Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 21,2000 00:00

Եկամտահարկը կդառնա՞ 19% Ինչպիսիք պետք է լինեն հարկերը, որպեսզի գործատուները շահագրգռված լինեն օրինական աշխատավարձ վճարել՝ օրինական հարկերով Հինգշաբթի կառավարության նիստում նախատեսված է քննարկել «Եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական վճարների մասին օրենքում» փոփոխություններ մտցնելու մասին նախագիծը: Այդ հարցի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ այսօր Հայաստանում աշխատավարձերը (եթե դրանք զուտ խորհրդանշական բնույթ չեն կրում) վճարվում են «ծրարներով»՝ այսինքն գործատուները խուսափում են հարկային փաստաթղթերում աշխատավարձի իրական չափը գրելուց, չցանկանալով վճարել ահռելի հարկերը: Ասենք, $100 աշխատավարձ տալու համար գործատուն ստիպված է ծախսել $145, ինչը նրա համար շատ դեպքերում հավասարազոր է սնանկացման: Այդ պատճառով նա պաշտոնական ցուցակում գրում է շատ ավելի ցածր գումար, իսկ աշխատավարձը տալիս է «չոռնի նալով», որը, բնականաբար, չի հարկվում: Այսպիսով, Հայաստանում շրջանառվող գումարների մեծ մասը գտնվում է «ստվերում», պետական բյուջեից դուրս՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Մեր զրուցակից բազմաթիվ պաշտոնյաներ, գործարարներ եւ փորձագետներ գտնում են, որ այս իրավիճակը հարմար է միջին բյուրոկրատիային, որն իր հստակ բաժինն ունի ստվերային տնտեսության մեջ: Պետական եկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանի խոսքերով, «ոչ մի գործարար չի կարողանա «ստվերում պահել» իր եկամուտները, եթե նրան չաջակցի հարկային տեսուչը»: Նախարարը հստակորեն կողմ արտահայտվեց եկամտահարկի դրույքաչափի իջեցմանը, որն, իր խոսքերով, ի վիճակի է դուրս բերել «ստվերից» եւ բյուջեն համալրել զգալի միջոցներով: Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Գագիկ Արզումանյանը, ընդհանուր առմամբ կիսելով այդ կարծիքը, հույս հայտնեց, որ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2001-ի հունվարի 1172ից: «Առավոտի» այն հարցին ի պատասխան, թե կոնկրետ քանի տոկոս պետք է իջեցվի դրույքաչափը, նախարարը գերադասեց առայժմ թվեր չնշել՝ պատրաստակամություն հայտնելով շաբաթվա վերջին անդրադառնալ այդ հարցին, որն, իր խոսքերով՝ «մեծ թեմա է եւ գործընթաց, որը տեւելու է մեկ տարի»: Իր հերթին ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը մեզ տեղեկացրեց, որ իր գործընկեր Վիկտոր Դալլաքյանի հետ խորհրդարանում շրջանառության մեջ են դրել «Վարձատրության մասին» օրենքը, որն իր հիմնական ուղղվածությամբ համահունչ է բարձրացրած հարցերին: Տնտեսագետը դեմ արտահայտվեց, մասնավորապես, սոցիալական վճարների 5000 դրամանոց շեմին, որը ծանր վիճակի մեջ է գցել եկամուտ չստացող հիմնարկներին, մասնավորապես, դպրոցներին: Խորհրդարանում կան մի խումբ պատգամավորներ, որոնք առաջարկում են իջեցնել եկամտահարկը մինչեւ 19% եւ չկիրառել հարկման հարաճուն եղանակ: Բայց արդյոք նման արմատական լուծմանը դեմ չի՞ կանգնի «ստվերից» սնվող բյուրոկրատիան: Ա. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել