Լրահոս
Օրվա լրահոսը

«Մա՛մ, պապան ի՞նչ է անում Ոսկեպարում, գնացել ա, որ կրակ չլինի՞». Սուրեն Պետրոսյանը ազատ արձակվեց, դիմավորեցին երեխաները

Ապրիլ 26,2024 21:18

Քիչ առաջ ՁՊՎ-ից ազատ արձակվեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը: Լրացավ նրա ձերբակալման 72 ժամը: Սուրեն Պետրոսյանին բերման էին ենթարկել Տավուշում ցույցի ժամանակ:

Սուրեն Պետրոսյանին դիմավորեցին ծափերով: Նրան սպասում էին ընտանիքի անդամները՝ կինը, երեխաները, ընկերները: Հարցին՝ ինչպե՞ս եք՝ Պետրոսյանը պատասխանեց. «Ընտիր, չտեսնված»: Նա ասաց, որ գնալու է տուն, այնուհետեւ շարունակելու է պայքարը. «Այն, ինչ առաջադրված է եղել, որեւէ աղերս չեմ ունեցել դրա հետ բացարձակ, ո՛չ այդտեղ եմ եղել, բավական հեռու եմ եղել, տեսահոլովակը կա»: Նա ասաց, որ սպասելի էր նման գործողությունն իր նկատմամբ, բայց դա չի խանգարի պայքարին:

Սուրեն Պետրոսյանի կինը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեխաներն ամեն օր հարցրել են՝ «մա՛մ, պապան Ոսկեպարո՞ւմ էր». «Ասում էին՝ բա ի՞նչ է անում Ոսկեպարում, գնացել ա, որ կրակ չլինի՞: Մեծս էր ասում՝ Մարին: Ասում է՝ մամ, գնացել է, որ մեր տո՞ւնը պաշտպանի, ասեցի՝ հա»:

Սուրեն Պետրոսյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանն էլ ասաց, որ Պետրոսյանը ձերբակալվել էր Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի կասկածի շուրջ՝ խուլիգանություն, ուրիշի գույքը ոչնչացնել եւ ֆիզիկական ներգործություն: Ակնհայտ էր, որ ձերբակալումը իրավաչափ չի եղել: Սուրեն Պետրոսյանը ողջ ընթացքում եղել է տեսախցիկների ներքո ու ոստիկանության հետ միասին՝ բողոքի ակցիաներ, խաղաղ անհնազանդության գործողություններ: Այդ դեպքերին նրա առնչությունը ակնհայտորեն հերքվել է»:

Համենայնդեպս, փաստաբանն ասաց, որ գործը փակված չէ. «Ցանկացած պահի Սուրեն Պետրոսյանին կարող են մեղադրանք առաջադրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930