Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիզիկական

Օգոստոս 16,2001 00:00

ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՄԵԾ ՉԷ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում ընդունելության քննություններն ավարտվեցին օգոստոսի 10-ին։ 24 մասնագիտությունների 359 տեղի համար (պետպատվեր՝ 129, վճարովի՝ 200, զինապարտության օրենքի արտոնություններից չօգտվող՝ 30) ստացվել էր 800 դիմում։ Սակայն ռեկտորի հրամանով քննություններին մասնակցելու իրավունք էր տրվել 782 դիմորդի, քանի որ մյուսները չէին անցել նախնական փուլը՝ բժշկական քննությունը։ Մի քանի անգամ ներկա եմ եղել տարբեր մասնագիտություններից հանձնվող քննություններին։ Դրանք ընդհանուր առմամբ ընթացել են նորմալ։ Մարզաձեւեր կան, օրինակ, ծանրամարտը, ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտերը, բռնցքամարտը, փրկարարական գործը, որտեղ դիմորդների մակարդակն ավանդաբար գոհացնում է։ Այստեղ մրցակցությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ հանրապետության առաջատար մարզիկներից շատերը չդիմացան պետպատվերի համար ծավալված մրցույթին ու ստիպված եղան բավարարվել վճարովի ուսուցման խմբեր ընդունվելով։ Իսկ 106 դիմորդ դուրս մնաց մրցույթով։ Ամփոփելով վիճակագրական այս տեղեկությունները, ասենք, որ սեպտեմբերին ուսանողական տոմս ստացողների թվում ընդամենը 36 աղջիկ կլինի։ Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, հեռակա բաժանմունքի դեկան, դոցենտ Կ. Բաբայանը մեր զրույցի ժամանակ ասաց, որ նախորդ տարիների համեմատ այս տարի դիմորդների ընդհանուր մակարդակն այնքան էլ չի մեծացել։ Այդ է վկայում այն, որ մասնագիտություն առարկայից անբավարար է ստացել 317 դիմորդ։ Մտահոգող է նաեւ, որ պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված եւ ինստիտուտ դիմած 36 երիտասարդներից միայն մեկ դիմորդ է ուսանող կոչվելու իրավունք նվաճել։ Ասել է, թե մյուսները չեն ունեցել համապատասխան մասնագիտական պատրաստվածություն։ Դա նշանակում է, որ լուրջ անելիքներ կան ինչպես հանրակրթական դպրոցներում զորակոչային տարիքի սովորողների ֆիզդաստիարակության գործում, այնպես էլ Հայոց բանակում։ – Նշանակված գնահատականների բողոքարկումներ չե՞ն եղել։ – Հիմնականում եղել են ծնողների մասնակի դժգոհություններ՝ նշանակված գնահատականը պարզաբանելու նպատակով։ Սակայն բոլոր դեպքերում տրվել են սպառիչ ու հիմնավորված պատասխաններ եւ ծնողները բավարարված են մնացել։ Բացի այդ, հարկ է նշել, որ կանոնակարգի համաձայն քննությունների գործընթացին դիտորդի կարգավիճակով սեփական նախաձեռնությամբ մասնակցել է 46 ծնող։ Նրանք, ովքեր նախապես են նման ցանկություն հայտնել ու քննությանը ներկա են եղել հենց սկզբից, անշուշտ համոզվել են, որ առարկայական հանձնաժողովի անդամները նախապես դիմորդներին բացատրել են իրենց անելիքները, գնահատման չափանիշները, իրենց իրավունքները… – Ի՞նչ է լինելու այն ոչ անհայտ մարզիկների ճակատագիրը, ովքեր քննություններում անհաջողության են մատնվել, ձախողվել են։ – Նրանք, ինչպես նաեւ մյուսները, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն հաղթահարել փորձությունը, կարող են դիմել հեռակա բաժանմունք, որն արդեն երկու տարի է՝ ինչ գործում է։ – Եղե՞լ են դիմորդներ, որ օգտվել են այլ արտոնություններից։ – Օրենքը տարածվում է անխտիր բոլորի վրա։ Սակայն կա մի խավ, որի նկատմամբ ռեկտորի հանձնարարականով հանձնաժողովները համեմատաբար մեղմ վերաբերմունք են դրսեւորել։ Խոսքը զոհված ազատամարտիկների երեխաների մասին է։ Այդպիսիք 12-ն են եղել։ Ասեմ, որ մի հոգի էլ ընդունվել է մանկատնից։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել