Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 20,2000 00:00

ԽԱՂՈՂԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ԵՂԱՆԱԿ Այսօրվանից «Պեռնո Ռիկար» ընկերությունը կսկսի խաղողի մթերումը։ Ակնհայտորեն խաղողի մթերման համար կառավարությունը խիստ էր շահագրգռված։ Որքան էլ ամիսներ առաջ գյուղնախարար Զավեն Գեւորգյանը հայտարարում էր, թե առանձնապես չի մտահոգվում՝ ֆրանսիացիները կմթերեն խաղող, թե ոչ, այնուամենայնիվ, պարզապես երազում էր, որ ֆրանսիացիներն այդ բանն անեն։ Իրենց հերթին ֆրանսիացիները լուրջ փաստի առաջ էին կանգնեցրել կառավարությանը՝ երկու ոտքը մի կոշիկի մեջ դնելով եւ հայտարարելով, թե մթերումը չեն սկսի, մինչեւ «Գրեյթ Արարատի» կողմից օգտագործվող ապրանքանշանը անվավեր չճանաչվի։ «Երեւանի կոնյակի գործարանի» սեփականաշնորհման շուրջ աղմուկը մեկ տարի առաջ շատ մեծ էր։ Այսօր կարծես կրքերը հանդարտվել են, պարզապես ժամանակ առ ժամանակ քաղաքական շահարկումների համար հրապարակ է նետվում «Բա՛ կոնյակը, բա՛ «ԱրմենՏելը», բա՛ բաշխիչ ցանցերը» սադոյանական հարցերի շարանը։ Հարցը փակվում է օրվա աղմուկի հետ։ Օգտվելով խաղողի մթերման առիթից, պարզապես վերհիշենք, թե ինչ կատարվեց «ԵԿԳ» ՊՓԲԸ-ն սեփականաշնորհելուց մի քանի ամիս առաջ եւ պարզենք, թե որքանով է իրավացի եւ արդար «Պեռնո Ռիկարը»՝ «Գրեյթ Արարատի» օգտագործած ապրանքանշանը արգելելու իր պահանջով։ 1999 թ. մարտի 2-ին վարչապետ Արմեն Դարբինյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ժամանակ հանձնարարականներ տրվեցին գյուղնախարարին մասնավորապես հետեւյալի մասին. ա) կալանք դնել «Երեւանի «Արարատ» գինու կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից արտադրված «Արարատ» ապրանքանշանով կոնյակի արտադրության վրա, բ) չեղյալ համարել «Երեւանի «Արարատ» գինու կոմբինատ» ՓԲԸ-ին տրված «Արարատ» ապրանքանշանի կոնյակի արտադրության լիցենզիան, գ) ապրանքային նշանների գրանցման ժամանակ հաշվի առնել, որ «Արարատ» ապրանքանշանի օգտագործման բացառիկ իրավունքը վերապահված է «Երեւանի կոնյակի գործարան» ՊՓԲԸ-ին կոնյակի արտադրության եւ «Երեւանի «Արարատ» գինու կոմբինատ» ՓԲԸ-ին՝ գինու արտադրության համար։ Այդ ժամանակ «Երեւանի կոնյակի գործարանի» վաճառքի պայմանագիրն արդեն պատրաստ էր եւ նրանում խիստ կարեւորված էր հենց «Արարատ» ապրանքանշանը։ Ուստի բոլորովին կարիք չկար, որ մեր կառավարությունն այսքան երկար մուկնուկատու խաղար «Պեռնո Ռիկարի» հետ։ Փաստորեն վաճառքի պայմանագրով անշարժ գույքի հետ «Պեռնո Ռիկարը» գնել էր նաեւ սպիրտի պաշարը, որ կար գործարանում, ինչպես նաեւ՝ բոլոր 17 ապրանքային նշանները, որոնք ստեղծվել էին եւ գոյություն ունեին կոնյակի գործարանում։ Վաճառքի պայմանագրի ստորագրումից հետո միայն ֆրանսիական կողմը հայտնաբերում է, որ Հայաստանում գրանցված է եւ գործում է «Գրեյթ Արարատ» ընկերությունը, որն օգտագործում է նույն ապրանքանշանը, ինչ որ «ԵԿԳ»-ն։ Գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Պիեռ Լառեչը վստահ է, որ «Գրեյթ Արարատ» անվանումը գնորդի մոտ շփոթություն է առաջացնում, նույնիսկ՝ կարծիք, որ դա մեր արտադրանքն է եւ «Արարատ» անվան հետ կապված մեր շահույթը շրջվում է «Գրեյթ Արարատին»։ «ԵԿԳ»-ի համառ պնդումները եւ խաղողի բերքի ամենաեռուն ժամանակ խաղող չմթերելու մասին «վախեցնող» հայտարարությունները կարծես նպատակին հասան։ Անցած շաբաթվա վերջին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպեց «ԵԿԳ»-ի տնօրինության հետ։ Հանդիպման ընթացքում նշվեց, որ «Հայարտոնագիրը» բավարարել է ԵԿԳ-ի բողոքը եւ անվավեր ճանաչել «Գրեյթ Արարատ» ընկերության երեք աստղանի կոնյակի համար գրանցված ապրանքանշանը։ 4 եւ 5 աստղանի կոնյակները գրանցված չեն եւ դրանց օգտագործման օրինականությունը պետք է, որ վճռվի օրենսդրության շրջանակներում։ Ստացվում է, որ «Պեռնո Ռիկարը» պատրաստ է մթերել 10 հազար տոննա +5 (վերջին 5 տոննայի հարցը դեռեւս քննարկվում է Փարիզի ղեկավարության հետ)։ Խաղողը՝ խաղող, կոնյակը՝ բրենդի, բայց կա նաեւ հարցի մեկ այլ՝ քաղաքական կողմը։ Չմոռանանք, որ ամիսներ առաջ, երբ «ԵԿԳ»-ՀՀ կառավարություն հարցերը՝ կապված ապրանքանշանի եւ ՌԴ-ում գործող հայկական գործարանների հետ չէին լուծվում, ֆրանսիական կառավարությունը մի թեթեւ ակնարկ արեց այն մասին, որ այդպիսով հարցականի տակ է դրվում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ փետրվարին Ֆրանսիա կատարելիք այցը։ Ակնհայտորեն, կոնյակի եւ խաղողի այս պատմության մեջ քաղաքականության մատը պակաս խառը չէ եւ նախագահի այցն իրոք կախված կլինի այն բանից, թե ինչպես կսիրաշահենք մեր հողի վրա, լրջագույն սեփականություն ունեցող ֆրանսիական ընկերությանը։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել