Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր

Փետրվար 24,2001 00:00

Ա՞յն դաշնակցությունն է այս դաշնակցությունը Մեր եւ ադրբեջանական մամուլում արդեն հրապարակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված «Ընդհանուր պետություն» ասվածի ծրագիրը։ Երբեմնի ՀՅԴ անդամ, այսօր անկուսակցական, սակայն «էությա՛մբ տակավին դաշնակցական», Շուշիի առանձնահատուկ գումարտակի նախկին հրամանատար, ներկայումս Հայկական դիմադրության նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանին խնդրեցինք ճշտել, թե ինչպես են ընկալել տարածքային հնարավոր զիջումների մասին խոսակցություններն՝ ընդհանրապես, այս փաստաթուղթը՝ մասնավորապես, որով Շուշին պետք է վերաբնակեցվի ադրբեջանցիներով, որով ԼՂՀ-ում զինծառայությունը պարտադիր չի լինելու, որով Ղարաբաղի սահմանները պետք է համապատասխանեն 88-ի սահմաններին եւ այլն… – Այդ փաստաթղթից հստակ երեւում է, որ ազատագրված տարածքները ուզում են վերադարձնել հակառակորդին։ Միամիտ, խեղճ ու թուլամորթ եմ համարում այն բոլոր հայերին, որոնց մտքով անցնում է նման գաղափար։ Դեռեւս 94-ի մայիսյան զինադադարից հետո մեզ նման շշուկներ էին հասել, սակայն ոչ մեկս չէինք հավատում։ Ստացվում է, որ ճիշտ չէինք։ Ե՛վ նախորդ, ե՛ւ ներկա ղեկավարները մինչ օրս նման տրամադրություններ ունեն։ Կարծում եմ, Ռ. Քոչարյանը, աչքի առաջ ունենալով իր նախորդի ճակատագիրը, կփորձի խուսանավել արտաքին ճնշումներից։ – Սակայն այն փաստը, որ մեր նախագահը համաձայն է «Ընդհանուր պետության» փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք ընդունել, Ձեր հույսերը պիտի որ չարդարացնի։ – Չեմ բացառում, որ Ռ. Քոչարյանի համաձայնությունը՝ փաստաթուղթը բանակցելու հիմք ընդունել, զուր մարտավարություն է, ժամանակ շահելու միջոց։ Շեշտում եմ, ես վստա՛հ չեմ, բայց հույս ունեմ, որ Ռ. Քոչարյանը տարածքային զիջումների չի գնա։ Նաեւ կա Դաշնակցության հանգամանքը. ՀՅԴ կեցվածքը հայտնի է՝ չզիջել ոչ մի թիզ հող։ – Կարծում եք, որ Դաշնակցությունը կարո՞ղ է իրեն թույլ տալ հակադրվել նախագահին գործնականում։ Եթե այո, ինչպե՞ս։ – Հայկական որեւէ իշխանություն իրավունք չունի ազատագրված տարածք հակառակորդին հանձնելու, որովհետեւ այդ տարածքներն ազատագրել է այս ազգի սերուցքը, որի մի մասը զոհվել է։ Եթե լինի անհրաժեշտություն՝ կանխելու այդ հայադավ գործը, այն տղաները, որոնք 8-10 տարի առաջ ազատագրել են մեր հողերը, իրենց մեջ ուժ կգտնեն դրանք այսօր չհանձնելու։ – Վերջերս Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ՀՀ նախագահը հայտարարեց, որ ինքը եւս թանկ գին է վճարել Արցախի պատերազմում։ Չե՞ք կարծում, որ ինքն էլ բարոյական իրավունք ունի նույն տոնով խոսել ազատագրված տարածքների մասին, ինչպես, ասենք, Դուք կամ մյուս կռված տղաները։ – Թանկ է վճարել այն իմաստով, որ ներկա է եղել, տեսել է ժողովրդի չարչարանքը։ Իսկ ավելի թանկ են վճարել իրենց կյանքը զոհաբերած տղաները։ – Դուք բացառո՞ւմ եք որեւէ զիջում։ – «Զիջում» հասկացություն չկա. այսօրվա դրությամբ մենք Ադրբեջանից դեռ հայկական տարածքներ ունենք պահանջելու՝ Նախիջեւանը, Գանձակը։ Մենք այս պատերազմում հաղթել ենք եւ այսօր մենք խաղաղության կողմնակից ենք։ Բայց եթե տեսնենք, որ հայկական կողմը բարձրացնում է տարածքային փոխանակման հարցը եւ դրան դիմակայող չկա, մենք կդիմակայենք։ – Ինչպե՞ս, զենքո՞վ։ – Ինչպես 10 տարի առաջ ազատագրեցինք այդ տարածքները, այդպես էլ այսօր կպաշտպանենք։ – Որպես երբեմնի Դաշնակցական՝ ի՞նչ եք կարծում, ՀՅԴ-ն, բացի բանավոր սկզբունքայնությունից, կարո՞ղ է ընդդիմանալ նախագահին, եթե խոսքը անգամ տարածքային փոխանակման մասին է։ – Իմ ճանաչած Դաշնակցությունը պիտի որ դեմ լինի այս ծրագրին։ Եթե դեմ չլինի, ուրեմն՝ ես չէ, որ փոխվել եմ։ Ուրեմն այսօրվա Դաշնակցությունն էն Դաշնակցությունը չէ։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել