Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 20,2000 00:00

ՑՎԵՏԱՆԱՆ ՀԱԶԻՎ ԶՍՊԵՑ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ԼՂՀ գերագույն դատարանում երեկ շարունակվեց «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրգործի դատաքննությունը։ Դատավոր Ալեքսանյանը դեռ նախորդ նիստում հայտնել էր, թե կա պահեստային ատենակալ։ ԼՂՀ-ում, բացի ատենակալների ինստիտուտից, գործում է նաեւ հասարակական պաշտպանի ինստիտուտը։ Երեկ փորձ արվեց ճշտել, թե արդյոք իրականում այն գոյություն ունի՞, թե՞ թղթի վրա է մնացել եւ արդյոք ամբաստանյալը կարո՞ղ է ապավինել հասարակական պաշտպանին։ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը եւ Սախարովի Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը դիմել էին դատավոր Ալեքսանյանին, որպեսզի հասարակական պաշտպանի դերում հանդես գա բուլղար լրագրող Ցվետանա Պասկալեւան։ Դատավորն ընթերցեց ե՛ւ Սամվել Բաբայանի դիմումը, ե՛ւ սեպտեմբերի 14-ի իրավապաշտպան կազմակերպության վարչության նիստի արձանագրությունը։ Պետական մեղադրողն ասաց, թե դիմումում նշված չէ, թե ինչ գործով է հասարակական պաշտպանը հանդես գալու եւ դժգոհեց, որ գործի քննությունը դեռ չսկսած՝ խոսք է գնացել խորթ մեթոդների մասին։ Պաշտպանական կողմը հասարակական պաշտպան Ցվետանա Պասկալեւայի գործը թողեց դատարանի հայեցողությանը, իսկ Էրիկ Փարամազյանի պաշտպան Էդուարդ Չինարյանը մասնավորապես ասաց. «Մենք գիտենք Ցվետանայի ներդրման մասին, եւ ավելորդ է ուրիշ բաների մասին խոսել»։ Երկուսուկես ժամ խորհրդակցական սենյակում հարցը քննարկելուց հետո, դատավոր Ալեքսանյանը հրապարակեց իր որոշումը, որը ԼՂՀ դատական համակարգի հայելին էր։ Ց.Պասկալեւային մերժեցին լինել ինչպես երկրորդ պաշտպան, այնպես էլ՝ հասարակական պաշտպան։ Սրանով խախտվեց նաեւ Սամվել Բաբայանի՝ հասարակական պաշտպան ունենալու իրավունքը։ Ըստ էության, մերժվեց նաեւ իրավապաշտպան կազմակերպության դիմումը։ Նկատենք, որ ե՛ւ տուժողներն ու ամբաստանյալները, ե՛ւ նրանց պաշտպանները համաձայն էին բավարարել սույն միջնորդությունները, սակայն մերժման հիմքն առավել քան անհեթեթ էր։ Ըստ այդմ, դատական պրակտիկայի աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչները քրեական գործով դատավարությանը՝ իբրեւ հասարակական պաշտպան, կարող են մասնակցել միայն տվյալ կոլեկտիվի ընդհանուր ժողովի կողմից։ Ցվետանան, համաձայն ժողովրդավարական համարվող դատարանի կայացրած որոշման, առաջադրված էր ոչ թե ԼՂՀ համապատասխան կազմակերպությունների կամ աշխատավորական կոլեկտիվների ընդհանուր ժողովի, այլ Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի կողմից։ Ընդունենք, որ աշխատավորական կոլեկտիվները Ղարաբաղում ելել-թափվում են, սակայն ավելի տխուր էր այն փաստարկը, թե Պասկալեւան բուլղար է՝ օտարերկրացի, մինչդեռ Արցախի դատական պրակտիկան նման բան չի նախատեսել։ Բացի այդ, դատարանը գտավ, որ սույն քրեական գործին Պասկալեւայի մասնակցության միջնորդությունը նպատակ ունի դատաքննությունը միջազգայնացնել, քաղաքականացնել։ Ի դեպ, դատարան հրավիրված թարգմանիչը, որ պարտավոր էր դատարանի սույն որոշումը թարգմանել Ց.Պասկալեւայի համար, անգամ իր պարտքը չկատարեց։ Դատավորը ջարդված արցախառուսերենով իր խոսքն ավարտելով ասաց, թե նա կարող է դատական նիստերին մասնակցել։ Ցվետանան հազիվ էր զսպում իր արցունքները։ Ավելի ուշ նա իր լրագրող գործընկերներին ասաց, թե Ղարաբաղի համար ծանր օրերին, երբ նա Արցախի շահերն էր ներկայացնում միջազգային ամենաբարձր ֆորումների ժամանակ, Ամերիկայի կոնգրեսում, Կանադայի խորհրդարանում, իրավապաշտպան հայտնի ատյաններում, չգիտես ինչու չէր բարձրացվում այն հարցը, թե ինքն օտարերկրացի է։ Նա «շնորհակալ» էր, որ իրեն գոնե թույլ էին տվել դատարանի դահլիճում գտնվել։ Նշենք, որ Պասկալեւան ՀՀ քաղաքացու անձնագիր ունի, ուստի նաեւ ունի այն իրավունքները, որոնք ունենք մենք՝ ՀՀ բոլոր քաղաքացիներս։ Ընդմիջումից հետո Սամվել Բաբայանի պաշտպան Ժուդեքս Շաքարյանը խնդրեց վերանայել հիշյալ որոշումը եւ նշեց, որ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ գոյություն ունի միջիրավական պայմանագիր, որ խախտվել է իր պաշտպանյալի իրավունքները եւ, եթե Հայաստանն այլ պետություն է, ապա Հայաստանից ժամանած փաստաբաններն այլեւս ասելիք չունեն։ Փաստաբան Չինարյանն իր հերթին նկատեց, որ Հայաստանի փաստաբանների գործունեությունն է կասկածի տակ դրվում եւ, եթե որոշումը չվերանայվի, կստացվի, թե իրենք ընդամենը այլմոլորակայիններ են։ Արցախցի փաստաբան Գ.Սաֆարյանը անօրինական համարեց դատարանի որոշումն ու իր ափսոսանքը հայտնեց Ց.Պասկալեւային։ Մեղադրող կողմը նշեց, թե որոշումն արդեն կայացված է եւ այն վերանայելու հիմքեր չկան։ Նշենք, որ դատական նիստն այնքան էլ հարթ չի ընթանում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել