TRIPP-ով փոխշահավետությո՞ւն, թե՞ անհավասար պարտավորություններ
«TRIPP նախագիծը տարածք չունի». Փաշինյան
Հայաստանը գործնականում սկսել է «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրագործումը, նոյեմբերի 2-ին ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ կառավարությունը, չսպասելով հետագա գործընթացների կազմակերպմանը, սեփական նախաձեռնությամբ կպատվիրի TRIPP-ով նախատեսված երկաթուղու, ավտոճանապարհի եւ էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքները։
«Որպեսզի ժամանակ չկորցնենք եւ սկսենք նախագծի շուրջ աշխատանքները», – նշել է նա՝ պարզաբանելով, որ երբ ձեւավորվի TRIPP-ի զարգացման ընկերությունը եւ պատրաստ լինի ստանձնելու այդ աշխատանքները, կառավարությունն արդեն կատարվածը կփոխանցի նրան։
Կարդացեք նաև
«Այս փուլում մտել ենք TRIPP-ի իրագործման փուլ», – ընդգծել է Փաշինյանը՝ խոսելով նախագծի շրջադարձային նշանակության մասին։ Նրա համոզմամբ՝ TRIPP-ի իրականացմամբ կհաղթահարվի Հայաստանի ավելի քան 30 տարվա շրջափակումը, երկիրը երկաթուղային հաղորդակցությամբ կապաշրջափակվի ինչպես արեւելք-արեւմուտք, այնպես էլ հյուսիս-հարավ ուղղություններով։
Փաշինյանը, սակայն, շեշտել է, որ ապաշրջափակման համար անհրաժեշտ ոչ բոլոր ենթակառուցվածքներն են լինելու TRIPP-ի մաս։ Նրա խոսքով՝ նախագծում ներառվելու են Նռնաձոր-Կարճեւան երկաթուղին, ինչպես նաեւ այդ հատվածում նախատեսվող ավտոճանապարհն ու էլեկտրահաղորդման գծերը։ Իսկ գազամուղի եւ նավթամուղի հարցերը դեռ հետագա քննարկման թեմա են։
«Ուզում եմ ընդգծել՝ TRIPP նախագիծը տարածք չունի», – ասել է Փաշինյանը՝ պարզաբանելով, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ վավերացված համաձայնագրի շրջանակում TRIPP նախագծեր կարող են իրականացվել Հայաստանի տարբեր հատվածներում։
Նրա խոսքով՝ եթե ապագայում Հայաստանի տարածքով տարանցիկ գազամուղ կամ նավթամուղ անցնի, պարտադիր չէ, որ այն կառուցվի երկրի հարավում։
«Մեր նախնական քննարկումները ցույց են տալիս, որ ավելի հավանական է, որ բոլորովին այլ երթուղով կանցնի», – նշել է Փաշինյանը։ Նա նաեւ չի բացառել, որ երկարաժամկետ հեռանկարում TRIPP-ի շրջանակում միջազգային նշանակության երկաթուղիներ կարող են գործել Հայաստանի այլ հատվածներում եւս։
Ադրբեջանի պահանջներն ու ռազմավարական ակնկալիքները
TRIPP-ի համատեքստում Ադրբեջանի շահերը բավական հստակ են։ Բաքվի համար առաջնային նշանակություն ունի Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի միջեւ անմիջական, հուսալի եւ արդյունավետ հաղորդակցության ապահովումը։ Տարիներ շարունակ այդ հարցը եղել է Ադրբեջանի տարածաշրջանային քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը, իսկ Հայաստանի տարածքով անցնող երթուղին այդ նպատակի իրականացման հնարավորություն է տալիս։
Սակայն Ադրբեջանի ակնկալիքները միայն տրանսպորտային կապի ստեղծմամբ չեն սահմանափակվում։ Նախիջեւանի հետ կապի ապահովումը Բաքվին հնարավորություն կտա ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանային տարանցիկ համակարգում, ընդլայնել կապերը Թուրքիայի եւ ավելի լայն՝ թյուրքական աշխարհի հետ, ինչպես նաեւ ներգրավվել Կասպից ծովից դեպի Եվրոպա ձգվող առեւտրային եւ էներգետիկ հաղորդակցությունների զարգացման մեջ։ TRIPP-ը կարող է դառնալ նաեւ Միջին միջանցքի ընդլայնման կարեւոր օղակ։
Այս առումով Ադրբեջանի համար նախագիծը ոչ միայն տնտեսական, այլեւ աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Այն մեծացնում է Բաքվի հաղորդակցային հնարավորությունները եւ կարող է բարձրացնել նրա դերակատարությունը տարածաշրջանային տրանսպորտային համակարգում։ Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանի համար կարեւոր է, որ Նախիջեւանի հետ կապն ապահովվի հնարավորինս արագ եւ կանխատեսելի պայմաններով։
Բայց Հայաստանի համար գլխավոր հարցն այն է, թե ինչ է պատրաստվում տրամադրել Ադրբեջանը դրա դիմաց։ Հայաստանի տարածքով ադրբեջանական բեռների եւ քաղաքացիների անխոչընդոտ անցման պայմանները քննարկվում եւ ամրագրվում են հայ-ամերիկյան համաձայնագրում, մինչդեռ Ադրբեջանի տարածքով Հայաստանի քաղաքացիների եւ բեռների երթեւեկության կոնկրետ մեխանիզմներ չկան։ Այս անհամաչափությունը կարող է դառնալ ապագա հարաբերությունների լուրջ խնդիր։
Ադրբեջանի մեկ այլ կարեւոր նախապայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցն է։ Հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Բաքուն պատրաստ չէ ստորագրել արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ Հայաստանը չի փոխել Սահմանադրությունը։ Նա շեշտեց, որ Երեւանը չի ընդունում ադրբեջանական այդ դիրքորոշումը եւ չի համարում, թե Հայաստանի գործող Սահմանադրությունը խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտ է։
Այսպիսով, Բաքուն խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը կապում է Հայաստանի ներքին սահմանադրական գործընթացի հետ։ Դա կարեւոր քաղաքական հանգամանք է, քանի որ խաղաղության հաստատման հարցը դուրս է գալիս միայն սահմանների, հաղորդակցությունների եւ անվտանգության երկկողմ կարգավորման շրջանակներից եւ առնչվում Հայաստանի ներքին քաղաքական ու իրավական համակարգին։
Ադրբեջանի համար TRIPP-ի գործարկումը կարող է դառնալ նաեւ լրացուցիչ բանակցային առավելություն։ Եթե Նախիջեւանի հետ կապը սկսի գործել մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը, Բաքուն կստանա իր հիմնական ռազմավարական նպատակներից մեկը՝ առանց մյուս բոլոր հարցերի վերջնական լուծման։ Այդ դեպքում Հայաստանի համար առավել կարեւոր կդառնա այն հարցը, թե ինչ մեխանիզմներով է հնարավոր ապահովել Ադրբեջանի ստանձնած փոխադարձ պարտավորությունների կատարումը։
Այստեղ հարկ է տարբերակել փաստաթղթով ամրագրվածը եւ քաղաքական գնահատականները։ Ադրբեջանի՝ Նախիջեւանի հետ կապ ունենալու շահը հստակ է։ Իսկ սահմանադրական փոփոխության նախապայմանը եւ Հայաստանի համար փոխադարձ հաղորդակցությունների պայմանների չհստակեցված լինելը ցույց են տալիս, որ Բաքուն խաղաղության գործընթացը շարունակում է դիտարկել նաեւ լրացուցիչ քաղաքական պահանջների համատեքստում։
Խաղաղության հնարավորությունները եւ Հայաստանի ռազմավարական ընտրությունը
TRIPP-ի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում ձեւավորվող նոր իրողությունները միաժամանակ պարունակում են ե՛ւ տնտեսական համագործակցության, ե՛ւ քաղաքական ու անվտանգության նոր հակասությունների հնարավորություններ։ Մի կողմից՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ Միացյալ Նահանգները շահագրգռված են տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմամբ։ Մյուս կողմից՝ այդ շահերի համընկնումը դեռեւս չի նշանակում, որ կողմերի երկարաժամկետ քաղաքական նպատակները նույնական են։
Հայաստանի համար ծրագրի հնարավոր դրական արդյունքները ակնհայտ են։ Տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբացումը կարող է նվազեցնել երկրի տրանսպորտային մեկուսացվածությունը, ընդլայնել արտաքին առեւտրի հնարավորությունները, նպաստել ներդրումների ներգրավմանը եւ բարձրացնել Հայաստանի տարանցիկ նշանակությունը։ Եթե նախատեսված երկաթուղային եւ ճանապարհային ենթակառուցվածքները գործարկվեն ամբողջական տարածաշրջանային համակարգի շրջանակում, Հայաստանը կարող է ստանալ նոր տնտեսական հնարավորություններ եւ կապեր հաստատել այնպիսի շուկաների հետ, որոնց հասանելիությունը ներկայումս սահմանափակ է։
Սակայն այս ամենը դեռեւս պայմանական են։ Դրանք կախված են ներդրումների ծավալից, ենթակառուցվածքների իրական կառուցումից, բեռնափոխադրումների պահանջարկից, տարածաշրջանային անվտանգությունից եւ, առաջին հերթին, փոխադարձ պայմանավորվածությունների կատարումից։ Միայն տարանցիկ ճանապարհի առկայությունը դեռեւս չի երաշխավորում Հայաստանի համար տնտեսական շահույթ։ Անհրաժեշտ են հստակ հաշվարկներ, եկամուտների բաշխման թափանցիկ մեխանիզմներ եւ Հայաստանի տնտեսության համար չափելի օգուտներ։
Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ համաձայնագրով նախատեսված կառավարման կառուցվածքում ամերիկյան կողմն ունի վերահսկիչ բաժնեմաս, իսկ Հայաստանը ստանձնում է հողատարածքների նախապատրաստման եւ ենթակառուցվածքների զարգացմանն անհրաժեշտ որոշ ծախսերի պատասխանատվություն։ Սա ինքնին չի նշանակում ինքնիշխանության կորուստ, քանի որ փաստաթուղթը հստակ ամրագրում է Հայաստանի իրավազորությունը, սահմանային վերահսկողության եւ անվտանգության պետական գործառույթները։ Բայց առաջ է բերում մեկ այլ հարց՝ որքանո՞վ է Հայաստանը կարողանալու այդ իրավական լիազորությունները վերածել ծրագրի կառավարման եւ տնտեսական արդյունքների վրա իրական ազդեցության։
Այստեղ կարեւոր է նաեւ համաձայնագրի իրականացման մանրամասների իրավական հստակությունը։ Եթե Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հետագա փաստաթղթերը սահմանեն կառավարման, վերահսկողության, հարկային արտոնությունների, ֆինանսական պարտավորությունների եւ վեճերի լուծման հստակ մեխանիզմներ, հնարավոր կլինի նվազեցնել ծրագրի հետ կապված անորոշությունները։ Հակառակ դեպքում ընդհանուր սկզբունքները կարող են չբավարարել այն իրավիճակներում, երբ առաջանան շահերի բախումներ։
Խաղաղության հեռանկարի տեսանկյունից եւս պատկերը միանշանակ չէ։
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 9-ին հայտարարեց, որ հայ-ադրբեջանական խաղաղությունն արդեն հաստատված իրողություն է՝ մատնանշելով ավելի քան երկու տարի շարունակվող հրադադարը՝ առանց զոհերի ու վիրավորների, Ադրբեջանի երկաթուղով հայկական բեռների փոխադրումը, երկկողմ առեւտրի մեկնարկը եւ սահմանի 12 կիլոմետրանոց հատվածի սահմանազատումն ու սահմանագծումը։
Այդուհանդերձ, խաղաղության պայմանագրի նախաստորագրումը եւ դրա վերջնական ստորագրումը տարբեր փուլեր են։ Սահմանադրական փոփոխությունների հարցը, սահմանազատման հետագա ընթացքը, փոխադարձ հաղորդակցությունների պայմանները եւ անվտանգության երկարաժամկետ երաշխիքները շարունակում են մնալ օրակարգում։ Հետեւաբար, խաղաղության գործընթացի կայունությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն ռազմական միջադեպերի բացակայությունը, այլեւ քաղաքական համաձայնությունների ամբողջական կատարումը։
Միացյալ Նահանգների դերը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ այս գործընթացում։ Վաշինգտոնը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունության հաստատմամբ եւ տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմամբ։ TRIPP-ը կարող է ամերիկյան տնտեսական ներկայության միջոցով ստեղծել լրացուցիչ շահագրգռվածություն, որպեսզի կողմերը խուսափեն նոր լարվածությունից։ Սակայն ԱՄՆ-ի ներգրավվածությունը միաժամանակ ունի նաեւ սեփական ռազմավարական շահերը։ Այն ուղղված է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, այլեւ տարածաշրջանում ամերիկյան տնտեսական եւ քաղաքական դիրքերի ամրապնդմանը։
