Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 21,2000 00:00

ՀԻՄԻ ՊԻՏԻ ԵՍ ՈՒ ԴՈՒ ՄԵՌՆԵՆՔ Մեկ օր Գյումրիում Գյումրեցիներից մի քանիսին հարցրին՝ ինչո՞վ են ապրում, պատասխանեցին. «Հեչ՝ ինչով. աղքատությամբ, մուրացկանությունով կապրինք, օր ըմ՝ ըստեղ, օր ըմ՝ ընդեղ, յոլա կերթանք՝ շան նման…»։ Պատմում էին, որ շատացել են մանր բնակարանային գողությունները. «Սնունդ էլ կգողանան, ապրանք էլ, էդ մարդիկ չունին, սովի են մատնվել, էդոր համար սաղ փախնում են ռուսաստանները։ Ըսեմ՝ քաղաքի 60-70%-ը Ռուսաստան են՝ հավատա։ Տները ծախում են-գնում։ Ամեն օր տելեվիզորով հայտարարություն կուտան, որ վաճառվում է, դիմեք, զանգահարեք էսինչ մարդուն։ Կան, որ կծախեն՝ նորը կստանան, դա էլ կծախեն, նորից կերթան դոմիկ կապրեն, նորից տուն կստանան…»։ Մի տատիկ միացավ զրույցին. «Հինգ ամիս է, թոշակ ստացե՞լ եմ… Քանդված պոլիտեխնիկ ինստիտուտի գարաժները կապրիմ, ոչ մի բան չեմ տվել։ Ըհը՛, սոված-սոված եմ, աղջիկ ջան, 4 ամիս հացի փշրանքը չգիտեմ ինչ բան է, ոտով եմ եկել, ավտոբուս էլ չեմ կրցել նստել՝ անպատվում են։ Գնացի Հացիկ գյուղի դաշտում աշխատա, փող չտվեց, ըսավ՝ 700 կիլո կարտոլ կուտամ։ Էնպես կարտոլ տվավ որ՝ խոզի կեր»։ Մի տղամարդ էլ թե՝ «ամբողջ Հայաստանը դրե տըկները կուտեն էլի, բայց ժողովուրդը կմեռնի։ Ընգել է ցեղասպանության հետեւից։ Ցեղասպանություն չէ՞, որ տեղում ըսման կսպանե…»։ Այս խոսակցությունը քիչ-քիչ վերաճեց կռվի. բոլորն էլ նույնն էին ասում, նույն խնդրից բողոքում, նույն վիճակից, բայց այլեւս չէին կարողանում առանց վիճելու պատմել։ Զրույցին միջամտեց եւս մի կին, որը վրա տվեց թոշակի սպասող տատիկին. «Պառա՛վ, հըլը անջատվի, հըլը սուս, հըմի դու ես մեռնում, էն վախտն էլ նրանք են մեռել՝ դու ապրել ես։ Հըմի պտի ես ու դու մեռնենք, որ նա ապրի, նրա էրեխեն ապրի։ Հըմի դրած Գերմանիայի պատերազմն եմ կարդում… լեզուդ ըդպես հինգ մետր է։ Ես որբանոցի էրեխա եմ էղել։ Ըդպես է, կյանք է, վերջացրա, անգրագետավարի մի՛ խոսա, մալչա՛ծ։ Էլի վատ ենք ապրել, բայց չի կարելի բողոքենք իրարից։ Պետությանը ո՞վ ա փող տալիս…»։ «Ի՜,- չդիմացավ տատը,- 200 կիլոյանոց ջանդակս էղել է քառսուն կիլո, ըշտը էդ ուղեղի տերն ես… Հըմիկվա երիտասարդությանը նայե, ռանգին նայե էսուր, սաղ հիվանդ են, սնունդ չկա մեջերը»։ Գերմանիայի պատերազմն ընթերցող կինը հեռացավ, որի հետեւից մյուս կանայք դեռ գոռում էին. «Հըլը իրա բերնի օսկեղենը, էդ տարիքի կնիկ ա, օսկեղենդ հանես՝ ծախես-կուտես, ըսիկ ի՞նչը ծախե-ուտե…»։ Գյումրիում այս օրերին միանգամից մի քանի շենքերի շինարարություններ են ընթանում։ Հավաքված կանանցից մի քանիսը այդ շինարարությունների մասին խոսելիս ասաց, թե «Իրանց ծանոթները կաշխատին, ամեն մարդ իրա ծանոթին կընդունե, 100 դոլար կուզեն, որ ընդունեն շինարարության վրա աշխատցնեն»։ Ո՞վ է ուզում՝ «ղեկավարները…»,- հետեւեց պատասխանը… կամ թե՝ «հիմի արդեն շինարարությունը որ սկսվել է, մի քիչ տղամարդիկ աշխատում են շենքերի վրա, բայց մյուսները՝ հեչ, թափառական…»։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել