Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 08,2000 00:00

ՍԱՆԱՏՐՈՒԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ՝ ԿՈՄԿՈՒՍԻ ՆՈՐ ԱՌԱՋՆՈ՞ՐԴ «Չի կարող պատահել» շարքից Ըստ հավաստի աղբյուրի՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամների մի մեծ բանակ պատրաստվում է առաջիկա պլենումում առաջնորդ Վլադիմիր Դարբինյանի անվստահության հարցը բարձրացնել։ Հիասթափությունն ի հայտ է եկել մայիսի 16-ին, հայտարարված, սակայն չկայացած, կոմունիստների հանրահավաքից հետո։ Շատերի համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու մայիսի 15-ին Դարբինյանը հանդիպեց ՀՀ նախագահին եւ ՆԳ նախարարին, ինչո՞ւ հավատաց նախագահ Քոչարյանին, որն ինքն է պահանջել տապալել հանրահավաքը՝ խոստանալով սահմանադրական փոփոխությունների միջոցով սահմանափակել իր իրավասությունները, անձամբ սկսել «Ռուսաստան-Բելառուս» դաշինքին Հայաստանի անդամակցությունն ապահովելու հարցը եւ այլն։ Այն, որ Վլադիմիր Դարբինյանը բոլոր պատճառներն ունի՝ նախագահին եւ հատկապես Սերժ Սարգսյանին հնազանդվելու, հավաստում է հենց թեկուզ այն փաստը, որ պրն Դարբինյանը Սարդարապատի թանգարանի տնօրեն է, իսկ սույն թանգարանը պաշտպանության նախարարության, այսինքն՝ Սերժ Սարգսյանի, վերահսկողության տակ է եւ ֆինանսավորվում է այնտեղից։ Ժամանակին պրն Դարբինյանը նույնքան նուրբ եւ հաճո վարքագիծ էր դրսեւորում նախկին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հանդեպ։ Մյուս կռվանը, որը շարքային կոմունիստները մեջտեղ են բերում, Ազգային համաձայնության կառավարությունում Լեոնիդ Հակոբյանին նախարարական պորտֆել տալն էր։ Կարծիք կա, որ այդ քայլով խորհրդարանը զրկեցին ամենաակտիվ պատգամավորից, իսկ կառավարությունն այդպիսով համալրվեց ընդամենը մի նոր չինովնիկով։ Հետաքրքիր փաստ է, որ կոմունիստների հանրահավաքները, որոնք այդքան ջանադրորեն տապալվեցին «հայտնի ուժերի» կողմից, ֆինանսավորվում էին երկրապահների կողմից։ Պրն Դարբինյանից մեր ինֆորմացիան ճշտելու ջանքերը դատապարտված էին անհաջողության, քանի որ վերջինս ռեգիոնալ խորհրդակցություններ է անցկացնում Հայաստանի մարզերում։ Մի ոչ պակաս հետաքրքիր նորություն եւս. շարքային կոմունիստները որպես իրենց նոր ղեկավար են տեսնում… Սանատրուկ Սահակյանին, որի հետ եւս չկարողացանք զրուցել. Մոսկվայում է։ Երբ Կենտկոմի քարտուղար, ԱԺ սոցիալական եւ առողջապահական հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանից փորձեցինք ճշտել մեզ հասած լուրերի իսկությունը, նա, հավանաբար, անկեղծորե՛ն զարմացավ. «Էդ ի՜նչ «լուրջ» ինֆորմացիա է։ Ես՝ որպես կենտկոմի քարտուղար, առաջին անգամ եմ լսում, որ կոմկուսի շարքերում նման ներքին խմորումներ լինեն, աբսուրդային ինֆորմացիա է»։ Պրն Թադեւոսյանը նշեց, որ որպես շատ երկար կյանք ունեցող կուսակցություն՝ իրենց շարքերում կարող են հակասություններ լինել, որոնք, սակայն, չեն դավաճանում կոմկուսի գաղափարներին։ Գագիկ Թադեւոսյանը չժխտեց, որ որոշ հակասությունների պատճառը հենց մայիսի 16-ին չկայացած հանրահավաքն էր, «սակայն դա պայմանավորված չէ կոմկուսի ղեկավարության՝ իշխանությունների հետ սերտաճմամբ։ Պարզապես նպատակ էր հետապնդում երկրում ապակայունություն չմտցնելու»։ Կոմկուսն այժմ խանդավառությամբ սպասում է ՀՀ նախագահի խոստման իրագործմանը, որ շատ շուտով Հայաստանը՝ վերջինիս անմիջական մասնակցությամբ, կանդամակցի «Ռ.-Բ.» դաշինքին։ Ըստ պրն Թադեւոսյանի՝ «Մենք Լուկաշենկոյից դրական նամակ ենք ստացել։ Սպասում ենք նաեւ Պուտինի ողջույնի նամակին»։ Նա բացառեց, որ Վլ. Դարբինյանը պարի ՀՀ նախագահի դուդուկի տակ՝ ասելով, որ «Ընկեր Դարբինյանն ինքն այնքան քաղաքական կշիռ ունի, որ ավելի շուտ ի՛նքը կկարողանա ազդեցության տակ գցել ուրիշներին»։ Մոտ օրերս կոմկուսը նախատեսում է հանդիպել «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի ղեկավար Արտաշես Գեղամյանի հետ, իսկ ՀԺԿ-ի հետ կոնսուլտացիաներ է անում՝ նրանց հետ դաշինք ստեղծելու նպատակով։ Դաշինքի գաղափարական հենքը, ըստ Գ. Թադեւոսյանի, ռուսամետությունն է լինելու։ Պրն Թադեւոսյանը չմոռացավ հիշատակել, որ կոմկուսն այսօր ամենաազդեցիկ կուսակցությունն է, «որը կարող է փակել ընտրազանգվածի 80-90%-ը»։ Մեր հարցին, թե չի՞ պատրաստվում կոմկուսը գնահատական տալ նախարար Լեոնիդ Հակոբյանի՝ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհմանը չեզոք վերաբերմունք դրսեւորելուն, Գ. Թադեւոսյանը թե՝ «Մարդը նախաինֆարկտային վիճակով հիվանդանոցում պառկած էր։ «Առավոտի» մտքով անցե՞լ է հետաքրքրվել նրա առողջությամբ»։ Գ. Թադեւոսյանին թյուրիմացությունից դուրս գալու նպատակով խորհուրդ ենք տալիս նայել «Առավոտի» օգոստոսի 4-ի համարը, ուր «Արմենպրեսի» լուսանկարիչը, օգոստոսի 3-ի դրությամբ, անմահացրել է Դավիթ Վարդանյանի հետ կայտառ զրուցող Լեոնիդ Հակոբյանին։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել