Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի

Օգոստոս 23,2001 00:00

«ԳՆԱ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ ԵՎ ՍՊԱՍԻՐ» «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործի 12-րդ եւ 13-րդ հատորներում են ընդգրկված լրագրողների ցուցմունքները։ Եվ չկա որեւէ այլ լրագրող, որն ավելի շատ է հարցաքննվել կամ ավելի տեղեկացված է այդ օրվա իրադարձությունների մասին, քան Տիգրան Նազարյանը։ «Հայլուր» լրատվական ծառայության նախկին թղթակից-մեկնաբան Տիգրան Նազարյանն իր առաջին՝ 1999-ի հոկտեմբերի 28-ի հարցաքննության ընթացքում հայտնում է. «Իմ եւ Նաիրիի հարաբերությունները պահպանվել են որպես ընկերական, այն դեպքում, երբ մեր ընդհանուր շատ ընկերներ խզեցին հարաբերությունները Նաիրիի հետ»։ Եվ որպես նրա ընկեր՝ Տիգրան Նազարյանը լավատեղյակ էր ընկերոջ տրամադրվածությանը. «Նաիրին գտնում էր, որ Հայաստանում փոփոխություններ կարող էր իրականացնել միայն Վազգեն Սարգսյանը եւ գտնում էր, որ վարչապետը կամ չի ուզում վերականգնել երկրի տնտեսությունը, կամ չի իմանում, թե ինչպես։ Եվ գտնում էր, որ պետք է վարչապետին շատ բաներ բացատրել։ Նույնիսկ մեր վերջին զրույցի ժամանակ՝ ս. թ. հոկտեմբերի 26-ին նա տարբերակ էր փնտրում վարչապետին հանդիպելու եւ զրուցելու համար»։ Հանրահայտ է, թե մեկ օր անց ինչպես ընթացավ այդ «հանդիպում-զրույցը»։ «Հայլուրի» նախկին մեկնաբանը վկայում է նաեւ Նաիրի Հունանյանի շփումների մասին. «Մի քանի անգամ եկել է ՀՀ գլխավոր դատախազին տեսնելու, քանի որ իր ավագ քեռին բանտում էր եւ գործը վերաքննելու համար պահանջվում էր դատախազի մակագրությունը համապատասխան փաստաթղթի վրա, որպեսզի գործն ուղարկվի վերաքննիչ դատարան։ Ես նրան մի անգամ էլ տեսել եմ դատախազության շենքի մոտ, որտեղ, եղբոր հետ, սպասում էր, հույս ունենալով, որ կարող են տեսնել Աղվան Հովսեփյանին»։ 1999-ի դեկտեմբերի 12-ի հարցաքննության ընթացքում այն հարցին, թե ինչպիսի՞ փոխհարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ Ալիկ Հարությունյանը եւ Նաիրի Հունանյանը, Տիգրան Նազարյանը պատասխանում է. «Վերջին 1-1,5 տարվա ընթացքում, իմ իմանալով, վատ»։ Գործի չտեղավորելու, հեռախոսազանգերին չպատասխանելու հայտնի պատմություններից հետո՝ հավելում է. «Նաիրին շատ վիրավորված էր Ալիկից։ Ասում էր՝ ծտի ուղեղ ունի եւ առաջինը Ալիկին է կախելու»։ Բայց նույն Տիգրան Նազարյանը, որ հոկտեմբերի 27-ին ժամը 22-ից սկսած անմիջական մասնակցություն էր ունեցել բանակցություններին եւ Նաիրի Հունանյանին համոզել հանձնվել, 2000 թ. ապրիլի 3-ին, հարցաքննության ժամանակ իր ձեռքով գրել է. «Ալիկ Հարությունյանի հետ հանդիպման մասին Նաիրին խոսում էր ամենասկզբից։ Ասում էր. «Ինչո՞ւ Ալիկը չի գալիս, հազար տարվա ծանոթներ ենք, հո իրեն չե՞մ ուտելու»։ Իսկ դեկտեմբերի 15-ի ցուցմունքում Տիգրան Նազարյանը պատմել էր մի հեռախոսազրույցի մասին. «Ասում էր. «Ալիկ, դու ինձ հարյուր տարի ճանաչում ես, կարո՞ղ է ես քեզ վրա ձեռք բարձրացնեմ, արի խոսենք»։ Հենց Տիգրան Նազարյանն էլ, հոկտեմբերի 28-ի իր ցուցմունքի համաձայն, հուշել էր Նաիրի Հունանյանին, թե ինչ պայմաններ առաջադրի հանձնվելիս. «Ասացի՝ բաց եւ հրապարակային դատ։ Ասացի՝ եթե ժողովրդի համար ես այս ամենն արել, թող որ ժողովուրդը քեզ դատի։ Գնա մեկուսարան եւ սպասիր։ Եթե ժողովուրդը հավանություն է տալիս քո արարքին՝ կգա եւ կպահանջի քո ազատությունը, իսկ եթե ոչ՝ ապա ժողովուրդը քո կողմը չէ»։ ԱԺ նիստերի դահլիճում «Հայլուրի» մեկնաբանի դերակատարությունը էական է եղել նաեւ մեկ այլ առումով։ Այսպես, 2000 թ. հունվարի 26-ի հարցաքննության ընթացքում Տիգրան Նազարյանը վկայում է, որ, երբ «Ա1+»-ից զանգահարել էին ուղիղ եթերում Նաիրի Հունանյանի հետ հարցազրույց վարելու համար, հեռախոսազանգին նախ ինքն է պատասխանել. «Այդ զանգից հետո ինձ զանգեց Տիգրան Նաղդալյանն ու ասաց, որ այլեւս նման դեպքերում լսափողը Նաիրիին չտամ, ինչը բավական դժվար էր, քանի որ Կարենն ուշադիր լսում էր, թե ում հետ ինչ ես խոսում»։ Փետրվարի 2-ի իր ցուցմունքում Տիգրան Նաղդալյանը պարզաբանում է. «Նաիրիին այլ հեռուստաընկերություններով եթեր տրամադրելու առնչությամբ նախագահի մոտ անհանգստություն կար եւ խնդրել էր հնարավորության սահմաններում հետագայում կանխել դա»։ Տիգրան Նազարյանը փոփոխական հաջողությամբ լուծել է այդ խնդիրը. «Զանգեցին «Ֆրանսպրեսից», բայց լսափողը Նաիրիին չտվեցի, քանի որ ինքը հեռու էր, Կարենն էլ Մարգարյանի հետ զրուցում էր։ Մի զանգ էլ Ռուսաստանի հեռուստատեսություններից մեկից եղավ… Ռուսների հետ Նաիրին բավականին երկար խոսեց»։ Վերջում մեջբերենք Տիգրան Նազարյանի ցուցմունքներից եւս երկու ուշագրավ մանրամասն, չնայած դրանք կարելի էր շարունակել։ Ըստ ապրիլի 3-ին տված վկայության՝ նախագահի եւ Նաիրի Հունանյանի հանդիպումից, հանձնվելու պայմանները ճշտելուց եւ ՀՀ գլխավոր դատախազության քննիչների կատարած տեղազննությունից հետո անգամ նա փախչելու ցանկություն է ունեցել. «Նաիրին ինձ հարցրեց. «Մի՞թե այստեղից փախչելու ոչ մի հնար չկա»։ Ասացի՝ ոչ, ամբողջ շենքը շրջապատված է»։ Իսկ ըստ Տիգրան Նազարյանի հունվարի 26-ի ցուցմունքի՝ «Երբ իրենք զենքերը հանձնում էին, մոտեցավ ինձ ու ասաց. «Տիկոյին ասա, ինչ եղել-եղել է, թող ինքը մարդ լինի»։ Նկատի ուներ իրենց դատավարության լուսաբանումը ՀԱՀ-ով»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել