Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԽԵՑԻՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱԼԻԵՎԻՆ

Մարտ 27,2001 00:00
Robert Qocharyan

Հայ-ադրբեջանական բանակցությունները կայանալու են չճանաչված պետության մայրաքաղաքում

ՔԻ Ուեսթը, որը հիմա բոլորի շուրթերին է, Ֆլորիդայի ափերի մոտ գտնվող կղզիների շղթայի կենտրոնն է։ Մի ժամանակ Քի Ուեսթը Ամերիկայի ամենահարուստ քաղաքն էր շնորհիվ այն բանի, որ տեղի բնակիչները պարզապես թալանում էին կղզիների մոտակայքում վթարի ենթարկված նավերը։

Այդ գեղեցիկ կղզիներն այժմ միմյանց են միացած 40 կամրջով։ Պրոբլեմները սկսվեցին, երբ կղզիները կամրջով ու մայրուղիով կապվեցին նաեւ մայրցամաքին։ Այդ կամուրջը միանգամից դարձավ Կարիբյան ավազանի պետություններից անօրինական ներգաղթողների ամենասիրելի ճանապարհը դեպի Ամերիկա։

Վաշինգթոնն անմիջապես դիմեց կտրուկ միջոցի՝ 1983թ. Ֆլորիդայի մոտ մի անցակետ սահմանեց այդ ճանապարհին. ստուգելով անխտիր բոլոր մեքենաները եւ ուղեւորների ինքնությունը։ Ավտոմեքենաների 20 կիլոմետրանոց հերթեր առաջացան, խափանվեց ապրանքների մատակարարումը, զբոսաշրջիկները սկսեցին հրաժարվել ուղեւորություններից։

Կղզիների բնակիչները դիմեցին դատարան, քանզի իրավիճակն իրոք անսովոր էր։ Պատկերացրեք, որ Հայաստանի ոչ թե սահմանին, այլ ներսում՝ Սեւան-Երեւան խճուղում անցակետ բացվի ու սկսեն ստուգել Սեւանա կղզուց դուրս եկող ցանկացած մեքենա եւ անձնագիր պահանջեն։ Դատարանի որոշումն, այնուամենայնիվ, կղզիների բնակիչների օգտին չէր։

Բայց իզուր չէ, որ Քի Արշիպելագի բնակիչներին անվանում են խեցիներ։ Իրենց համառությամբ նրանք ամենեւին չեն զիջում մեր տարածաշրջանի չճանաչված հանրապետության բնակիչներին՝ դեռ այն ժամանակ, երբ Ամերիկան չէր անկախացել, նրանք հայտարարեցին՝ ծովային խեցիներ կուտենք, բայց Անգլիայի թագավորին չենք ենթարկվի։

Եվ 1983թ. ապրիլի 23-ին Քի Արշիպելագի բնակիչներն արեցին նույնը, ինչ մեր տարածաշրջանի չճանաչված հանրապետության բնակիչներն արեցին մի քանի տարի անց։ Քի Ուեսթի քաղաքապետ Դենիս Ուարդլոուն հավաքեց ժողովրդին կենտրոնական հրապարակում եւ կարդաց անկախության հռչակագիրը՝ այսօր մենք դուրս ենք գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմից, դառնում ենք ինքնիշխան պետություն եւ պատերազմ հայտարարում Ամերիկային։ Ի հավաստումն իրենց այս ռազմաշունչ մտադրության, խեցիները քաղաքացիներից մեկին ամերիկացի զինվորի համազգեստ հագցրին ու գլխին ջարդեցին կուբայական հացի բոքոնը։

Բայց ՄԱԿ-ն ու աշխարհի պետությունները չհասցրին ճանաչել ինքնահռչակ հանրապետության անկախությունը, քանզի այն շատ կարճ տեւեց՝ ընդամենը մի քանի րոպե, որից հետո քաղաքապետը հայտնեց Քի Ուեսթում ծառայող ամերիկացի ծովակալին, որ Խեցիի Հանրապետությունը հանձնվում է Ամերիկային, բայց միաժամանակ Վաշինգթոնից պահանջում է 1 մլրդ դոլարի փոխհատուցում անցակետի պատճառած վնասների համար։

Վաշինգթոնը անմիջապես վերացրեց անցակետը, բայց մինչեւ հիմա էլ չի տվել փողը ու նաեւ ձայն չի հանում կատարվածի վերաբերյալ, ինչը հնարավորություն է տալիս Խեցու Հանրապետության քաղաքացիներին տրամաբանել՝ քանի որ մենք հայտարարել ենք մեր անկախությունը, իսկ այն պետությունը, որից մենք անջատվել ենք, մինչեւ հիմա չի բողոքել դրա դեմ, ուրեմն բոլոր միջազգային օրենքներով մենք ԱՆԿԱԽ ենք։

Եվ խեցիներն, իրոք, պահպանել են ինքնիշխանության խորհրդանիշները՝ ունեն զինանշան, դրոշ, որի վրա, բնականաբար, ծովախեցի է պատկերված, կղզի մտնողներին վիզա են տալիս եւ, վերջապես, ունեն Խեցիի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող անձնագրեր, որոնցից կարող է ձեռք բերել Հայաստանի կամ որեւէ այլ երկրի ցանկացած քաղաքացի, որը անձամբ կդիմի Քի Ուեսթ կամ փոստով (միգուցե նույնիսկ Հայաստանի նախագահի միջոցով, եթե նա համաձայնի տանել) կուղարկի երեք լուսանկար, լրացված դիմում եւ 109 դոլար՝ 9 դոլարը առաքման վարձն է, իսկ Ռոբերտ Քոչարյանը տեղում կարող է 100 դոլարով էլ չճանաչված այդ հանրապետության քաղաքացիություն ձեռք բերել։

Իրենք՝ խեցիները, պնդում են, թե իրենց անձնագրերը ճանաչում են Կարիբյան ավազանի երկրներում եւ մի շարք եվրոպական երկրներում, սակայն իրականում այդ անձնագիրը տեսնելիս մարդիկ նույն զարմանքն են արտահայտում, ինչ մեր տարածաշրջանի չճանաչված հանրապետության դրոշը տեսնելիս։

Մեկ ամսից՝ ապրիլի վերջին տասնօրյակում, ինչպես եւ ամեն տարի, այս անգամ էլ Քի Ուեսթում հանդիսավորությամբ ու մեծ շուքով նշվելու է Անկախության հերթական՝ 19-րդ տարեդարձը։

Իսկ առայժմ խեցիները սպասում են Ռոբերտ Քոչարյանին եւ Հեյդար Ալիեւին։ Թեեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Քերի Քավանոն խեցի չէ, բայց ծնունդով Ֆլորիդայից է եւ լավ գիտի այս պատմությունը։

Ու, միգուցե, հրավիրելով նախագահներին Խեցիի Հանրապետություն, ուզում է նաեւ նրանց երկու բան ցուցադրել։

Առաջին՝ եթե մարդիկ ցանկանում են ունենալ սեփական դրոշը, զինանշանը, անձնագրերը եւ անկախ են համարում իրենց՝ զորքեր մի մտցրեք նրանց տարածք առանց նրանց թույլտվության ու ամեն ինչ լավ կլինի։

Երկրորդ՝ տեսեք թե մարդիկ ինչ նյութական օգուտ քաղեցին իրենց անկախությունից՝ անձնագրեր են վաճառում, զբոսաշրջիկներ են հրավիրում անկախության տոնակատարություններին, հայտնի վայր են դարձրել իրենց ինքնահռչակ հանրապետությունը։ Իսկ ձեր տարածաշրջանո՞ւմ…

Այո, տարբեր են լինում անկախությունները՝ մի տեղ Կալաշնիկով ու շրջափակում, մեկ այլ տեղ՝ ծովափնյա տաք ավազ ու Բերմուդյան եռանկյունու եզրով սերֆ անող Պամելա Անդերսոններ։

Ինչու, ինչու են այդքան համառ մեր տարածաշրջանի չճանաչված հանրապետության բնակիչները։ Պարոնայք, որքան կարելի է համառել՝ ե՞րբ եք վերջապես հանձնվելու ամերիկացիներին։

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ,

«Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031