Լրահոս
Օրվա լրահոսը

Ավիացիան միայն

Օգոստոս 18,1999 00:00

Ավիացիան միայն փողի շտեմարան չէ Բաց նամակ ՀՀ վարչապետ Վ. Սարգսյանին Հուլիսի 28-ին դուք այցելեցիք «Զվարթնոց» օդանավակայան եւ նույն օրը երեկոյան ելույթ ունեցաք հեռուստատեսությամբ։ Ձեր ելույթը լի էր վճռականությամբ եւ հնչում էր շատ ազդեցիկ։ Սակայն նույնը չենք կարող ասել ձեր օդանավակայան կատարած այցի մասին։ Զգացվում էր, որ դուք որոշ հարցերում անտեղյակ էիք կամ ստացել էիք սխալ ինֆորմացիա։ Եվ դա բնական է, քանզի ձեր շքախմբի անդամներից շատերն ավիացիայից հեռու կանգնած մարդիկ էին, որոնք տեսնում են ավիացիան միայն որպես փողի շտեմարան։ Ինչ գաղափարներ ունի ավիացիայի մասին այժմյան տրանսպորտի նախարարը։ Վստահ կարող ենք ասել, որ ոչ մի։ Մեկ տարուց ավել է, ինչ նա տրանսպորտի նախարար է։ Ինչ է արել մեկ տարվա ընթացքում ավիացիայի բնագավառում։ Կրկին անգամ վստահ կարող ենք ասել, որ ոչ մի լավ բան։ Չկարողանալով «բռի մեջ հավաքել» քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Վ. Մնացականյանին, ազատեց նրան աշխատանքից։ Վարչության պետ դարձավ Ի. Սեյրանյանը, մի մարդ, որն իր սեփական կարծիքը չունի ավիացիայում իրականացվող աշխատանքների վերաբերյալ, ուր մնաց թե իր գործընթացով նպաստեր ավիացիայի բարգավաճմանը։ Դրա վառ ապացույցն է այն, որ վարչության նիստում վարչության պետն ինքն է առաջարկել ավիացիայում կատարվելիք բարեփոխումների ծրագիրը, բայց բոլորս էլ գիտենք, որ վարչության շատ անդամներ դեմ են բարեփոխումների այդ ծրագրին, հենց ինքը՝ պրն Սեյրանյանն էլ հավանություն չի տվել դրան, ենթարկվելով ճնշմանը, իր վրա է վերցրել բարեփոխումների ծրագրի նախարարյան տարբերակը, դրանով իսկ գլխատելով քաղաքացիական ավիացիան։ Մենք պրն նախարարից բացատրություն ենք պահանջում «Օդանավակայանի վերգետնյա սպասարկում» ընկերության վերաբերյալ։ Չգիտես թե ինչու, ինչ սկզբունքներից ելնելով, 1998-ի հունիսի 1-ին «ՀԱՈՒ» ա/ընկերությունից տարանջատեց նրա գործունեության մի օղակը հանդիսացող «ՕՎՍ» ծառայությունը, դարձավ առանձին պետական փակ բաժնետիրական ընկերություն, իսկ այսօր արդեն այդ ընկերությունը ըստ բարեփոխումների ծրագրի միավորվում է ոչ թե «ՀԱՈՒ» ընկերությանը, այլ, չգիտես ինչու, «Զվարթնոց» օդանավակայանին։ Ինչումն է կայանում այդ միացման տնտեսական շահավետությունը։ Նրանում, որ «ՕՎՍ» ընկերությունն աշխատում է շահույթով եւ միացվելով «Զվարթնոց» օդանավակայանին՝ կբարելավի օդանավակայանի տնտեսական վիճակը։ Ուղղակի ծիծաղելի է։ Երկրորդ հարցը՝ ուղղված պրն նախարարին, «Արարատ Ավիա» ՊՓԲ ընկերության մասին է։ Էրեբունի օդանավակայանն Արցախի հետ կապող միակ հույսի օղակն էր, հանձինս նրա այժմյան տնօրեն Ս. Վանցյանի։ Նա էր, որ կազմակերպում էր դեպի Արցախ վտանգներով լի ուղղաթիռների չվերթները, նա էր, որ մխիթարում էր այդ տարիներին զոհված օդաչուների անմխիթար ընտանիքներին։ Եվ վերջապես ինչ իմաստ ունի արցախյան շարժման այդպես սրտացավորեն աշխատող եւ այժմ էլ նորմալ գործընթացով գործող «Արարատ Ավիա» ընկերությունը քանդել (այո՛, քանդել), ոտնահարել տարիներ շարունակ նրա կատարած հայրենանվեր աշխատանքը, վերամիավորել նրան «ՀԱՈՒ» ընկերության հետ։ Ավիացիայի համակարգում տիրող իրադրությանը շատ թե քիչ ծանոթ մարդիկ գիտեն, որ պայքար է գնում մատակարարին փոխելու համար։ Սակայն ինչու, պարզ չէ բոլորին։ Չէ որ այդ մատակարարի ուժերով էր, որ «ԱՎԼ» ՊՓԲԸ հաստատուն ոտքի կանգնեց, որ «ՀԱՈՒ» ընկերությունը գլխովին չտապալվեց, որ Հայաստան հաստատուն գրաֆիկով սկսեցին մուտք գործել վառելիքի բոլոր տեսակները։ Ուզում եք պայքարել մատակարարի դեմ, դա ձեր իրավունքն է։ Սակայն կան մատակարարի դեմ պայքարելու ավելի քաղաքակիրթ մեթոդներ, այլ ոչ թե մի ձեռնարկությունը մյուսին միացնելու մեթոդը։ Քաղաքակիրթ պայքարի օրինակ է հանդիսանում «ԱՎԼ» ընկերության կողմից հայտարարված մրցույթը՝ ավիավառելիքի մատակարարի համար։ Հավաստի աղբյուրները տեղեկացնում են նաեւ, որ այդ մրցույթը կայացել է օգոստոսի 6-ին։ Հայկական ավիացիայի համար միեւնույն է, թե ով կդառնա ավիավառելիքի մատակարար, կարեւորն այն է, որ Հայաստան ներկրվող ավիավառելիքը լինի էժան եւ համապատասխանի ավիացիայի արդի պահանջներին։ Ճիշտ չէ նեղ մասնագիտացված եւ հաստատուն քայլերով առաջ ընթացող ձեռնարկությունը միացնել մեկ այլ ձեռնարկության կազմում։ Ինչ վերաբերում է «Ավիաբուժ» կենտրոնի միացմանը «Զվարթնոց» օդանավակայանին, ապա եկեք անկեղծ լինենք։ «Ավիաբուժ» կենտրոնը սպասարկում է ամբողջ ավիացիայի համակարգի աշխատողներին, եւ գտնում ենք, որ պետք է գործի անկախ, ինչպես այժմ է։ Եվ մի՞թե բարեփոխումների ծրագրի իրականացման խնդիրն այդքան հրատապ էր, որ մի քանի օրվա մեջ՝ կառավարության մակարդակով լուծվեց այն։ Միգուցե այս հարցի հրատապ լուծումը կապված է մի շատ աստվածահաճո գործընթաց իրականացնելու հետ։ Այն է՝ 1161 մարդկանց (սա դեռ բարեփոխումների ծրագրի սկզբնական էտապում, իսկ հետագայում, Աստված գիտե, թե ինչքան) կրճատումից «տնտեսված» գումարներից 5 մլն ԱՄՆ դոլար առաջիկայում կհատկացվի օդանավակայանի «բարձրակարգ սպասարկման սրահի» վերանորոգմանը, կապված Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հետ։ Հավատացած ենք, որ դուք կարդացել եք օգոստոսի 11-ին «Առավոտում» տպագրված «Ավիացիայում կատարվող բարեփոխումների» մասին հոդված-հարցազրույցը։ Պրն Սաֆարյան, պատասխանեք մեզ հուզող մի հարցի, եթե բարեփոխումները կատարվեին 1995 թ., ինչ էր փոխվելու, դուք անհիմն չէիք բարձրացնելու «ՀԱՈՒ» ընկերության երկու հազարանոց աշխատակազմի աշխատավարձերը, չէիք բացի ոչ շահութաբեր չվերթեր (Դելի կատարվող յուրաքանչյուր չվերթից ընկերությունը կրում է մոտ 60000 ԱՄՆ դոլարի վնաս), այդքան չէիք ուռճացնի տարբեր երկրներում ներկայացուցչությունների ծախսերը (միջին ամսական ծախսը կազմում է 120000 ԱՄՆ դոլար), սա այն դեպքում, երբ ընկերության չվերթների միջին օրական թիվը չի գերազանցում 6-ին։ Պատմությունը ձեր խորհրդատուներին կհիշատակի շատ հազվադեպ, քանզի նրանց արած բոլոր գործերը հիշատակվելու են միայն ու միայն ձեր անվան հետ, ինչո՞ւ եք նրանց գործած մեղքը վերցնում ձեզ վրա։ Հեռու վանեք նման մարդկանց ձեր շրջապատից, քանի որ դուք՝ ինքներդ, ունեք ճկուն կառավարման ձիրք եւ ձեր ընտրած կառավարման ձեւերը շատ սրտամոտ են ժողովրդին։ Մտահոգ ավիատորներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել