Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՀԱԿՈԲ ՌՈՒԲԻՆՅԱՆՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՂՄՈՒԿ Է ԲԱՐՁՐԱՑՐԵԼ»

Հունվար 15,2000 00:00
hakob rubinyan

ՀԱՀ ֆինանսական գծով նախկին փոխտնօրեն Վահան Հովհաննիսյանի՝ «Առավոտին» տրամադրած պատասխանում մի հանգամանք չէր կարող առարկությունների եւ հարցականների տեղիք չտալ։ Հակառակ նրա այն պնդման, թե «Կայմը» ՀԱՀ-ին հաղորդումները ոչ թե 600 դոլարով է վաճառում, այլ «կրկնակի, քառակի ավելի ցածր գներով եւ շատ դեպքերում էլ անվճար», «Առավոտի» տրամադրության տակ է 1999-ի մարտին «Կայմի» եւ ՀԱՀ-ի միջեւ կնքված պայմանագրի պատճենը «Անմեղության կանխավարկած» հեռուստահաղորդման վերաբերյալ, որի 4.2 կետում նշված է. «Պատվիրատուն (Հայաստանի ազգային հեռուստատեսությունը- Ա. Ի.) յուրաքանչյուր հեռարձակված հաղորդման համար վճարում է 600 դոլարին համարժեք դրամ՝ համաձայն ՀՀ ԿԲ այդ օրվա կուրսի, ներառյալ՝ ԱԱՀ 20 տոկոս»։

Վահան Հովհաննիսյանն այս փաստաթղթի եւ իր պատասխանի մեջ նշված փաստերի հակասությունն այսպես բացատրեց. «Եթե անհատ հետաքննիչ պրն Ռուբինյանը պատճենահաներ ոչ միայն այդ պայմանագիրը, այլ ՀԱՀ-ի պայմանագրերի ամբողջ թղթապանակը, ապա կպարզեր, որ ինքն արհեստական աղմուկ է բարձրացրել։ Իսկապես, նման պայմանագիր եղել է, բայց այն չի գործել։ Պայմանագրում մեխանիկական սխալ կար։ Այն նկատելուն պես փոխադարձ արձանագրությամբ այդ սխալը վերացվել է, գինն իջեցվել է, գումարը՝ փոխհատուցվել։ Թերեւս միակ պայմանագիրն էր, որ այդպիսի սխալ էր պարունակել»։ Դժվար է ենթադրել, թե պայմանագիրը կազմվել, հաստատվել է Տիգրան Նաղդալյանի եւ «Կայմի» տնօրեն Ավետիս Բերբերյանի ստորագրություններով, երկու հեռուստաընկերությունների կնիքներով՝ այնպիսի մեխանիկական սխալի պայմաններում, որը վերաբերել է թերեւս ամենակարեւոր հարցերից մեկին՝ հաղորդման դիմաց վճարին։ «Այո, հավանաբար, դա իմ սխալն էր,- ասաց Վահան Հովհաննիսյանը։- Անմիջապես կազմվել է լրացուցիչ համաձայնություն եւ արձանագրվել է, որ սխալ է կատարվել։ Ընդ որում, սա շատ վաղուց է եղել, այսինքն՝ հետին թվով հնարավոր չէր կազմել լրացուցիչ արձանագրությունը։ Եվ հետագայում շատ ավելի ցածր վճարով պարբերաբար վճարումներ են եղել, որոնք արձանագրված են։

Այս ամենը կարելի է ստուգել, եւ եթե Ռուբինյանը մի քանի թուղթ ավելի վերցներ՝ այդ անհանգստությունը նրա մոտ կվերանար»։ Թե ինչքան է այժմ վճարվում «Անմեղության կանխավարկածի» յուրաքանչյուր հաղորդման դիմաց՝ առեւտրային գաղտնիք է. Հետաքրքրվեցինք, թե պայմանագրի միայն վճարմա՞ն գումարի վերաբերյալ դրույթն է փոխվել եւ դրական պատասխան ստացանք։ Տեղն է նշել, որ 1999-ի նոյեմբերի 20-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանին ուղարկված դիմումի մեջ Հակոբ Ռուբինյանը մատնանշել էր, թե «Այսօր «ԹիՎի»-ի եւ «Կայմի» պայմանագրերի համեմատությունը վկայում է «չափից դուրս կողմնակալության» մասին եւ ոչ միայն ֆինանսական, այլեւ «ե՛ւ ժամկետների, ե՛ւ պայմանագրի գործողությունը միակողմանի դադարեցման» հարցերում։ «Ես չգիտեմ՝ ինչն է պրն Ռուբինյանին հիմք տվել ենթադրելու, թե բոլոր պայմանագրերը պիտի միատեսակ լինեն,- ի պատասխան ասաց պրն Հովհաննիսյանը։- Այստեղ երեւի ամենաակնհայտ հակասությունը գումարների տարբերությունն է։

Առաջին հայացքից մեծ կողմնակալություն է երեւում, բայց իրազեկ մարդու համար շատ պարզ բացատրություն կա։ ՀԱՀ-ը երկու տիպի պայմանագրեր ունի՝ այն ընկերությունների հետ, որոնք հաղորդումները պատրաստում են իրենց տեխնիկական միջոցներով (իսկ գիտեք, որ հեռուստատեսության այդ միջոցները շատ թանկ են՝ շատ հաճախ տասնյակ հազարավոր դոլարներ արժեն)՝ պայմանագրերում որոշ չափով նկատի է առնվում նաեւ այդ տեխնիկայի ամորտիզացիան։ Ի տարբերություն «ԱՐՏ-13»-ի, «Կայմի», «Պարադիզի» եւ այլ ընկերությունների՝ պրն Ռուբինյանն «Այսօրը» պատրաստում էր ազգային հեռուստատեսության տեխնիկական միջոցներով։ Այստեղից էլ գների ահռելի տարբերությունը»։ «Ավելին, Հակոբ Ռուբինյանը հնարավորություն է ունեցել, եւ դա պայմանագրում արձանագրված է՝ հովանավորներ ներգրավել։ Սա եւս շատ շահեկան տարբերություն է, ստեղծագործական այլ խմբերից, որ աշխատում էին ՀԱՀ-ի տեխնիկայով,- հավելեց պրն Հովհաննիսյանը։- Նաեւ լավ ժամ է ունեցել եթերում ու գովազդ տեղադրելու հնարավորություն, այսինքն, նրան բավական պատկառելի գումար աշխատելու, շահույթ ստանալու հնարավորություն է տրվել, որից, կարծեմ, օգտվել է։ Առնվազն երկու շատ լավ հովանավորչական պայմանագիր, գիտեմ, որ ունեցել է։ Իսկ «Կայմի» վճարվող հաղորդումները հովանավոր ունենալու իրավունք չունեն»։

Մեր հարցին, թե ընդհանրապես ինչո՞ւ ինքը ստանձնեց Հակոբ Ռուբինյանի հարցադրումներին արձագանքելու հանձնառությունը, չէ որ այլեւս հեռուստատեսությունում չի աշխատում, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Անկախ նրանից, թե հիմա որտեղ եմ աշխատում՝ այն շրջանի համար, երբ ես ֆինանսական հարցերով փոխտնօրեն եմ աշխատել՝ պատասխանատվություն եմ կրում ընդունված ֆինանսական որոշումների համար»։ Ինչեւէ, հիշեցնենք, որ Հակոբ Ռուբինյանի հարցազրույցում ֆինանսական գործարքների վերաբերյալ բացահայտումները չնչին տեղ էին զբաղեցնում։ Առավել ծավալուն այս անդրադարձը, ե՛ւ պատասխանի իրավունքի, ե՛ւ հավասարակշռության սկզբունքի ապահովման նպատակով զետեղեցինք։ Ազգային հեռուստատեսությունում սեւ ցուցակի գոյության, Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումներից արմատապես տարբեր տեսակետ ունեցողներին դրանք հեռուստաեթերում արտահայտելու հնարավորություն չընձեռելու վերաբերյալ փաստերին պարզաբանումներ չենք ակնկալում։ Այս առումով ակնհայտ է ակնառուն անընդհատ հերքելու եւ գովասանքից բացի՝ քննադատության առջեւ ականջներ փակելու ձգտումը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31