «շատ վատ ու հետամնաց» օրենքը նման կարգ էր սահմանել իր 314 հոդվածով։ Բնական է, առաջ է գալու այն հարցը, թե՝ բա ի՞նչ անենք…

Տողերիս հեղինակը, որպես փաստաբան, անվճար խորհուրդ կտա՝ համբերել, հետեւել գործի հետագա ընթացքին, իսկ հարցադրումը՝ ինչ անելու մասին, միասին կուղղենք… վերջում կասեմ՝ ում։ Այսպես, ուրեմն։ Դիմելով Վերաքննիչ դատարան, Ա-ն իբրեւ թե բողոքում եւ հայտնում է, որ միտումնավոր Բ-ի համար ծուղակ է սարքել (քիչ է մնում դետեկտիվ ֆիլմ դառնա), հաշտության պայմանագիրը ստորագրելով, նպատակ է ունեցել ապացուցել, որ եթե պատասխանող Բ-ն գնում է փոխզիջման եւ համաձայն է գույքի մի մասը վերադարձնել, ուրեմն գույքի ամբողջի մասին իր պահանջը հիմնավոր է (նույնիսկ Կաշպիրովսկուն դժվար թե հաջողվեր մարդուն նման վիճակի մեջ դնել)։ Ինչեւէ… բողոքը ստացել է Վերաքննիչ դատարանը, պետք է քննի… բայց ի՞նչը… ճիշտ եւ ճիշտ, ինչպես պոլյե չուդեսում՝ կարո՞ղ եք որոշել, թե ինչ է քննելու… քննելու է դատարանին ներկայացրած հայցապահանջը։

Պատասխանող Բ-ն առարկում է, թե ախր բողոքը գործը կարճելու մասին է։ Դուք ինչո՞ւ եք այդպես վարվում։ Պատասխանում են՝ մեզ չի հետաքրքրում, Վերաքննիչ բողոք ունենք՝ վերջ, մենք կրկին անգամ քննող դատարան ենք, հայցը քննելու ենք սկզբից մինչեւ վերջ, պարզենք՝ ում ի՞նչ է հասնում։ Ախր այ (ընկեր ասեմ՝ կոմունիստ կամ դաշնակ կհամարեք ու գործիս օգուտ կամ վնաս կլինի՝ չգիտեմ, պարոն ասեմ՝ ՀՀՇ-ական կհամարեք՝ ավելի վատ, բա ի՞նչ ասեմ) Վերաքննիչ դատարան, որ վճիռ կայացնեք ու կողմերիցս մեկը, ասենք՝ ես, դժգոհ մնամ՝ ո՞ւմ պիտի բողոքեմ, չէ՞ որ բարեփոխված օրենքով ձեր վճիռը մեր կողմից բողոքարկման (բողո՜ք, չէ մի՝ դատախազ, առաջ լավ չէ՞ր, մեղմորեն գանգատ էր կոչվում) ենթակա չէ։ Եթե այդ չարաբաստիկ վճիռը չկայացվեր, առաջին ատյանի դատարանի վճիռը՝ գույքի բաժանման վերաբերյալ, կարո՞ղ էինք, չէ՞, վերաքննիչին բողոքարկել, բա հիմա, որ դուք քննեք, ո՞ւմ բողոքարկենք։ Ինչո՞ւ եք մեզ տրված դատական մեկ ատյանի բողոքարկման իրավունքից զրկում։ Հո կրակը չընկա՞նք, հաշտություն կնքեցինք։

Հայցելով ընթերցողի ներողամտությունն ու ակնկալելով մեր մասնագիտությանը մոտ կանգնած բուժաշխատողների հումորի զգացումը, թույլ տվեք ասել, Վերաքննիչ դատարան, դուք հո նման չեք շուկայական հարաբերություններին հարմարված այն վիրաբույժին, որ հենց ասում են կողքս ծակում է, դնում ու կույր աղիքը վիրահատում է… Ես գիտեմ, որ Վերաքննիչ դատարանը կրկին անգամ քննող դատարան է, բայց չէ՞ որ ձեզ կրկին անգամ քննելով, տվյալ կոնկրետ դեպքում մենք զրկվում ենք Սահմանադրությամբ երաշխավորված, չասեմ վերադաս, սակայն երկրորդ ատյանի դատական պաշտպանության իրավունքից։ Ինչո՞ւ… Վերեւում տրված խոստմանս հավատարիմ մնալով, պատասխանն ակնկալում ենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հեղինակներից։

ԺՈՒԴԵՔՍ ՇԱՔԱՐՅԱՆ

«Մարդու իրավունքներ -96»

սոցիալ-ժողովրդավարական կուսակցության վարչության անդամ,

փաստաբան

Հ. Գ. Իսկ թե ինչո՞ւ է Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղ.դատ. օր.-ի 110 հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակառակ ընդունել բողոքը՝ կրկին անգամ քննելու հայցը, առանձին նյութի թեմա է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031