Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 13,2000 00:00

ԵԹԵ ՉԳԻՏԵՍ ԻՆՉ ԱՆԵՍ, ՈՉԻՆՉ ՄԻ ԱՐԱ Երեկ օրը երկուշաբթի էր՝ ծանր ու հակասական, ինչպես հատուկ է տարվա բոլոր երկուշաբթիներին։ Բայց երեկվա օրը մի քիչ ավելին էր, քանի որ ՀՀ 10-րդ կառավարության ծրագրի հաստատումից հետո առաջին աշխատանքային օրն էր։ Զարմանալի զուգադիպությամբ՝ նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն էր։ Շնորհավորելով վարչապետին, մաղթենք, որ նրա հետ եւս չկատարվի այն, ինչ սովորաբար տեղի է ունենում ՀՀ վարչապետաց դասի հետ՝ չեն հասցնում իրականացված տեսնել իրենց կառավարությունների ծրագրերը։ Իսկ կառավարության շենքում սովորական աշխատանքային օր էր, կառավարության քաղաքացիների եւ նամակների ընդունման բաժնում քաղաքացիներից 18 նամակ էր ստացվել, եկել էին նաեւ առանց նամակ-բողոքների մարդիկ։ Հիմնականում սոցիալական խնդիրներով, ավելի շատ՝ չվճարված աշխատավարձեր ստանալու պահանջով։ Այդ նույն ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ավանդական հանդիպում ունեցավ նախագահ Քոչարյանի հետ, հետո մեկնեց Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատուն՝ ցավակցությունը հաղորդելու ՍԱՀ-ի նախագահ Հաֆեզ Ասադի մահվան կապակցությամբ։ Ցավակցությունը հայտնելիս վարչապետն ասել է. «Հաֆեզ Ասադը սերունդներին թողել է շատ դասեր։ Դրանցից մեկը հայ-արաբական, Հայաստան-Սիրիա բարեկամական ամուր կապերի պահպանումն է, եւ այդ դասը սերունդները չպետք է մոռանան»։ Ջոնաթան Լինը ժամանակին, ի թիվս այլ հետաքրքիր մտքերի, ասել է նաեւ հետեւյալը. «Որքան քիչ բան ես պատրաստվում անել, այնքան շատ պետք է խոսես այդ մասին»։ Վերջին տասնամյակում իրար հետեւից փոխվող ՀՀ վարչապետները հրաշալի են իրագործել պրն Լինի այս միտքը։ Ծրագրեր են գրվել, հետո սկսել են խոսել այդ ծրագրերի մասին։ Ու որքան շատ են խոսել, այնքան ակնհայտ է եղել, որ ծրագիրը չի կատարվելու։ Բայց մերոնք նաեւ «մեղմացուցիչ դեպք հանցանաց» ունեն՝ ոչ թե իրենք չեն հասցնում ծրագիրն իրականացնել, այլ՝ հնարավորություն չի տրվում իրականացնել (երեւի չասեմ, բոլորին պարզ է՝ շուտ-շուտ փոխվում են)։ Սակայն նույնիսկ եթե չեն իրականանում, ծրագրերից կարելի է պատկերացում կազմել վարչապետի մտավոր-տնտեսագիտական, վարչապետական եւ մարդկային ունակությունների մասին։ Որքան էլ բարդ եւ հասարակ մահկանացուների համար անհասկանալի էր Հրանտ Բագրատյանի բառապաշարը, մի բան անվիճելի էր՝ Բագրատյանը լուրջ տնտեսագետ էր, հասկանում էր, թե ինչ է հարկավոր անել եւ ինչպես։ Նրանից հետո ուրիշները փորձեցին ծրագրեր գրել, գրեցին, ներկայացրին կամ չներկայացրին։ Որքան էլ զարմանալի կարող է թվալ ոմանց, վերջին շրջանի վարչապետներից ամենախելքը գլխին ծրագիրը ներկայացրել են ոչ թե պրոֆեսիոնալները, այլ Արամ Սարգսյանը։ Էքսվարչապետներից երկուսը ծրագրի անունը հենց ծրագիր էլ դրել էին, մնացածները՝ հիմնադրույթներ են կոչել իրենց ստեղծագործությունները։ Ռոբերտ Քոչարյանը հիմա ամեն իրականացված կամ իրականացվող հարցից առաջ հիշեցնում է, թե դա եղել է իր նախընտրական ծրագրում։ Բայց Ռոբերտ Քոչարյանն իր վարչապետության ժամանակ ընդհանրապես ծրագիր չի ներկայացրել։ Անդրանիկ Մարգարյանը եւս իր ծրագիրը ծրագիր կոչեց եւ շատ հետաքրքիր նորարարությամբ հանդես եկավ՝ խոստացավ մինչեւ հունիսի վերջը ներկայացնել ծրագրի կոնկրետ կետերի ժամանակացույցը։ Եթե ժամանակացույցը կատարվի, ուրեմն մեզ կմնա ցուցակ կազմել ըստ կառավարության նոր ծրագրի եւ ամեն կատարված գործից հետո «խաչ» դնել։ Կառավարության ծրագիրը ներկայացնելիս Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Պետության ամբողջ հույսը նրանց վրա է, ովքեր կարող են բարիքներ ստեղծել իրենց եւ այլոց համար։ Արարող մարդկանց սատարելը, նրանց գործին անհարկի եւ ապօրինի չմիջամտելը պետական մեքենայի գերակա պարտքն է»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել