Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանկավարժական համալսարանում կրթվող ուսանողը չի կարող դուրս գալ համալսարանից, հայտնվել շուկայում, եւ դա համարվի միջազգայնորեն մրցունակ ու բարձրորակ կրթություն»

Մարտ 22,2024 16:38

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ «Ակադեմիական քաղաքի» ծրագրին։

Անդրեասյանը նշեց, որ մեր բուհերն ու գիտահետազոտական կազմակերպությունները պետք է խոշորացվեն եւ միավորվեն, որպեսզի առաջին հերթին հնարավոր լինի ապահովել կրթության զարգացման ծրագրի ամենակարեւոր թիրախները։

«Այդ թիրախներն են՝ մենք առնվազն պետք է ունենանք 4 բուհ աշխարհի լավագույն բուհերի 500-յակում եւ պետք է կարողանանք մեր բարձրագույն կրթության համակարգը մրցունակ ու գրավիչ դարձնել նաեւ օտարերկրյա ուսանողների համար, որոնց թիվն առնվազն պետք է կրկնապատկվի։ Այսինքն, թե ինչո՞ւ է սա արվում, այդ հիմնավորումները դրված են կրթության ռազմավարության նկարագրության մեջ։ Սրա հիմնական նպատակը բարձրագույն կրթության եւ հետազոտության համար միջավայր ստեղծելն է։ Չենք կարող այսօրվա մեր բուհերից ակնկալել այդ որակը, ոչ թե այն պատճառով, որ մարդիկ լավ չեն աշխատում, այլ չի կարող Մանկավարժական համալսարանում կրթվող ուսանողը դուրս գալ համալսարանից, հայտնվել շուկայում, եւ դա լինի միջազգայնորեն մրցունակ ու բարձրորակ կրթություն։ Մանկավարժական համալսարանի այն միջավայրը եւ այն ենթակառուցվածքը, որը կա այսօր մեր բուհերում՝ չի տալիս մեզ այդ հնարավորությունը։ Մենք բազմիցս, թեկուզ ֆիլմերում, տեսել ենք՝ ինչ է նշանակում միջավայր, որտեղ կրթությունը, հետազոտությունն արդյունք է ունենում։ Դա շուրջօրյա միջավայր է, միջավայր, ուր սկսած կեցության պայմաններից ապահովված են անհարմարավետ պայմաններում։ Եվ «Ակադեմիական քաղաքը» այդ նույն միջավայրը ստեղծելու է մեր երկրում, մեր ուսանողների ու դասախոսների համար, որպեսզի նաեւ մեր երկրի դիմորդները չգնան ընդունվելու արտերկրի համալսարաններ եւ հետո սկսեն այնտեղից զանգել ու ասել՝ մենք նոր տեսանք ու հասկացանք՝ ինչ է բուհը»,- ասաց նախարարը։

Ժաննա Անդրեասյանը հավելեց, որ մենք ունենք գիտական եւ կրթական համակարգեր, որոնց զարգացման տրամաբանությունները մեծ հաշվով իրար հետ կապված չեն․ «Չի կարող այդպես լինել, որովհետեւ մեր գիտնականների աշխատանքի մի մասը պետք է դառնա այդ գիտական պրոդուկտին մասնակից դարձնել նաեւ մեր երիտասարդներին ու այդ գիտական հետազոտությունը դարձնել կրթական ծրագրերի մաս։ Եվ սա կարող է տեղի ունենալ, եթե մենք այդ երկուսն ունենք մեկ տեղում։ Ու դա ունենալ մի տեղում, չի նշանակում, որ մենք չունենք ինստիտուտը կամ բուհը առանձին»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031