Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԷԴՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՈՎԻՉ, Ե՞ՐԲ ԵՆՔ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԵՐ ՓՈՂԵՐԸ

Հոկտեմբեր 12,1999 00:00
militonyan

Գերազանցապես այս հարցի պատասխանն էինք ակնկալում ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ Էդվարդ Միլիտոնյանից։

-Այս տարի կարծեմ վերանայվե՞լ է պետբյուջեով լրատվամիջոցների համար նախատեսված գումարների բաշխման մեխանիզմը եւ այս նպատակով հատուկ հանձնաժողո՞վ է ստեղծվել։

-Այո։ Անցյալ տարվա փորձը նկատի ունենալով, հիշելով բազմաթիվ հրապարակումները այդ վիճահարույց դարձած խնդրի շուրջ՝ որոշեցինք հանձնաժողով ստեղծել՝ առավելաբար վարչությունից դուրս մարդկանց միջոցով բաշխել այդ օժանդակությունը։ Հրավիրեցինք Գրողների միությունից Ֆելիքս Մելոյանին, Լրագրողների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանին, կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Վահրամ Բրուտյանին, հանձնաժողովում ներկայացուցիչներ կան նաեւ ԱԺ-ից, նախագահի աշխատակազմից եւ երկու հոգի էլ տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությունից։

-Այսինքն, լրատվամիջոցների ներկայացուցիչներն ընդգրկված չէ՞ին այս հանձնաժողովում։

-Ոչ, քանի որ հիմնականում բոլոր լրատվամիջոցները դիմել էին օգնություն ստանալու համար։ Ճիշտ չէր լինի, որ մեկի ղեկավարը լիներ, մյուսինը՝ ոչ։ Էլի խոսակցություններ էին լինելու։ Հանձնաժողովի անդամները բոլորն էլ լրատվամիջոցների հետ առնչություններ ունեցողներ են, գիտեն նրանց դարդ ու ցավերը։

-Ի՞նչ սկզբունքներով որոշվեց օժանդակության բաշխումը։

-Պայման կար կուսակցական թերթերին չընդգրկել ցանկում, քանի որ կուսակցություններին բյուջեից գումար տրվում է եւ նրանք, իհարկե, իրենց լրատվամիջոցներին այդ գումարից հատկացում անում են։ Նաեւ կար չտպագրվող թերթերին ցանկի մեջ չընդգրկելու վերաբերյալ պայման. նրանց գումարներ հատկացնելը նույնն է, ինչ ավազի վրա ջուր լցնելը։ Նորաստեղծ, մի քանի ամիս գործող լրատվամիջոցներին նույնպես գումարներ չենք հատկացնելու՝ մինչեւ որոշակիորեն չկայանան։ Չենք ընդգրկել նաեւ կրոնական ուղղվածության որոշ պարբերականներ, քանի որ կրոնական կազմակերպություններն իրենք են հովանավորում եւ պետության օժանդակությունը նրանց հատկացնելը, կարծում եմ, շատ մեծ վեճերի տեղիք կտար։

-Այնուամենայնիվ, ցանկի մեջ հայտնվեցին լրատվամիջոցներ, որոնց որեւէ համար գոնե այս տարի լույս չի տեսել։ Մեր զրույցի առիթը հենց այդ մասին «Առավոտի» հրապարակումը դարձավ։ Ու նաեւ, որ օժանդակության ցուցակի մեջ են հայտնվել առեւտրային ուղղվածության թերթեր, որոնք իրենց եկամուտների հաշվին էլ լավ բարգավաճում են։

-«Առավոտում» բերված էր «Հայաստանի աշխատավորուհու» օրինակը, որը բազում տարիներ տպագրվել է, արդեն կայացած ամսագիր է։ Վերջին շրջանում տպագրվել է, գիտենք, որ համարն արդեն տպարանում էր։ Մեր հասարակության մեջ կանանց մասին եւ կանանց աշխատանքով ստեղծված շատ քիչ պարբերականներ կան։ Մենք էլ, հարգելով կանանց, որոշեցինք օժանդակել նրանց։ Անցած տարի էլ էին դիմել՝ չէին օգնել։ Նույնը եւ «Նե» պարբերականը, որն այս տարի համարներ լույս ընծայել է, նաեւ հարակից մի շարք գրքեր, օրացույցներ է հրատարակել։ Կարծում եմ, որ պիտի օգնեինք նման պարբերականներին։ Ինչ վերաբերում է «Առավոտի» մատնանշած այլ օրինակներին՝ դրանք հիմքում զուտ առեւտրային թերթեր չեն։ Ե՛վ «TVR» ամսագիրը, ե՛ւ «TV» ալիքը, ե՛ւ «Եթերը», ճիշտ է, ռադիոհեռուստատեսային ծրագրեր են հրապարակում, բայց դրանք տպագրում են նաեւ մնացած բոլոր թերթերը։ Ուստի, դա որպես մեկնակետ չընդունենք։ Գովազդներ հրապարակում են նույնպես գրեթե բոլոր թերթերը։ «Եթերի» 24 էջերի մեջ քիչ չեն այն նյութերը, որոնք վերաբերում են հեռուստատեսության անցյալին, կինոաստղերի կյանքին, կան նաեւ վերլուծական հոդվածներ եւ այլն։ Հաշվի առնենք նաեւ, որ նրանք մեծ հարկեր են մուծում եւ ամենամեծ տպաքանակն ունեցող թերթերն են, լույս են տեսնում ե՛ւ հայերեն, ե՛ւ ռուսերեն։ Եվ որեւէ մեկը չի կարող ասել, որ դրանք թերթեր չեն եւ այսօր կարեւոր չեն։ Համենայնդեպս, մարդիկ գնում են ու թերթերի մրցակցության մեջ նրանք իրենց տեղն ունեն։ Եվ մենք քննարկելով այդ հարցը, որոշեցինք նրանց էլ որոշ գումար հատկացնել, իհարկե, ոչ այնքան մեծ՝ ինչքան օրաթերթերին։

-Գերատեսչական թերթերին է՞լ եք օգնություն հատկացնելու։ «02»-ի տպաքանակն էլ, մեղմ ասած, փոքր չէ։

-Ո՛չ։ Գերատեսչական թերթերը բյուջեից գումարներ ստանում են։ Մենք որոշեցինք հիմնականում անկախ թերթերին տալ այս օժանդակությունը, որ հույս ունենք՝ կօգտագործվեն մեր վարչության կամ Լրագրողների, Գրողների միությունների հետ համատեղ, լավ եւ ընդունելի ծրագրերի վրա։ Ասենք, Գրողների միության պարբերականները կարող էին ժամանակակից գրականությանն առավել ուշադրություն դարձնել եւ այլն։

-Բաշխման ընթացքում ի՞նչ առաջնահերթություններ եք ունեցել։

-Առաջնահերթությունները գրական եւ մանկական մամուլը եւ օրաթերթերն են։ Գրական մամուլն այնքան էլ լավ վիճակում չէ, շատ փոքր տպաքանակներով է լույս տեսնում, դժվարություններ կան, որոնք նաեւ անդրադառնում են մշակութային կյանքի վրա։ Մանկական մամուլում ոչ գովազդներ են հրապարակվում, ոչ ծրագրեր։ Իսկ Հայաստանում եւ Սփյուռքում շատ մեծ է այդ մամուլի կարիքը։ Գիտենք, որ դժվարություններ ունեն նաեւ ամեն օր լույս տեսնող թերթերը եւ կփորձենք նաեւ նրանց օգնել այս դժվար ժամանակներում։ Մենք նաեւ օժանդակել ենք Հայաստանի ազգային փոքրամասնությունների թերթերին՝ «Ռյա Թազային», «Եզդիների ձայնին» եւ «Դնիպրոյին»։ Ռուսալեզու թերթերին նույնպես ներառել ենք այդ ցանկի մեջ։ Հաշվի առեք նաեւ մարզային թերթերը, որոնք փոքր թիվ չեն կազմում։

-Հանձնաժողովն այս ցանկը կազմել է, բայց վերջնական որոշումը ե՞րբ է լինելու։

-Հանձնաժողովի առաջարկներն ամփոփվել եւ ներկայացվել են ֆինանսների նախարարություն։ Նրանք իրենց կարծիքը կասեն՝ հետո կներկայացնենք կառավարությանը, որն էլ կորոշի՝ պահպանե՞լ այս ձեւն ու կարգը, թե՞ ոչ։ Աշխատում ենք, որ արագ պատասխանեն՝ կառավարությունից էլ են մեզ շտապեցնում, որ այս հարցն արագ լուծում ստանա»։

Հարցազրույցը վարեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031