Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՀՈՍՔ՝ ՀԴԿ-ԻՑ

Հուլիս 27,1999 00:00
karine danielyan

Հարցազրույց Հայդեմկուսի նախկին անդամ Կարինե Դանիելյանի հետ

-Տիկին Դանիելյան, ՀԴԿ-ն ԱԺ ընտրություններից հետո, իմ տպավորությամբ, գտնվում է տոտալ պասիվության վիճակում։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

– Ես չեմ կարող համաձայնել կամ չհամաձայնել այդ տեսակետին, որովհետեւ դուրս եմ եկել կուսակցությունից, բայց ոչ թե այն պատճառով, որ այն վատն է կամ համաձայն չեմ որոշ գործընթացների հետ, այլ՝ որ սկզբունքորեն որոշել եմ հեռանալ քաղաքականությունից։ Իմ պատկերացմամբ, իմ մենթալությունը համահունչ չէ այն համատարած մտածելակերպին, որն այսօր գերիշխող է Հայաստանում։

– Չեմ հասկանում, ի՞նչ եք ասում։

– ԱԺ ընտրությունները շատ շրջադարձային իմաստ ունեցան ինձ համար։ Ակնհայտորեն երեւաց, որ երկրի որակն է փոխվել. երկիրը փոխվել է, ժողովուրդը փոխվել է, ինչը մենք գուցե չենք էլ նկատել։ Ընտրություններում դա ակնհայտորեն երեւաց։ Ես չեմ խոսում համամասնական ընտրությունների մասին։ Խոսքս մեծամասնական կարգով կատարված ընտրության մասին է, երբ, փաստորեն, տարածքների ավելի քան 90 տոկոսում ժողովուրդը նախապատվությունը տվեց ուժին եւ փողին։ Ժողովուրդն այդ հատկանիշներով օժտված մարդկանց, իրոք, ընտրեց։ Դա նշանակում է, որ չափանիշները, արժեքային համակարգն է փոխվել, ու ես այլեւս իրավունք էլ չունեմ քաղաքական գործընթացների վրա ազդելու փորձ անել։ Միգուցե չափազանցնում եմ։ Բայց այսօր ես ունեմ երկու ճանապարհ. կամ փոխել սեփական արժեքային համակարգս, ինչը դժվար է այս տարիքում, կամ էլ սպասել գործընթացների ծավալմանը՝ համոզվելու, որ իմ ընկալումները սխալ են։ Ես այնքան լուրջ եմ դա համարում, որ որոշեցի չմասնակցել անգամ ՄԱԿ-ի ռեգիոնալ կոնֆերանսին, որը կազմակերպված էր հասարակական եւ գիտական սեկտորի համար, եւ որը տեղի ունեցավ Ալմա-Աթայում։ Մենք, տվյալ դեպքում, ասիական ռեգիոնի երկրների մեջ ենք, որտեղ ընդգրկված են Անդրկովկասի բոլոր պետությունները, Իրանը, Իրաքը, միջինասիական երկրները եւ Թուրքիան։ Մտածում եմ, որ միգուցե ես այսօր, իբրեւ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, իրավունք չունեմ ներկայացնել իմ ժողովուրդը։ Հավանաբար, պետք է ներկայացնեն այն մարդիկ, որոնք ընտրվեցին պատգամավոր։ Նրանց շրջապատը, գուցե, պիտի դա անի։ Ես, իրոք, չգիտեմ, որքանով է ճիշտ իմ մտածելակերպը։

Ապրիլին Վենետիկում մասնակցեցի ՆԱՏՕ-ի կոնֆերանսին։ Ամբողջ շաբաթ քննարկվում էին Կասպից ռեգիոնի կայուն զարգացման խնդիրները։ Այնտեղ, որտեղ էկոլոգիա է, միշտ էլ կողքին քաղաքականություն կա։ Իմ զեկուցումը վերաբերում էր նավթահանման ծրագրի իրականացման դեպքում մեզ սպասվող սեյսմիկ վտանգին, բայց բուն բնապահպանական խնդիրները քննության առնվեցին ընդամենը մեկ օր։ Երեք-չորս օր անընդմեջ քննության էր առնվում ՆԱՏՕ-ի Կովկաս մտնելու հարցը, որպեսզի լուրջ զարգացումներ լինեն, որպեսզի խաղաղարար ուժերը նորմալ գործունեություն ծավալեն տարածաշրջանում։ Իմ Երեւան վերադառնալուց ընդամենը երկու օր հետո սկսեցին Կոսովոյի ռմբակոծումները։ Մեր քննարկումների ժամանակ, բնական է եւ պարզ, շատ ակտիվ էին ադրբեջանցիները, որոնք պնդում են, թե Կովկասի զարգացման հեռանկարների առումով, ՆԱՏՕ-ի եւ հատկապես Թուրքիայի ներկայությունը տարածաշրջանում, միակ ելքն է։ Բայց ասեմ նաեւ, որ շատ ակտիվ էին վրացիները եւս, որոնք, ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական մակարդակով պատվիրակություններ էին ուղարկել եւ հանդես էին գալիս գրեթե ադրբեջանցիների դիրքերից՝ ներկայացնելով, թե Հայաստանն է խանգարում տարածաշրջանի զարգացմանը։

Մեկ շաբաթվա բանավեճի արդյունքում, համենայնդեպս, ինձ հաջողվեց այնպես անել, որ խնդրո առարկայի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չընդունվի։ Բայց ես չգիտեմ, այլեւս իրավունք ունե՞մ հանդես գալ որպես հայաստանյան մտածողության ներկայացուցիչ, ու գնալ Ալմա-Աթա, որտեղ պետք է մատնանշվեին հազարամյակի ազդեցիկ մարդիկ։ Իրավունք ունե՞ի գնալ-ասել, որ պետք է Նարեկացու անունը նշել, Արամ Խաչատրյանի, Վիկտոր Համբարձումյանի։ Միգուցե հիմա այլ արժեքներ կան։ Այնտեղ նշվում էր Նապոլեոնի անունը, Չինգիզ խանի, գուցե ուժայի՞ն ինչ-որ մեկի անունն է պետք տալ, կամ այդ ոլորտից մեկը պետք է գնար։ Գուցե եղեռնի մատնանշումն էլ խանգարեր բիզնեսին։ Միգուցե պետք է Մանթաշովի՞ն նշել, չգիտեմ։ Այս ընտրություններից հետո հասարակական մտածելակերպում, անշուշտ, շատ բան է փոխվելու։ Նորից հարգի կդառնան հայազգի վաճառականների անունները, ինչը ես ամենեւին էլ բացասական միտումով չեմ ասում։ Այս հիմքերով է, որ շատ հանգիստ հրաժարվեցի Ալմա-Աթա մեկնելու մտքից։

– Տիկին Դանիելյան, շատ հեռացանք մեր բուն խոսակցությունից։ Բայց միայն դուք չէ, որ հեռացել եք կուսակցությունից, չէ՞, օրինակ՝ ՀԴԿ նախագահի տեղակալներ Արմեն Հովսեփյանը, Արամ Սաֆարյանը, գրականագետ Ազատ Եղիազարյանը եւ այլք։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

– Ես չէի ուզենա այս հարցի մասին խոսել, բայց պարզապես կարող եմ ասել, որ Արամ Սաֆարյանը եւ Արմեն Հովսեփյանը կուսակցությունից չեն հեռացել։ Էթիկայից դուրս է, որ ես այդ հարցի վերաբերյալ կոմենտարներ անեմ։

– Իսկ ի՞նչ գնահատական կտայիք ՀԴԿ-ի վերջին մեկ տարվա գործունեությանը։

– Ես շատ ափսոսում եմ, որ կուսակցությունը տեղ չգտավ պառլամենտում, որը մտավորականների կազմակերպություն է։ Կարծում եմ՝ ՀԴԿ-ն կարող էր դերակատարություն ունենալ խորհրդարանում եւ շատ ցավում եմ, որ ընտրություններում նման պարտություն արձանագրեց։

Զրույցը վարեց

Ա. ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031