Այս համատեքստում Հայաստանը պետք է կարողանա իր շահերը համադրել ամերիկյան աջակցության հետ՝ առանց սեփական բանակցային դիրքերը թուլացնելու։ ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունը կարող է ապահովել լրացուցիչ հնարավորություններ, բայց այն չպետք է փոխարինի Հայաստանի՝ սեփական ազգային շահերը պաշտպանելու կարողությանը։ Նույն կերպ Ադրբեջանի դեպքում. համագործակցությունը չպետք է կառուցվի միակողմանի պարտավորությունների հիմքի հիման վրա։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաեւ Իրանի գործոնը։ Թեհրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու հայ-իրանական սահմանի անփոփոխությունը ռազմավարական նշանակություն ունեն։ Եթե TRIPP-ը գործի բացառապես տնտեսական եւ քաղաքացիական հաղորդակցության տրամաբանությամբ, առանց երրորդ երկրների ռազմական ներկայության, ապա Իրանի մտահոգությունները կառավարելի կլինեն։ Հակառակ դեպքում նախագիծը կարող է բարդացնել ոչ միայն հայ-իրանական, այլեւ տարածաշրջանային ավելի լայն հարաբերությունները։
Ի վերջո, TRIPP-ի ապագան կախված է մի քանի փոխկապակցված հանգամանքներից՝ Հայաստանի ինքնիշխանության գործնական պահպանությունից, Ադրբեջանի կողմից փոխադարձ պարտավորությունների ստանձնումից, ամերիկյան ներդրումային եւ քաղաքական մասնակցության շարունակականությունից, ինչպես նաեւ տարածաշրջանային մյուս դերակատարների մտահոգությունների հաշվառումից։
Այս ամենից բխում է, որ TRIPP-ը կարող է դառնալ Հայաստանի տնտեսական եւ աշխարհաքաղաքական հնարավորությունների ընդլայնման գործիք, բայց կարող է նաեւ ստեղծել նոր կախվածություններ, եթե դրա դիմաց Հայաստանը չստանա համարժեք եւ իրավաբանորեն ամրագրված առավելություններ։ Հենց այստեղ է գտնվում նախագծի գլխավոր քաղաքական հակասությունը. Հայաստանը համաձայնում է ապահովել Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունեցող հաղորդակցությունը, մինչդեռ իր սեփական ապաշրջափակման հեռանկարները դեռեւս ամբողջությամբ կախված են հետագա պայմանավորվածություններից։
Ուստի խաղաղության իրական հեռանկարը պետք է գնահատել ոչ թե միայն TRIPP-ի վավերացման կամ միջազգային առաջնորդների հայտարարությունների հիման վրա, այլ այն հարցով, թե արդյոք նախագիծը կստեղծի փոխադարձ պատասխանատվության եւ շահերի հավասարակշռության համակարգ։ Սակայն եթե Ադրբեջանը հասնի իր ռազմավարական նպատակին, իսկ Հայաստանի համար նախատեսված փոխադարձ առավելությունները մնան անորոշ, տնտեսական համագործակցությունից չի բխելու երկարատեւ խաղաղություն։ Այս պարագայում TRIPP-ը կդառնա ոչ թե հակասությունների հաղթահարման, լուծման հուսալի հանգրվան, այլ նոր բանակցային դաշտ, որտեղ Հայաստանը ստիպված է լինելու շարունակաբար պաշտպանել իր շահերը։
Հետեւաբար, Հայաստանի համար գլխավոր խնդիրը ոչ թե պարզապես TRIPP-ի իրականացումն է, այլ դրա այնպիսի իրագործումը, որի արդյունքում տնտեսական կապուղիների բացումը, ինքնիշխանության պահպանումը եւ խաղաղության հաստատումը կդառնան փոխլրացնող, այլ ոչ թե միմյանցից անջատ գործընթացներ։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.11.2026



















































