Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԵՂՔՎԱԾՔԸ ԳՆԱԼՈՎ ՄԵԾԱՆՈՒՄ Է

Հոկտեմբեր 26,2000 00:00
Levon Barxudaryan

«Բյուջետային ճեղքվածքը կազմում է 86 մլրդ դրամ՝ հաշվի առնելով եկամուտների թերակատարումը, վարկի չստացումը, լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտությունը»,- հայտարարեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Լեւոն Բարխուդարյանը երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Պրն Բարխուդարյանը ասուլիսի ընթացքում գերազանցեց սենսացիայի սիրահարների եւ հատկապես լրագրողների ակնկալիքը։ Նրա բացահայտումները բյուջեի ճեղքվածքի, սեկվեստրի, եկող տարվա բյուջեի ձեւավորման վերաբերյալ վեր էին բոլորիս սպասելիքներից։

Ֆինանսների նախարարը ճեղքվածքի վերաբերյալ նշեց, որ կառավարությունը ձեռնարկել է այն փոքրացնելու միջոցառումների ծրագիր։ Մասնավորապես, պրն Բարխուդարյանը տեղեկացրեց, որ ներկայումս ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը փորձում է բանակցություններ վարել ոչ արտոնյալ վարկային պարտավորությունների ուղղությամբ։ Դրանցից մեր կառավարությունը ակնկալում է Եվրամիության հետ բանակցությունների արդյունքում 4,1 մլրդ դրամ վճարելու փոխարեն տնտեսել 2,9 մլրդ դրամ։ Բացի այդ, բանակցություններ են վարվում Թուրքմենստանի հետ՝ վարկային համաձայնագրի ուղղությամբ, որի արդյունքում ակնկալվում է 3,5 մլրդ դրամ լրացուցիչ միջոցների ներգրավում։ 1,5 մլրդ դրամ կառավարությունը ակնկալում է տնտեսել լրացուցիչ արժեթղթերի վերաբաշխման միջոցով։ 2 մլրդ դրամ ստանալ սեփականաշնորհման ռեզերվներից։

Պրն Բարխուդարյանը տեղեկացրեց, որ պատրաստ է 2000թ. պետբյուջեում սեկվեստրի նախագիծը, որն այսօր կներկայացվի կառավարության նիստում։ Այդ նախագծի համաձայն, նախատեսվում է այս տարվա պետբյուջեում 9 մլրդ դրամի ծախսերի կրճատում կատարել։ Դրանից մոտ 1,1 միլիարդը կտնտեսվի կապիտալ ծախսերից, շուրջ 900 մլն դրամը՝ արտաքին վարկային ծրագրերի համաֆինանսավորումներից, որոշակի ճշգրտումներ կարվեն նաեւ ընդհանուր պարտքային պարտավորություններից։ Այսպիսով, ըստ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի, մոտ 24 մլրդ դրամի միջոցառումներ է առաջարկում կառավարությունը, որով այս տարվա պետական բյուջեի ճեղքվածքը 86 մլրդ դրամից կնվազի մինչեւ 62 մլրդ դրամի։ Այս գումարը կտեղափոխվի 2001թ. պետական բյուջե։ Տեղեկացնենք նաեւ, որ ընդունված օրենքի համաձայն, պետական բյուջեում անթույլատրելի է ծախսերի կրճատում կատարել պաշտպանված հոդվածներից, ուստի եւ դրանք այս տարի չվճարվելու դեպքում, փոխանցվում է հաջորդ տարվա բյուջե։ 2001թ. պետբյուջեի մասին քիչ հետո. այժմ այս տարվա բյուջեի կատարողականի մասին։

Լեւոն Բարխուդարյանը տեղեկացրեց, որ վիճակագրության վարչության նախնական հաշվետվության համաձայն, 9 ամսվա ընթացքում գրանցվել է համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) 2,9% աճ։ Նրա հավաստմամբ, ՀՆԱ-ն նախորդ 7-8 ամիսների ընթացքում ավելի բարձր է եղել, քան 9 ամսվա կտրվածքով։ ՀՆԱ-ի այսպիսի նվազումը պրն Բարխուդարյանը բացատրեց երաշտի գործոնով։ Ըստ այդ վիճակագրության, արդյունաբերությունում գրանցվել է 6,8%-ի ՀՆԱ աճ, էներգետիկայում, անցած տարվա այս ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 1%-ի անկում։ Կապիտալ շինարարությունը՝ 13,14%-ի աճ, իսկ սպառողական գների դեպքում գրանցվել է 2,8% դեֆլյացիա։ Ֆինանսների նախարարի գնահատմամբ, այս տարի հատկանշական է արտահանման գինը, որտեղ գրանցվել է 22,5 տոկոսի աճ։ Պրն Բարխուդարյանի պնդմամբ, անկախությունից հետո սա արտահանման լավագույն ցուցանիշն է, որը եւ գերազանցում է ներմուծման աճը՝ այն գրանցվել է 10,9%։ «Ընդհանուր առմամբ, եթե կարճ ասեմ, սա է պատկերը։ Բայց տարիների կուտակված պարտքը բյուջեում, բյուջեի կատարումը արտացոլում են նաեւ տնտեսական այն երեւույթները, որ երկու տարում տեսնում ենք եւ դա բերեց հարկային, ոչ հարկային եկամուտների նվազեցման, որոնք եւս առաջացրին որոշակի պարտքեր բյուջեից։ Մեր ծախսերը մեր հարկերն են»,- մեկ նախադասությամբ ձեւակերպեց ֆինանսների նախարարը։

Հայտնի է, որ 2000թ. պետբյուջեով նախատեսված էր 202 մլրդ դրամի ընդհանուր եկամուտների հավաքագրում, այդ թվում նաեւ հարկային տուրքեր՝ 171 մլրդ դրամ։ Դա նշանակում է միջին ամսական եկամուտը պետք է կազմեր 16,8 մլրդ դրամ, միջին ամսական հարկային եկամուտները՝ 14,3 մլրդ դրամ։ Սա՝ թղթի վրա նախատեսված թվերով, իսկ իրականում պատկերն այսպիսին է։ Առաջին եռամսյակում ընդհանուր եկամուտների միջին ամսականը կազմել է 10,2 մլրդ դրամ՝ 16,8-ի փոխարեն, հարկային եկամուտները՝ 9 մլրդ դրամ՝ 14-ի փոխարեն։ Երկրորդ եռամսյակում ընդհանուր եկամուտների միջին ամսականը կազմել է 12,8 մլրդ դրամ, հարկային եկամուտները՝ 11,8 մլրդ դրամ։ 3-րդ եռամսյակում ընդհանուր եկամուտները կազմել են 15,1 մլրդ դրամ, հարկային եկամուտները՝ 13,8 մլրդ դրամ։ Պրն Բարխուդարյանը խոստովանեց, որ նույնիսկ եթե վերցնեն 3-րդ եռամսյակի ցուցանիշները, միեւնույն է, նախատեսված միջին ամսական թվից ետ են մնում։ 4-րդ եռամսյակի համար կառավարությունը, վերհիշելով խորհրդային շրջանի գերակատարումները, որոշել է մի գերակատարում էլ ինքը անել եւ նախատեսել բավականին լարված պլան։ Թեպետ ակնհայտ է, որ երեք եռամսյակի պլանները չկատարելու հետեւանքով անհնարին է գերակատարել 4-րդ եռամսյակի պլանը։ Ընդհանուր առմամբ, այս տարվա բյուջեում նախատեսված 202 մլրդ դրամ եկամուտներից պակաս կհավաքագրվի շուրջ 34 մլրդ դրամ։

Լեւոն Բարխուդարյանը հայտարարեց, որ SAC-4 վարկային ծրագրի առաջին տրանշը մինչեւ այս տարեվերջ չի ստացվի։ Այն կապված է բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման ընդհանուր գործընթացի ձգձգման հետ։ Համաշխարհային բանկը մեր պետության համար մեծ կարեւորություն ունեցող այդ տրանշը կհատկացնի միայն եկող տարվա մարտին, երբ կստորագրվի մրցույթը հաղթող կազմակերպության պայմանագիրը։ Իսկ այս տարի նախատեսվում է ստանալ SAC-3 ծրագրի 4-րդ տրանշը, որը կազմում է 5,5 մլն դոլար։ Վարկերի ձգձգման պատճառով 21 մլրդ դրամի դեֆիցիտը այս տարվա բյուջեից կտեղափոխվի եկող տարվա բյուջե։ Բացի այդ, պրն Բարխուդարյանը տեղեկացրեց, որ 2000թ. բյուջեով նախատեսված էր մարել նախորդ տարիների 29,1 մլրդ դրամ պարտքից շուրջ 7 մլրդ դրամ։ Այսինքն, այս տարվա բյուջեում առաջացել է նաեւ լրացուցիչ պարտավորություններ։

Չնայած հայտնի ասացվածքին՝ նոր տարին դիմավորել առանց պարտքերի, մեր կառավարությունը տարեցտարի նոր տարին դիմավորում է բյուջեի առավել մեծ ճեղքվածքով եւ պարտքերի ավելի մեծ քանակով։ Ցանկացած տարվա բյուջեն ներկայացնելիս մեր պետական այրերը բավական դրական կանխատեսումներ են անում, սակայն տարեվերջին պարզվում է, որ ոչ միայն չեն կարողանում ապահովել աշխատավարձը, թոշակն ու նպաստը, այլ նաեւ պարտքերի մեծ կուտակումով են տեղափոխվում հաջորդ տարի։ 2001թ. պետբյուջեն էլ բացառություն չի այդ շարքից եւ այս տարվա համար էլ, ըստ պրն Բարխուդարյանի, կանխատեսում են ընդհանուր մակրոտնտեսական բավականին դրական միտումներ։ Նախատեսված է 6,5% ՀՆԱ-ի աճ, ոչ ավել, քան 3,5%-ի սղաճ։ Եկող տարվա բյուջեում կանխատեսում են ստանալ 205 մլրդ դրամի եկամուտ, ծախսերը կազմեն 301 մլրդ՝ ներառած նաեւ այս տարվա 61 մլրդ պարտքը։ Իսկ դեֆիցիտը կգերազանցի այս տարվա ցուցանիշը՝ 95 մլրդ դրամ։ Պրն Բարխուդարյանի հավաստմամբ եւ մանրամասն ներկայացմամբ, հնարավոր բոլոր միջոցները կիրառելու դեպքում 2001 թվականի դեֆիցիտը կնվազեցվի մինչեւ 41 մլրդ դրամի։ Մասնավորապես, ֆինանսների նախարարը նկատի ուներ SAC-4-ի ստացումը, սեփականաշնորհումից ստացվող գումարները, ինչպես նաեւ ոչ արտոնյալ պարտքերի վերաձեւավորումը։

Պրն Բարխուդարյանն իհարկե լավատեսական նոտա հնչեցրեց ասուլիսի ընթացքում, մասնավորապես, հանրությանը «ուրախացնելով» արտահանման աճող չափերով, սակայն, կարծում ենք, վերը նշված թվերը ավելի խոսուն են։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031