Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց հանրային քննարկման վերցրել ու դատախազության խարազանը կապել են մարդկանց ջանին, մենք այս շենքն ինչո՞ւ պիտի վաճառենք». Էդվարդ Միլիտոնյան

Ապրիլ 13,2024 16:50

Հայաստանի Գրողների միությունում այսօր տեղի ունեցավ համաժողով, որի շրջանակներում քննարկվեց ՀԳՄ շենքի վերաբերյալ Գլխավոր դատախազության՝ Վարչական դատարան ներկայացրած հայցադիմումը։

Նշենք, որ Գլխավոր դատախազությունը հայտնել է Հայաստանի Գրողների եւ Նկարիչների միությունների շենքերը պետականացնելու նախաձեռնության մասին։ 

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր ելույթում ասաց՝ Վարչական դատարանում գտնվող դատախազության հայցադիմումով պատասխանող կողմ է Կադաստրի կոմիտեն, որը 25 տարի առաջ, ըստ Գլխավոր դատախազության, հանիրավի որոշում է կայացրել՝ սեփականության իրավունք շնորհելով ստեղծագործական միություններին, ՀԿ-ներին եւ միավորումներին։ «Միայն դատախազությունը չէ, նյութերը գնացել են նաեւ Հակակոռուպցիոն կոմիտե։ Մտածում են՝ ման գան, գտնեն, 1999 թվականին Հայաստանի գրողների միության նախագահ եղել է Հրանտ Մաթեւոսյանը, կոռուպցիոն ի՞նչ գործարքներ է արել, որ Գրողների միության շենքին սեփականաշնորհման իրավունք է տրվել։ Այսինքն՝ Վահագն Դավթյանից, Ռազմիկ Դավոյանից մինչեւ Հրանտ Մաթեւոսյան պետք է նայեն՝ կոռուպցիոն ինչ գործարքներ են այս մարդիկ արել։

Ես էլ ուսումնասիրեցի եւ տեսա՝ ինչ «կոռուպցիա» է եղել։ Իրենք, չգիտեմ՝ ազնվաբար, թե ոչ ազնվաբար, իրենց անձնական տպագրած գրքերը նվիրել են Կադաստրի կոմիտեի նախագահին։ Եվ նախագահն ընթերցելուց հետո շատ է հուզվել, միանգամից ասել է՝ ձեզ սեփականաշնորհման իրավունք ենք տալիս։ Հիմա Հակակոռուպցիոն կոմիտեն երեւի թե այդ գրքերը կընթերցի եւ կմտածի, որ այնտեղ կոռուպցիա չկա, պոեզիա կա։ Այդպիսի իրավիճակ է, որն ինձ հիշեցրել է Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» վեպը եւ շատ այլ զավեշտալի վեպեր ու կոմեդիաներ։ Սա մեր կյանքի կոմեդիաներից է, որին մենք պետք է դիմադրենք»,- ասաց Միլիտոնյանը։

Նրա խոսքով՝ Կադաստրի կոմիտեն պետք է արժանապատվություն ունենա՝ պաշտպանելու օրենքը, որը հիմնված է եղել ՀՀ կառավարության որոշման վրա։ Ըստ Միլիտոնյանի՝ սեփականաշնորհման որոշումները հենց այնպես չեն կայացվել, դրա համար բոլոր հիմքերը կան։ 1999 թվականի մարտի 12-ին գրանցվել է «Հայաստանի Գրողների միություն» ՀԿ սեփականության իրավունքը։ Գրողների միության անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության՝ 1998 թվականի մայիսի 21-ի թիվ 311 որոշումը։ 2001 թվականին Կադաստրի կոմիտեն կրկին կատարել է Գրողների միության սեփականության իրավունքի գրանցում՝ նույն հասցեով։ «Դատախազությունը գտել բերել է 1990 թվականի սովետմիության ինչ-որ որոշում, որն արգելում է ՀԿ-ներին, միավորումներին ինչ-որ սեփականության իրավունք ունենալ։ Սովետմիության օրենքները երբ պետք է, հիշում են, երբ պետք չէ, չեն հիշում։ Այն տպավորությունն է, որ 30 տարի մեր պետությունը վիրտուալ պետություն է եղել, օդի մեջ ծածանվել է, ով ինչ որոշում ուզեցել, կայացրել է։ Եվ պետությունը քնած է եղել փաստորեն, 25 տարի հետո Մսրա Մելիքի պես զարթնել է ու մեկ էլ տեսել է՝ շենքերը ձեռքից տարել են, ամեն ինչ տարել են։ Հիմա Դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեի հետ քրտաջան, Վարչական դատարանն ավելի քրտնաջան արագ լծվել են այս գործին։ Այնպիսի արագություն են վերցրել, չգիտեմ՝ ինչ են գտնելու»,- հավելեց նա։

Միլիտոնյանն ասաց, որ զարմանալի է՝ առանց հանրային քննարկման ու առանց որեւէ հարցադրում անելու՝ վերցրել ու «դատախազության խարազանը կապել են մարդկանց ջանին»։

Նա դիմեց գրողներին. «Ընկերներ, պետք է անել մի պարզ բան՝ միությունների սեփականաշնորհման իրավունքը պահպանվում է, բայց ստեղծագործական միությունների համաժողովներն ընդունում են մի որոշում, որ դրանք ենթակա չեն վաճառքի։ Վարչապետի կողմից Ազգային ժողովում հայտարարվեց՝ մենք ստեղծագործական միությունների համար ենք մտածում, որ հանկարծ իրենց շենքերը չծախեն։ Ընկերներ, մեր փոխարեն շատ են վախենում, եկեք այդ վախը փարատենք այս առաջարկությամբ, գուցե կարողանան կոմպրոմիսի գալ ու իրենց հրահանգած փաթեթները հետ վերցնեն, նստեն մեզ հետ քննարկեն։ Մենք այս շենքը ինչո՞ւ պիտի վաճառենք կամ թույլ տանք, որ վաճառվի»։

Միլիտոնյանը կոչ արեց իշխանություններին, որ վերջ տան այս պատմություններին եւ իզուր չզայրացնեն գրողներին ու արվեստագետներին։ Նա ասաց, որ իրենց փաստաբանների հետ միասին գրողներն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի իրենց սեփականաշնորհման իրավունքը չզիջեն։ Պայքարի մեթոդներից մեկն էլ, ըստ Միլիտոնյանի, կարող  է լինել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930