Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուրը չգցել 1 մլն 500 հազարը

Փետրվար 24,2001 00:00

Ջուրը չգցել 1 մլն 500 հազարը Վերջերս ձեր թերթում կարդացի տեղեկատվական մի հոդված՝ «Լավ է մեկ անգամ տեսնել, քան 86 տարի լսել» վերնագրով, որի ենթավերնագիրն ազդարարում էր. «Դեռեւս երկու տարի առաջ «Սյունիք» կինոստուդիան եւ մի շարք հայ կինոգործիչներ որոշեցին ստեղծել պատմական (՞), (երեւի պետք էր ասել՝ պատմական թեմայո՞վ) մի ֆիլմ 1915թ. Մեծ եղեռնի մասին»։ Ուրախացա թեմայի համար, բայց կասկածն ընկավ սիրտս՝ ենթավերնագրից սկսած, եւ կասկածս տագնապի փոխվեց, երբ վերնագրից հասա վերջին եւ այդ արանքում իմացա, որ ֆիլմի պայմանական վերնագիրն է լինելու «1915թ.» կամ «Հայոց եղեռնը», որ՝ «սա կլինի ֆիլմ ոչ միայն Հայոց ազգի կենսագրության, ազգային բնավորության մասին, որով ապրել եւ ստեղծագործել է հայ ժողովուրդը, այլեւ նույն տառապանքի բովով անցած հույն եւ բուլղար ժողովուրդների բարեկամության մասին», որ՝ «ֆիլմի նկարահանման աշխատանքները բաղկացած կլինեն 4 փուլից՝ նախապատրաստական շրջան, որը սկսվել է 2001-ի հունվարի 15-ից (ժամը քանիսի՞ց), նկարահանման մոնտաժային աշխատանքների եւ միջազգային գովազդի կազմակերպման շրջաններ», որ՝ «ֆիլմի համառոտ բյուջեի ծախսերը կկազմեն 1 մլն 500 հազար դոլար (համառոտ ծախսերը այդքան, իսկ ընդարձակ ծախսե՞րը…)»։ Իմացա նաեւ, որ «Թուրքիան նույնպես պատրաստվում է Եղեռնի մասին ֆիլմ նկարել…» (պահո՜…), որ՝ «ֆիլմի աշխատանքները կազմակերպելու համար ստեղծվել է կազմխորհուրդ…»։ Զավեշտական է այս ձեւով ձեռնարկել մի ֆիլմի նկարահանումը, որի թեման Հայոց ցեղասպանությունն է՝ Հայոց տնաքանդությունը, «տուն-տուն» կարելի է խաղալ եւ մեր խաղարկային շատ ֆիլմեր այդպիսին են՝ «տուն-տուն» խաղալու նման են, բայց չի կարելի «տնաքանդություն-տնաքանդություն» խաղալ եւ սառը ձեռքով եւ տաք գլխով հայտարարել, որ՝ «ֆիլմում նախատեսվում է ընդգրկել 1894- 1923թթ. թուրքերի ոճրագործությունների, այդ թվում նաեւ՝ Շուշիի կոտորածների մասին պատմող դրվագներ… հույն եւ բուլղար ժողովուրդների մասին» եւս, եւ կազմակերպել միջազգային գովազդ… Այս լայնասփյուռ թեմայով մոգոնված խաղարկային ֆիլմը կլինի՝ «հեքիաթ-հեքիաթ պապս» կամ «Մենք ենք, մեր կոտորածները»։ Այս կազմխորհրդով, այս սկզբունքով, այս մտածողություն-մտահղացմամբ, այս մեկուկես միլիոնով կարելի է Մեծ եղեռնի սոսկ մի էպիզոդը կինոզօծել, ասենք՝ Չաթ գյուղի ինքնապաշտպանությունը կամ Շուշիի կոտորածը, կամ Սիլվա Կապուտիկյանի ընտանիքի գաղթելը Վանից Երեւան։ Այս սկզբունքով ֆիլմ նկարահանել, ասել է՝ Սեւ ծովի ջուրը Սեւանա լճի ավազանում տեղավորել եւ այդ ջրի մեջ ջուրը գցել 1 մլն 500 հազար դոլարը։ Ափսոս է… Ափսոս է ոչ թե փողը, այլ՝ ջանքը… ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել