Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՍԿՎԱ-ՍՏՐԱՍԲՈՒՐԳ-ԴԱՎՈՍ Հունվարի 26-ի առավոտյան,

Հունվար 27,2000 00:00

ՄՈՍԿՎԱ-ՍՏՐԱՍԲՈՒՐԳ-ԴԱՎՈՍ Հունվարի 26-ի առավոտյան, մոսկովյան հանդիպումներից հետո, Ստրասբուրգ ժամանեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Ստրասբուրգյան հանդիպումների մասին քիչ հետո։ Իսկ հիմա մի փոքրիկ անդրադարձ մոսկովյան հանդիպումների բովանդակությանը։ Պրն Օսկանյանը ընդհանուր առմամբ դրական է գնահատում Մոսկվայում տեղի ունեցածը։ Նա գոհունակությամբ անդրադարձավ, որ ԱՊՀ շրջանակներում գործընթացները նորմալ հունի մեջ են, ինչի արդյունքում ստորագրվել է մի քանի փաստաթուղթ։ Հայաստանի արտգործնախարարը կարեւորեց նաեւ հարավկովկասյան 3 հանրապետությունների նախագահների հանդիպումը՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնակատար Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, որի ժամանակ արծարծվել են կովկասյան տարածաշրջանի՝ ներառյալ Հյուսիսային Կովկասը, կայունության եւ անվտանգության խնդիրներ։ Խոսք է եղել Չեչնիայի, Լեռնային Ղարաբաղի եւ Աբխազիայի մասին։ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Քոչարյան-Ալիեւ առանձին հանդիպման դերն էլ Վարդան Օսկանյանը կարեւոր համարեց այն հիմքով, որ հոկտեմբերի 27-ից հետո այն առաջինն էր։ Ստամբուլում նախագահների միջեւ պաշտոնական հանդիպում չի եղել։ Երկխոսությունը, ինչպես ներկայացրեց ՀՀ արտգործնախարարը, կշարունակվի Դավոսում, ուր Վարդան Օսկանյանը մեկնելու է Ստրասբուրգից։ Մոսկվայում, թեպետ տեղի ունեցավ առաջին շփումը հոկտեմբերի 27-ից ի վեր, սակայն այնտեղ բովանդակային քննարկումներ չեն եղել։ Դավոսյան հանդիպումը, Վարդան Օսկանյանի խոսքերով, ցույց կտա՝ գործընթացները կշարունակվեն արդյոք նույն ոգով եւ Ալիեւը պատրաստակամ կլինի հարմարվել Հայաստանում առկա իրողություններին եւ լուրջ փոխզիջումների գնալ, թե գործընթացը կմտնի փակուղի։ Պրն Օսկանյանին խնդրեցինք մեկնաբանել նաեւ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե հակամարտությունները պիտի լուծվեն տարածքային ամբողջականության հիմքի վրա։ ՀՀ արտգործնախարարն անկեղծորեն խոստովանեց, որ նախագահների մամլո ասուլիսի ժամանակ ինքը օդանավակայանի ճանապարհին է եղել, ուստի չի կարող գնահատել, թե ինչ կոնտեքստում է Ռուսաստանի նախագահի պաշտոնակատարն այդ հայտարարությունն արել։ Սակայն, ըստ պրն Օսկանյանի ենթադրության, դա պետք է, որ կոնֆլիկտների կարգավորման ընդհանուր կոնտեքստում եւ ոչ թե կոնկրետ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ասված լինի։ Բոլոր դեպքերում, նման հայտարարությունը բնական համարվեց, որովհետեւ Ռուսաստանն ինքը Չեչնիայի խնդիրն ունենալով, պայքարում է սեփական տարածքային ամբողջականության համար, ուստի ընդհանուր առմամբ, կրկնակի ստանդարտներ չի կարող կիրառել։ Իսկ ինչ վերաբերում է դավոսյան մյուս հանդիպումներին, ապա, ինչպես ներկայացրեց Վարդան Օսկանյանը, այնտեղ Հայաստանի նախագահն ու արտգործնախարարը շփումներ կունենան միջազգային ֆինանսական կազմակերպությունների, մասնավոր բիզնեսի եւ պետական ու կառավարական շրջանակների ներկայացուցիչների հետ։ Նախագահ Քոչարյանը կմասնակցի նաեւ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի խնդիրներին նվիրված կլոր սեղանին։ Այդ 3-4 օրվա ընթացքում նշվեց, որ առավելագույնն է արվել տարածաշրջանային համագործակցության, կայունության պակտի ստեղծման եւ Հայաստան ներդրումներ բերելու հիմքեր ստեղծելու համար։ Անդրադառնալով իր ստրասբուրգյան մեկօրյա այցին, Վարդան Օսկանյանն ասաց, որ պահը շատ ճիշտ է ընտրված։ Ակնհայտ է, որ ԵԽ-ին Հայաստանի անդամակցության հարցն ավարտական փուլում է։ Օրերս Հայաստանին է փոխանցվել մեր պետության ստանձնելիք պարտականությունների փաթեթը, որի դրույթները պիտի իրականացվեն ԵԽ անդամ դառնալուց հետո։ Դրանք վերաբերում են օրենսդրական դաշտին, մարդու իրավունքների ոլորտին, ներքաղաքական կյանքին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։ Վարդան Օսկանյանը ստրասբուրգյան իր այցի հիմնական առաքելությունը տեսնում է նրանում, որ խոսակցություններ ծավալի Հայաստանի՝ ԵԽ-ին անդամակցության մասին։ Ըստ էության, Հայաստանի փաթեթը պատրաստ է, ինչը չես ասի Ադրբեջանի մասին։ Ու եթե կենսունակ է Հայաստանին ու Ադրբեջանին ԵԽ միասին ընդունելու մտայնությունը, ապա պաշտոնական Բաքվի հետ մնալու դեպքում Հայաստանի անդամակցության ձգձգումը ցանկալի չէ։ Այս հիմնական հարցադրումով էլ տեղի են ունենում պրն Օսկանյանի հանդիպումները ԵԽ պաշտոնյաների հետ, որոնց բովանդակությունը կներկայացնենք վաղվա մեր ռեպորտաժում։ ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ «Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31