Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՍՏՈՒԳՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՈՒՄ

Նոյեմբեր 01,2000 00:00
Buh

Հայաստանում իբրեւ Կրթության եւ գիտության նախարար պաշտոնավարած բոլոր անձինք սեփական նախաձեռնությամբ կամ հարկադրաբար զբաղվել են ընդունելության քննություններով։ Ամռանը դա հրատապ թեմա է, մամուլում անդրադարձները բազմաթիվ են, բայց մոտեցման ռակուրսը գրեթե միեւնույնն է՝ քննություններն արդա՞ր անցան, թե՞ զեղծարարություններ եւ կաշառակերություն արձանագրվեց։ Մինչդեռ էականը ոչ թե արդար կամ անարդար քննությունների անցկացումն է, այլ համակարգը՝ անկախ սուբյեկտիվ գործադրումից։

Եվ Վարդգես Գնունին, եւ Արտաշես Պետրոսյանը, եւ Լեւոն Մկրտչյանը խոսել են հանրակրթական դպրոցից բուհ անցման մասին, նաեւ իրենց մտքերը ներկայացնելով, թե ինչ փուլում ենք գտնվում եւ ուր ենք առաջանալու։ Ինչ-որ ժամանակ, դեռ 1995-96-ին ամենքն էլ ընդունում էին, որ գոյություն ունեցող կենտրոնացված քննական համակարգը ընդամենը միջանկյալ օղակ է՝ գիտելիքների ստուգման միասնական համակարգի անցնելու ճանապարհին։ Ոչ ոք չէր կարծում, թե հնարավոր է հետընթաց կատարել խորհրդային դրվածքին, երբ բուհերից յուրաքանչյուրը ընդունելության քննություններ էր կազմակերպում եւ ինքը գնահատում դիմորդի գիտելիքները։ Այժմ տեղապտույտն այնքան երկարաձգվեց, որ առաջընթացի տեսիլքն է մարել (այն է՝ անցում կատարել գիտելիքների ստուգման կենտրոնին) եւ ի հայտ են եկել հետընթացի ջատագովներ։

Իմիջիայլոց, այս հոդվածի վերնագիր դարձած արտահայտությունը տարիներ առաջ առիթ եմ ունեցել լսելու Վարդգես Գնունուց։ Նախարարը դժգոհում էր, թե արտերկրում քննությունները ունեն ինքնաստուգման նշանակություն, իսկ Հայաստանում՝ ինքնահաստատման։ Բայց նախարարը գուցե պաշտոնի բերումով չէր ցանկանում խորամուխ լինել երեւույթի պատճառների մեջ։ Չէ՞ որ այդ դեպքում հարկադրված էր լինելու ընդունել, որ գործող կարգն է քննությունը վերածել ինքնահաստատման փորձության։ Մեզանում մի տառասխալը, կետադրական բացթողումը, ոչ լիարժեք շարադրանքը դիմորդի առնվազն մեկ տարվա ճակատագիրն են որոշում։ Մինչդեռ արտերկրում կատարյալ անդորր է թե քննություն հանձնելիս եւ թե արդյունքներին տեղեկանալիս։ Ինչո՞ւ։ Որովհետեւ գիտելիքները գնահատող կառույցը ինքնուրույն է եւ անկախ բուհերից։ Այդ կառույցը տարվա ընթացքում երկու կամ երեք անգամ նշանակում է քննական օրեր (մի քանի ամսվա ինտերվալով) եւ յուրաքանչյուր ցանկացող, քննություն հանձնելով, իսկապես իր գիտելիքներն է ստուգում։ Սեփական թերությունները տեսնելով, վերապատրաստվում է, հաջորդ քննական օրը դարձյալ ներկայանում։

Ի վերջո, երբ բուհերը հայտարարում են ընդունելության շրջանի բացումը, դիմորդին մնում է իր հանձնած քննությունների գնահատականների հավաստագիրը (բնականաբար, առավել բարձր նիշեր պարունակող) ներկայացնել բուհերին։ Ընտրությունը արդեն բուհինն է։ Այս կենտրոնները ոչ միայն օբյեկտիվ եւ նույն չափանիշներով համեմատվող դաշտում են գնահատում դիմորդին, այլեւ վերջինիս զերծ են պահում հոգեկան լարումից, թե իր ճակատագիրն է որոշվում քննական մի քանի ժամվա ընթացքում։ Միեւնույն տարվա ընթացքում այդ ճակատագրի ղեկը շրջելու կամ ընտրած ուղղությունը ամրապնդելու 2-3 հնարավորություն է առկա։ Ի դեպ, սա ողջ աշխարհում այնքան լայն տարածված, վաղուց կիրառվող եւ միանգամայն արդարացված համակարգ է, որ ընդօրինակելը եւ տեղայնացնելը մեծ ջանքեր չէր պահանջի։ Հայաստանում դեսպանատուն ունեցող եւ Հայաստանի հետ գիտամշակութային համագործակցության համաձայնագրեր ունեցող բազմաթիվ երկրներ՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ այլն, ունեն գիտելիքների գնահատման այդ կենտրոնները։ Հետեւաբար մնում էր միայն ներկայում պաշտոնավարող նախարարից հետաքրքրվել, թե մտադրություն չունե՞ն նշյալ ուղղությամբ որեւէ քայլ կատարելու։

Պարզվեց, դեռ հեռավոր 1990 թվականին, Վազգեն Մանուկյանի վարչապետության շրջանում նման կենտրոնի ստեղծման նախապատրաստական աշխատանքներ տարվել են։ Ընդսմին, ներկա ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը ղեկավարել է այն ժամանակվա աշխատանքային խումբը։ Նախընթաց պատրաստությունները այն մակարդակին են հասցվել, որ փաստաթղթերի ողջ փաթեթը, ներառյալ կանոնադրություն, գիտխորհրդի կազմ եւ այլն, վարչապետի սեղանին է դրվել՝ պատրաստ մակագրության։ Վազգեն Մանուկյանը վարչապետի պաշտոնը թողնում է, եւ կենտրոնի ստեղծումն էլ մնում է առկախ։ 99-ին արդեն անձամբ զբաղեցնելով ԿԳ նախարարի պաշտոնը, պարոն Ղազարյանը նորից կառավարություն է ներկայացնում Գիտելիքների գնահատման կենտրոնի ստեղծումը հիմնավորող փաստաթղթերի փաթեթը։

Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո, անկայունության եւ բյուջետային կրճատումների շրջանում, դարձյալ ծրագիրը մնում է թղթի վրա։ Մինչդեռ ավելի քան ակնհայտ է, որ ամեն կարգի վերահսկողություն, հետապնդում, ծրագրերի բարդացում բուհական ընդունելության բարեփոխման չեն բերի։ Անհրաժեշտ է նախ հայեցակարգային երկու խնդիր լուծել։ Քննությունները վերածել ինքնաստուգման եւ ապահովել կրթության շարունակականությունը դպրոցից բուհ տեղափոխվելիս։ Արդյո՞ք 2001-ի ընդունելության շրջանում գիտելիքների գնահատման կենտրոնը կգործի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930