Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 21,2000 00:00

Հակաբեղմնավորման վնասների մասին Վերջերս ԱԺ սոցիալական, առողջապահական եւ բնապահպանական հանձնաժողովի անդամները, հանրապետության ծննդաբերության եւ ծնելիության վիճակը քննելու նպատակով, այցելեցին մի շարք բժշկական հաստատություններ։ Հանձնաժողովի անդամ Էմմա Խուդաբաշյանն իր մի քանի դիտարկումներն է ներկայացնում մեր ընթերցողներին։ Պատասխանելով մեր հարցերին, տիկին Խուդաբաշյանն ասաց. «Վերջին տարիներին Հայաստանում տնտեսական ճգնաժամը բազմաթիվ խնդիրների պատճառ դարձավ, բացասական ազդեցություն ունենալով նաեւ երկրի դեմոգրաֆիկ իրավիճակի վրա։ Ճգնաժամը անդրադարձավ մարդկանց ընդհանուր առողջության վրա, կտրուկ վատթարացավ կանանց եւ նորածիններին սպասարկող բժշկական հաստատությունների վիճակը։ Հետեւանքը վերջին տարիների ընթացքում ծնելիության եւ բնակչության բնական աճի կտրուկ նվազումն է, ինչին նպաստում է նաեւ արտագաղթը»։ Տիկին Խուդաբաշյանը խիստ կտրուկ արտահայտվեց վերջին շրջանում էլ ավելի աշխուժացած ընտանիքի պլանավորման ծրագրերի մասին. «Բոլոր մարդիկ իրավունք ունեն ազատ եւ պատասխանատվությամբ որոշել իրենց երեխաների քանակը եւ այլ հարցեր։ Հենց սա եմ ես հասկանում՝ ընտանիքի պլանավորում։ Արդյոք նույն գաղափարն է դրված համառորեն գովազդվող «ընտանիքի պլանավորման կենտրոններ»172ի աշխատանքի հիմքում։ Ունենք, արդյոք, մեր մասնագետների կարծիքը, ուսումնասիրված են այդ հաբերի ազդեցության, այսպես կոչված, մոտավոր եւ հեռավոր արդյունքները։ Իմ տվյալներով այդ հաբերը թույլատրելի են միայն բացարձակ առողջ կանանց համար, իսկ աննշան հիվանդության դեպքում, օրգանիզմում անդարձելի փոփոխությունների պատճառ են դառնում։ Անցկացվում է, արդյոք, նախօրոք համապատասխան հետազոտություն, թե հաբերը տրվում են «ազնիվ խոսքի» հիման վրա։ Եվ, ամենակարեւորը, ինչու են այս գործընթացին մասնակից դարձվում անչափահաս երեխաները, որոնք, հաճախ, պատկերացում էլ չունեն, թե, ի վերջո, ինչի մասին է գնում խոսքը, արդյոք մենք այստեղ պետական անվտանգության խնդիր չունենք։ Եվ եթե այս ծրագիրը այդքան լավն է, ինչպես մեզ փորձում է համոզել հեռուստաէկրաններից անվերջ սփռվող քարոզչությունը, ինչու մի շարք այլ պետություններ, որոնք ի դեպ, ունեն դեմոգրաֆիկ խնդիրներ, հրաժարվել են այն կիրառելուց։ Նաեւ, ինչքանով անիմաստ եւ ոչ ճիշտ գովազդ է արվում այս ծրագրի շուրջ։ Օրինակ, երբ երիտասարդ աղջիկը մտնում է տուն, եւ ընկերուհու երեխային սիրելու, գուրգուրելու փոխարեն, հակառակը, «խորհուրդ» է տալիս հղիությունը ընդհատելու համար օգտագործել հակաբեղմնավորիչ հաբեր։ Բայց, արդյոք բոլոր կանայք գիտեն, թե ինչպիսի վտանգավոր հետեւանքներ է թողնում այդ հորմոնալ դեղորայքը։ Իսկ ով պետք է դրա համար պատասխանատու լինի։ Ընդհանրապես, ամեն տեսակի հորմոնալ դեղորայքը մի շարք բացասական փոփոխությունների է ենթարկում օրգանիզմի նյութափոխանակությունը։ Եվ, վերջապես, ունենալով ծնելիության այսպիսի գերնվազում, այն էլ հայերի նման փոքր գենոֆոնդ ունեցող ազգի համար։ Եվ, վերջապես, այդ ընտանիքի պլանավորման գաղափարը թող իր մեջ ներառի ընտանիքի ստեղծման համար մի շարք այլ գործոններ, որոնցով մտահոգված են մեր երիտասարդները, դա առաջին հերթին, աշխատանքն է, բնակարանային պայմանները։ Ես դեմ եմ այս միսիային, եւ մեր հայ կանայք պետք է շատ լուրջ մոտենան այս խնդրին։ Մինչեւ չունենանք այս բոլոր հարցերի հիմնավոր պատասխանները, կարծում եմ, պետք է կասեցնել այդ կենտրոնների գործունեությունը»։ Պատրաստեց՝ Մ. ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել