Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ Ո՞Վ Է ՀԻՇՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԾԱԽՍԱԾԻ ՄԱՍԻՆ

Օգոստոս 14,1999 00:00
meshok

Բյուջեի ճեղքվածքը կարկատելու եւս մի բացթողնված հնարավորություն

«Ընտրական օրենսգրքի» 139 հոդվածի 27-րդ կետի համաձայն, պատասխանատվություն է ենթադրում «թեկնածուների եւ կուսակցությունների կողմից նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ սահմանված կարգով հայտարարագիր չներկայացնելը»։ Օրինախախտները կարող են տուգանվել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից, մինչեւ երկուհարյուրապատիկի չափով։ Տեղյակ ենք, որ օրենսգրքերի, օրենքների համար որպես հաշվարկման հիմք առայժմ պահպանվում է նվազագույն աշխատավարձի նախկին չափը՝ հազար դրամը, ուստի այս դեպքում խոսքը 100 հազարից-200 հազարի տուգանքի չափի մասին է։ Եվ չնայած կրկնակի անգամ օրենքով սահմանված ժամկետը խախտվեց, իսկ 627 պատգամավորներ այդպես էլ հայտարարագրեր չներկայացրին (ինչպես նաեւ «Ազգային պետություն» կուսակցությունը) ԿԸՀ-ն վերջապես որոշեց… 487 պատգամավորի եւ թեկնածուների վարչական պատասխանատվության ենթարկելու համար դիմել դատարան։ Ուշացումով, ոչ հավասարապես բոլորի նկատմամբ, բայց օրենքի պահանջն, այնուամենայնիվ, հարգվեց։

Փոխարենն առայժմ ձեն ու ծպտուն չկա, այն պատգամավորների եւ թեկնածուների մասին, որոնք, ճիշտ է, հայտարարագրեր ներկայացրել են, բայց թռուցիկ հայացքն իսկ բավական է եզրակացնելու համար, որ նախընտրական հիմնադրամն ու քարոզչական իրապես կատարված ծախսերը երկու մեծ տարբերություններ են։

Այսպես, թիվ 3 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Նորիկ Այվազյանի հայտարարագրի համաձայն, նա նախընտրական հիմնադրամում ունեցել է 200 հազար դրամ, որն էլ ամբողջությամբ ծախսել է։ Մինչդեռ սույն կարկառուն եւ իր ներկայությամբ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը զարդարող իրավաբանը հուլիսի 7-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանին ուղղված՝ ընդդեմ «Օրագիր» օրաթերթի հայցադիմումի մեջ բավական պատկերավոր եւ համոզիչ նկարագրել եւ հիմնավորել էր, որ քարոզարշավի ընթացքում 16 մլն 634 հազար դրամ է ծախսել։ Այս անգամ անտեսենք, որ ընդամենը 5 մլն դրամ ծախսելու իրավունք ուներ։ Բայց ինչպե՞ս է իրեն թույլ տվել հիմնադրամից դուրս 16 մլն 434 հազար դրամ ծախսել։ Չէ՞ որ կարկառուն իրավաբանը չէր կարող գոնե դա էլ չիմանալ, թե «Ընտրական օրենսգրքի» 112 հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ պատգամավորության թեկնածուները եւ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները «նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրավունք ունեն օգտագործել միայն իրենց նախընտրական հիմնադրամի միջոցները»։ Կամ էլ գուցե օրենքի խիստ փայլուն իմացությունը տեղի՞ էր տվել «Օրագրի» միջոցով իրականում ծախսած փողերը փոխհատուցելու ձգտման առջեւ։

«Իմ լեզուն իմ թշնամին է»՝ իրավամբ կարող է ասել Նորայր Այվազյանը։ Քանի որ հայտարարագրեր ներկայացրածների մեջ նա կարծես միակն է, որի վերաբերյալ իր իսկ կազմած փաստական հիմքով կարող ենք վստահ պնդել, որ նա ոչ միայն խախտել է օրենքը, այլ նրա ներկայացրած հայտարարագիրն էլ ձեւական մի բան է։ Չնչին բացառություններով մյուսներինն էլ է նույնը, բայց դե այստեղ պիտի ուղղակի համադրես տվյալները եւ էլի ամբողջական պատկեր չի ձեւավորվի։ Թող ինձ վրա քար նետի նա՝ ով համոզված է, թե իր ներկայացրած հայտարարագրում նշվածի պես, ասենք թիվ 4 ընտրատարածքի ընտրյալ Լեւոն Սարգսյանն ընդամենը 1 մլն 450 հազար դրամ է ծախսել։ Եվ կամ, հավատո՞ւմ եք, թե՞ ոչ, որ թիվ 5 ընտրատարածքի չընտրյալ Փայլակ Հայրապետյանն ընդամենը 2 մլն 243 հազար դրամ էր ծախսել։ Մոռացեք այդ թվերը բազմապատիկ գերազանցող գոնե բաժանված ընտրակաշառքների մասին պնդումները։ Հո կաշառքները չէի՞ն հայտարարագրելու։

Ի դեպ, հրապարակված հայտարարագրերի համաձայն, թիվ 7 ընտրատարածքի պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը («Ծաղիկնե՜ր, ծաղիկնե՜ր») միակն է, որ իր հիմնադրամում ունեցել է այնքան, ինչքան իրավունք ուներ ծախսել՝ 5 մլն դրամ։ Երկրորդ տեղում Խոսրով Հարությունյանն է՝ իր 4 մլն 918 հազար դրամով։ Եվ միայն երրորդն է Խաչատուր Սուքիասյանը՝ 4,5 մլն դրամով։ Մնացածների դեպքում տվյալները խիստ համեստ են, լավագույն դեպքում՝ 1-2 մլն դրամ։ Նայում ես այդ թվերին ու չես հավատում, մի՞թե այս նույն մարդիկ են ելույթներ ունեցել ընտրություններից մի քանի օր առաջ արդեն 3500 դոլար դարձած «Այսօրով» կամ 2 հազար դոլարանոց «Հետագծով»։ Մի՞թե այս մարդկանց թանկարժեք տպագրությամբ բուկլետներն ու գունավոր դիմապատկերներն էին հեղեղել հանրապետությունը։ Մինչդեռ նրանց հիմնադրամում եղած ամբողջ գումարն իսկի այս ամենի համար վճարի կեսին էլ չի բավարարում։

… Հետեւողական լինեն նախընտրական հիմնադրամներում արձանագրված միջոցների եւ կատարված ծախսերի համապատասխանությունը պարզելու հարցում՝ գրեթե բոլորի գրանցումը պիտի չեղյալ համարվի։ Բայց դե, ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ասվածը միայն իր պետն է, իսկ այս ամենը պարզելու համար ողջ իրավապահ համակարգի ներուժը թերեւս պահանջվեր։

Եվ հետո, ո՞վ սիրտ ու հավես ունի նոր ընտրությունների։ Այնպես որ, «գրեք սառույցին» այդ հայտարարագրերը, մեր սիրելի օրենսդիրներ, եւ հանգիստ քնեք, դժվար թե ձեզ պատասխանատվության կանչեն օրենքը բացահայտորեն խախտելու համար։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031