Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարի

Փետրվար 01,2001 00:00

Չինաստանը աջակցություն է ակնկալում Հունվարի 23-ին Պեկինի Թյանանմին հրապարակում «Ֆալգուն» աղանդի 5 հետնորդների ինքնահրկիզման փաստի կապակցությամբ երեկ ասուլիս էր հրավիրել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Չժու Չժաուշունը։ Հիշեցնենք, որ ինքնահրկիզման հետեւանքով մի կին զոհվել էր հենց տեղում, իսկ մնացած չորսը ծանր վիճակում տեղափոխվել էին հիվանդանոց։ Աղանդի եւս երկու անդամների ինքնահրկիզման փորձը կանխել էին ոստիկանները։ Այս դեպքին անդրադարձել էին աշխարհի զանգվածային լրատվության միջոցները։ Դեսպանատուն հրավիրված լրագրողներին ներկայացվեց դեպքի մասին պատմող մի ռեպորտաժ, ուր փորձ էր արվում հետաքննել ինքնահրկիզման պատճառներն ու այդ աղանդի վտանգավոր ազդեցությունը մարդկանց վրա։ Ինքնահրկիզումից փրկված մի տարեց կին զղջում էր իր մտադրության համար եւ ասում, որ ինքն այլեւս չի հավատում այդ դավանանքին։ Մի տղամարդ էլ, թեեւ շատ ծանր այրվածքներ էր ստացել, հավատում էր, որ դա իր համար նախատեսված փորձություն էր եւ իրեն սպասում է երկնային արքայություն։ Իսկ մի աղջնակ, ցավից տանջվելով, պատմում էր, որ չէր պատկերացնում, թե այսքան ծանր է լինելու։ Մտածում էր, որ շատ արագ կմահանա եւ երկինք կբարձրանա, քանի որ երկրի վրա մեղքերը շատ են, եւ երկիրը ապրելու տեղ չէ։ Այս աղանդի առաջնորդ Լի Խունչժին իր հետնորդներին հավատացնում է, որ շուտով երկիր մոլորակը կործանվելու է։ Նա կոչ է անում մարդկանց հրաժարվել բժշկական օգնությունից եւ մոտ 1600 մարդ մահացել է բուժումից հրաժարվելու պատճառով կամ ինքնասպանություն է գործել։ Թեեւ, պրն դեսպանի հավաստմամբ, ինքը՝ Լի Խունչժին, բազմիցս դիմել է բժիշկների, հոգ տանելով իր առողջության մասին։ Լի Խունչժին իր հետնորդներին կոչ է անում բոյկոտել պետական ու հասարակական կազմակերպությունների աշխատանքը՝ խախտելով Չինաստանի օրենքներն ու կարգուկանոնը։ Չինաստանի կառավարությունը մոտ 3-4 տարի առաջ ստեղծված այս աղանդի գործունեությունը անօրինական է ճանաչել՝ «քանի որ ոչ մի պետություն չի կարող օրինականացնել նման աբսուրդ աղանդ»։ Սակայն աղանդի առաջնորդները ապաստան են գտել ԱՄՆ-ում եւ արեւմտյան այլ երկրներում եւ, պրն դեսպանի հավաստմամբ, այնտեղից Ինտերնետի օգնությամբ շարունակում են քարոզել իրենց գաղափարները եւ Չինաստանի կառավարության տապալման կոչեր անել։ Աղանդի հետնորդները այլեւս չեն ապրում բնականոն կյանքով, հոգեբանական կախվածության մեջ են գտնվում իրենց առաջնորդից եւ կատարում են նրա բոլոր հրահանգները։ Մոտ 650 մարդ հոգեբանական տրավմա է ստացել, իսկ Լի Խունչժիի աշակերտները սպանել են 14 մարդ եւ վիրավորել 143 մարդու։ Այսօր Չինաստանի կառավարությունը աղանդի հետնորդներին «վերադաստիարակելու եւ փրկելու» քաղաքականություն է տանում եւ դեսպանի հավաստմամբ՝ նրանք աստիճանաբար կյանք են վերադառնում եւ հրաժարվում իրենց գաղափարներից։ Այս աղանդը, ըստ դեսպանի, ամենից առաջ վտանգավոր է նրանով, որ կառավարությանը եւ օրենքներին չենթարկվելու բացահայտ կոչեր է անում՝ համագործակցելով հակաչինական ուժերի հետ։ Մինչդեռ աղանդի առաջնորդներին դրսում ընդունում են որպես դավանանքի համար հետապնդվողներ, իսկ Չինաստանը մեղադրվում է խղճի ազատությունը ոտնահարելու համար։ Չժու Չժաուշուն ակնկալում էր, որ մենք ըմբռնումով եւ աջակցությամբ կվերաբերվենք այս աղանդի դեմ իրենց կառավարության պայքարին։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել