Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐԾԵՍ ԱՅԼԵՎՍ ԶՈՒՐԿ Է ՀԵՆԱՐԱՆԻՑ

Դեկտեմբեր 07,1999 00:00
manvel grigoryan

ԵԿՄ 4-րդ համագումարի ելույթներից Վահան Շիրխանյանի խոսքը միայն խոսակցության տեղիք տվեց։

Հատկապես երբ ասվեց. «…Տեղի է ունեցել դարի ոճրագործություն, որը կամա թե ակամա վերացրել է ժողովրդի վստահությունը եւ հավատը։ Հայաստանի նման բազմահոգս երկրում, որեւէ խնդիր լուծել այս կարկատված, կարծեցյալ կայունության, իսկ ներքուստ՝ պայթյունավտանգ իրավիճակում, ուղղակի անհնարին է։ Դեպքը ինքը եւ երկրի առջեւ կանգնած անհետաձգելի լուծում պահանջող խնդիրները ենթադրում են նախագահական նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, եւ դա խիստ տրամաբանական է, քաղաքականապես եւ բարոյապես արդարացված է։ Միայն այս դեպքում մենք կարող ենք վերականգնել ժողովրդի վստահությունը, հավատը, ունենալ իրական կայունություն, երկիրը փրկել կործանումից եւ ապահովել նրա բնականոն զարգացումը…»։ Դահլիճից դուրս, խոսակցությունը տարբեր ձեւերով էր վերլուծվում։ Ենթադրություններ էին արվում՝ որքան ժամանակ է մնացել Ռոբերտ Քոչարյանին. երկու-երեք ամի՞ս, թե՞ ավելի քիչ։

Երբ արդեն ԵԿՄ վարչության նորընտիր նախագահ Մանվել Գրիգորյանը եւ մի քանի անդամներ ասուլիս հրավիրեցին, լրագրողներից մեկի հարցին՝ հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների մասին (որի մասին խոսել էր Վ. Շիրխանյանը), պրն Շիրխանյանը զարմացավ. «Ես այդպիսի բան ասե՞լ եմ»։ Ասուլիսի ընթացքում համագումարում հնչած մոտեցումներն ու տեսակետները պարզապես ավելի համառոտ կրկնվեցին։ Այն, որ «Հանրապետական» կուսակցությունը եւ «Միասնություն» դաշինքը ԵԿՄ-ի քաղաքական գաղափարների արտահայտիչն է, որ ԵԿՄ-ն անհրաժեշտ, երկրի համար ծանրագույն իրավիճակներում միշտ բանակի հետ է եղել եւ լինելու, որ ԱԺ-ի եւ պատգամավորների անվտանգության ապահովման խնդիրը ոչ թե ՊՆ-ի, այլ ՆԳ եւ ԱԱ նախարարությունների համապատասխան մարմինների խնդիրն էր։ Վարչության անդամները հստակեցրին (առանց անձեր առանձնացնելու), որ դժգոհ են տնտեսական ոլորտից, որը մեր այսօրվա ամենախոցելի տեղն է։ Այդ հարցը մտադիր են քննարկել ՀՀ վարչապետի հետ, իսկ համագումարում ակնարկվեց (վարչապետին), որ «կաբինետում կադրային վերանայումների» ակնկալիք կա։ Հստակեցվեց, որ խոսքը նոր նշանակված նախարարների մասին չէ։

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը իր ծրագրերի մասին ասաց. «Մենք շարժվելու ենք այն ծրագրով, որով շարժվել է մեր Սպարապետը։ Մեր երկրի բոլոր հարցերն էլ անհանգստացնում են մեզ։ Աստված չանի, որ մեր երկրում ծանր վիճակ լինի, բայց ծանր վիճակում բոլոր հարցերով էլ կզբաղվենք։ Ակնկալիքներն էլ՝ միմիայն միասնություն է լինելու, կազմակերպված, բարոյական, ավելի քան առաջ, բոլորս էլ զգաստանալու ենք, մեր Սպարապետի շիրիմը, բարձր պատիվը պահելու համար, կատարելու ենք այն խնդիրները, ինչը որ ինքը կիսատ թողեց»։

«Առավոտի» հարցին, թե ինչու Սամվել Բաբայանը, թեկուզ զուտ որպես զինվորական, ներկա չէր համագումարին եւ արդյո՞ք հրավիրվել էր, Մ. Գրիգորյանը պատասխանեց. «Ինքը Երկրապահի անդամ չի… պաշտպանության նախարարությունը ում հարմար գտել՝ հրավիրել է։ Ղարաբաղի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա էր, ինքն էր հրավիրված, հո 10 հոգի չէին հրավիրելու»։ ՀՀ ՊՆ փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանը հավելեց, որ «Սամվել Բաբայանի հետ կապված խնդիրները լուծվում են ինչպես բոլոր հրամանատարների հետ կապված խնդիրներն են լուծվում։ Մեր հրամանատարներից շատերը հիմա մարտական դիրքերում են։ Ե՛վ հրավիրատոմսերը, ե՛ւ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պաշտպանության նախարարի անձնական տրամադրության տակ են, թե ում է ինքը թույլ տալու, որպեսզի գա Երեւան, մասնակցի համագումարին»։ Հարցն, այնուամենայնիվ, հաճելի չէր պատասխանող կողմին։ Վերջապես մի լրագրող գտնվեց, որն իր հարցից առաջ շնորհավորեց Մ. Գրիգորյանին՝ ընտրվելու առթիվ։ Մ. Գրիգորյանի «Վայ, ապրես, հազիվ մեկը…» անկեղծ ոգեւորությունը ցրեց ասուլիսում սրված-ձգված տրամադրությունը, որից հետո ասուլիսի ընթացքը տեղ-տեղ հումորով էր անցնում։

Ինչեւէ, համագումարից առաջ էլ արդեն հայտնի էր՝ ով է լինելու ԵԿՄ վարչության նախագահը. այլապես համագումարը տեղի չէր ունենա։ Վարչության անդամներին 6 րոպե պահանջվեց (բեմից խորհրդակցություն-նորից՝ բեմ) նորընտիր նախագահին ընտրելու համար։ Համագումարը հաստատեց մի բան. որ ԵԿՄ-ն («Հանրապետական» կուսակցության եւ «Միասնություն» դաշինքի հետ միասին), ֆիզիկական ուժ է, որից զուրկ է ՀՀ նախագահը։ ԵԿՄ նորընտիր վարչության անդամ, ԱԺ «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը նշեց, թե «… «Հանրապետական» կուսակցությունը նախագահական ընտրությունների ժամանակ սատարել է Ռոբերտ Քոչարյանին ոչ թե որպես անձի, այլ գաղափարների, մոտեցումների համար, որը թելադրում էր քաղաքական իրավիճակը։ Եվ եթե այդ գաղափարների պաշտպանությունը հանրապետության նախագահը շարունակելու է նաեւ հետագայում, բնական է, որ «Հանրապետական» կուսակցությունը կպաշտպանի նախագահին»։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031