Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ նախագահ Քոչարյանը Քի Ուեսթում Ղարաբաղի հարցն է լուծում, Հայաստանի խորհրդարանում քաղաքական ուժեր

Ապրիլ 10,2001 00:00

Կսրբագրվի՞ 99-ի ընտրությունների արդյունքը Մինչ նախագահ Քոչարյանը Քի Ուեսթում Ղարաբաղի հարցն է լուծում, Հայաստանի խորհրդարանում քաղաքական ուժերը փորձում են վերադասավորվել։ ԲԷՑ-երի հարցը խմբակցության ներսում եւ օրենսդիր մարմնում ընդհանրապես միայն նոր սրացումների առիթ էր։ Իրականում դեռ 2000 թվականի մայիսից, երբ նախագահ Քոչարյանի հետ սեպարատ հաշտություն կնքելով վարչապետի պաշտոնը ստանձնեց խմբակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը, պարզ էր, որ մեծամասնությունը դե ֆակտո արդեն պառակտված է։ Միաժամանակ հասկանալի չէր, թե ինչպես է «Միասնությունը» շարունակում մեծամասնություն լինել, երբ նրա անդամ կուսակցություններից մեկը՝ ՀԺԿ-ն, նախ չի կիսում Ա.Մարգարյանի կառավարության պատասխանատվությունը, ապա նաեւ առանձին քվեարկությունների ժամանակ հանդես է գալիս ելնելով ոչ թե դաշինքի միասնական, այլ սեփական կուսակցության դիրքերից, իսկ ՀՀԿ-ին դուր չի գալիս ԱԺ հժկական նախագահ Արմեն Խաչատրյանը։ Փաստ է, որ ՀԺԿ-ն եւ ՀՀԿ-ն առանց դաշինքի լիդերների չեն հաշտվում համակեցության փաստի հետ։ Բնական էր, որ մոտ մեկ տարի անց, մեծամասնության լինել-չլինելու հարցը դարձյալ կախվելու էր «Միասնություն» խմբակցության գլխին։ Այսօր հարցն այն է միայն, թե ով է առաջինը լքելու այդ մեծամասնությունը։ ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանն ընտրությունը թողել է Հանրապետական կուսակցությանը։ Խմբակցության նախագահ հանրապետական Գալուստ Սահակյանն էլ պնդում է, թե հատկապես ՀԺԿ-ն պետք է իր դիրքորոշումը հստակեցնի։ Այդ կուսակցություններից որեւէ մեկը, որքան կարելի է հասկանալ, բնավ չի ցանկանում առաջինը քայլ անել եւ լքել «Միասնությունը», թերեւս, այն պատճառով, որ կարող է մեղադրվել Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի քաղաքական ժառանգությունը փոշիացնելու մեջ, մինչդեռ վերջիններիս անունները թիկունքում ունենալով՝ գործունեություն ծավալելն անհամեմատ ավելի դյուրին է թվում ե՛ւ ՀՀԿ-ին, ե՛ւ ՀԺԿ-ին։ Իսկ մինչ ՀՀԿ-ն եւ ՀԺԿ-ն կորոշեն, թե իրենցից ով է առաջինը լքելու «Միասնությունը», խորհրդարանի կուլիսներում նոր մեծամասնություն ձեւավորելու բանակցություններ են ընթանում։ Լավատեղյակ աղբյուրները նշում են, որ Հանրապետականը խորհրդակցություններ է սկսել ՀՅԴ-ի եւ ԱԺՄ-ի հետ։ Նրանց նույն դրոշի տակ հավաքող միակ ընդհանրացումն այն է, որ բոլորն էլ անվերապահորեն գտնվում են նախագահ Քոչարյանի վերահսկողության տակ։ Բացի այդ, վարչապետ Ա.Մարգարյանը հույս ունի նոր մեծամասնություն եւ նոր պատվար գտնել՝ ի դեմս «Կայունություն» խումբը լքածների, որոնք միայն վերջերս են ձեւավորել, այսպես կոչված «Ժողովրդավարների» խումբը։ Ա.Մարգարյանին, հավանաբար թվում է, թե ԱԺ-ում կայուն մեծամասնություն ունենալն իրեն կփրկի վերահաս պաշտոնանկությունից։ ՀԺԿ-ն իր հերթին ակտիվորեն քննարկում է Կոմկուսի եւ Արտաշես Գեղամյանի հետ ալյանս ձեւավորելու նպատակահարմարությունը։ Սրան զուգահեռ, ըստ լավատեղյակ աղբյուրների, օրերս ՀԺԿ-ում տեղի ունեցած քաղխորհրդի նիստերում քննարկվել են «Միասնության» ճակատագրին առնչվող հարցեր։ Վլադիմիր Բադալյանն ու Գուրգեն Եղիազարյանը մասնավորապես առաջարկել են ՀՀԿ-ին որեւէ կոնկրետ պատասխան չտալ մինչեւ Ռ.Քոչարյանի վերադարձը՝ հույսով, որ վարչապետի պաշտոնանկության հարցը կլուծեն։ ԱԺ փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը նպատակահարմար էր գտել մնալ «Միասնության» կազմում։ Իսկ Վլադիմիր Նազարյանը կարծիք էր հայտնել, թե պետք է կոշտ հայտարարություն անել եւ նպաստել, որ Հանրապետականն ինքը որոշում կայացնի։ Ինչպես երեւում է, ՀԺԿ-ում էլ այս հարցում միասնական դիրքորոշում չկա, բայց դատելով ընթացող պրոցեսներից, պետք է արձանագրել, որ ՀԺԿ-ն սպասում է՝ թերեւս, հույս ունենալով, որ վարչապետը մոտ ապագայում պաշտոնանկ է արվելու։ Բոլոր դեպքերում հստակ է, որ խորհրդարանում ընթացող պրոցեսների եւ «Միասնության» հնարավոր լուծարման դեպքում ո՛չ Հանրապետականը, ո՛չ ՀԺԿ-ն այլեւս իրավունք չեն ունենա հանդես գալ «Միասնություն» դաշինքի ծրագրերն իրագործողի դիրքերից։ Իսկ դա կնշանակի, որ 99-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքերն իսկապես եւ վերջնականապես սրբագրվել են։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել