Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 16,2000 00:00

ՋՐԱՅԳԻՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԴՈՒՅԹԸ Դեռ խորհրդային տարիներին խոսվում էր Նորքի զանգված տանող ճանապարհի աջ կողմի հատվածում դելֆինարիա բացելու մասին։ Իսկ արդեն 1,5 տարի է, ինչ շրջանառության մեջ են մտել «Ջրաշխարհ» ստեղծելու մասին լուրերը, որը, ի վերջո, կայացավ եւ հուլիսի 1-ից այն կբացվի։ «Ջրաշխարհը» ստեղծեց հայ-իսպանական «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ-ն։ Նման ջրայգիներ գործում են աշխարհի շատ երկրներում, ուր այցելում են տարբեր տարիքի մարդիկ։ Երեւանում ջրայգի կառուցելու գաղափարը իրականացվեց իսպանական «Action Park» ֆիրմայի հետ համատեղ։ Այգու աշխատանքներին մասնակցում է եւ «Ջրաշխարհի» տնօրենն է Մալայզիայից հրավիրված Սիմ Չու Կհենգը, որն այս բնագավառի բարձրակարգ մասնագետներից է, աշխատել է տարբեր ջրայգիներում։ Ջրայգին կառուցված է իսպանական գյուղի թեմայով, միաժամանակ կարող է ընդունել 3000 մարդ։ Այգու ջրային ծավալը կազմում է 2.958.000 լիտր, օգտագործվում են ստորգետնյա աղբյուրների ջրերը, այգու կանաչապատման նպատակով կտնկվի 350-400 ծառ: Այգում կա արհեստական ծովափ՝ 1 մետրանոց արհեստական ալիքներով։ Այգում կան 10 ջրային տարբեր սահուղիներ, որոնցից 4-ը երեխաների համար է նախատեսված։ Ամենաարագ սահուղին Կամիկաձեն է, որի արագությունը մինչեւ 50 կմ/ժ է։ Ընդ որում, ամենաերկար սահուղին ունի 121 մ երկարություն, ամենամեծ սահուղու շառավիղը 2,17 մ է, ամենաբարձրը՝ 17,7 մ, ամենամեծ խորությունը՝ 2,4 մ։ Ջրայգին զվարճալիքների մի համալիր է։ Դրսից՝ շինարարության ընթացքին հետեւելով, եւ հաշվի առնելով «Ջրաշխարհի» մուտքի արժեքը, ջրայգու գտնվելու վայրը՝ ճամփեզրին, շատերը ենթադրում են, թե երեւանցիները չեն օգտվի այդ զվարճալիքից, կգերադասեն Սեւանա լճի ափը եւ սահուղին, որը նաեւ ավելի քիչ գումար է պահանջում եւ առավել եւս, որ քաղաքից դուրս է, բնության գրկում… Սակայն այլ է պատկերը ջրայգու ներսից, որը յուրօրինակ հանգստի վայր է՝ բազմազան զվարճալիքներով, ատրակցիոններով, մերսման էֆեկտով ջակուզիով, արեւադարձային այգիով, ռեստորանով, բիստրոյով, սրճարանով։ Մանկական հրապարակը կազմված է բազմապիսի խաղերով, 6 փղերով, 1 ալիգատորով, 1 գետաձիով, թռչուններով՝ 2 ջրավազաններից։ Երեկոյան ժամերին այգում կկազմակերպվեն շոուներ, իսկ մինչ ժամը 19.00-ն, այգին կլինի ջրային։ «Ջրաշխարհի» ղեկավարությունը երեխաների եւ թոշակառուների սպասարկումն անվճար է նախատեսել։ «Ջրաշխարհի» ընդհանուր տարածքը 7 հա է, սակայն առայժմ օգտագործված է 2 հա։ Իսկ մուտքի արժեքը կախված է հաճախորդի բոյից. որքան բոյով՝ այնքան թանկ։ 90 սմ բոյ ունեցողների համար մուտքն անվճար է, իսկ, ընդհանրապես, մուտքի արժեքը 2000-3500 դրամ է, այդ գումարի մեջ է մտնում զվարճալիքներից օգտվելը։ «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ նախագահ Խաչիկ Խաչատրյանը ենթադրում է, թե ջրայգու գործունեությունը սկզբնական շրջանում շատ բարդ է լինելու, բայց եւ անմիջապես մարդկանց մեծ հոսք եւ եկամուտներ չի սպասում, ակնկալիքները՝ ժամանակի հաշվին են։ Մնում է մի կարեւոր, հայկական բարդույթ հաղթահարել. բիկինիներով ճամփեզրի ջրայգում զվարճանալը ինչպես կստացվի հայերի մոտ։ Չինովնիկների մոտ հաստատ չի ստացվի. առավել եւս, որ փողկապն ու բիկինին իրար հետ սազացնելու խնդիր կա։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել