Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսի

Օգոստոս 28,2001 00:00

ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ ՄՏԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ Օգոստոսի 21-ից Արամ Խաչատրյան համերգասրահում արվեստ արարողները՝ դաշնակահարները եւ արվեստի սիրահարները՝ նրանց երկրպագուները անհանգիստ ու հուզումնալից օրեր են ապրում։ ՀՀ նախագահի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր հովանավորությամբ անցկացվող «Հայաստանի ժառանգություն» դաշնակահարների համահայկական մրցույթը մոտենում է եզրափակիչ փուլին։ Վերջինս կսկսվի օգոստոսի 30-ին եւ կավարտվի սեպտեմբերի 2-ին։ Մրցույթի գլխավոր հովանավորն է «Քրիստոնյա Հայաստան-1700» հիմնադրամը, պատրոնը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանը (Հայաստան), Աննա Մալիկովան (Ռուսաստան), Անահիտ Բոգդանյանը (Հայաստան), Իգոր Յավրյանը (Հայաստան), Բերնդ Գեցկեն (Գերմանիա), Փոլ Փոլայը (ԱՄՆ) կանցկացնեն վարպետության դասընթացներ։ Լրատվության մենեջեր Նարեկ Թովմասյանի միջնորդությամբ, երկրորդ փուլի ավարտին՝ օգոստոսի 27-ին, կարճ զրույց ունեցանք ժյուրիի մի քանի անդամների հետ։ Ավելի քան 140 մասնակիցներից 61-ն է ընտրվել ըստ մրցույթի պահանջների եւ ընտրվածներից 55-ը մասնակցել է մրցույթի առաջին եւ երկրորդ փուլերին։ Ժյուրիի անդամներին խնդրեցինք պատմել իրենց տպավորություններ մասին։ Աննա Մալիկովա (Ռուսաստան)- Միանգամից ասեմ, տաղանդավոր (չեմ վախենում այս բառից) հայ դաշնակահարներ կան, բայց… Եթե հիշում եք, կային ժամանակներ, երբ ՍՍՀՄ-ի նախկին հանրապետություններից տաղանդավոր երաժիշտներ մեկնում էին Մոսկվա ուսանելու, ավելի ճիշտ՝ հրավիրում, տանում էին։ Հիմա ժամանակները փոխվել են՝ տաղանդավոր երաժիշտը պետք է «եփվի» տեղում՝ իր հանրապետությունում։ Նրան հարկավոր են մեծ թվով սկավառակներ, գրականություն… Այստեղ միայն մատների վազելը ստեղնաշարի վրայով՝ դեռ բավարար չէ։ Միեւնույն է՝ դաշնակահարի նվագից երեւում է նրա ներքինը, ընդհանուր ինտելեկտը։ Պատահում է, որ շնորհալի դաշնակահար է, բայց մանկավարժի աշխատանքը միջազգային մրցույթին պարզապես թերի է… Մանկավարժից շատ բան է կախված։ Հետո շատ կարեւոր է միջազգային մրցույթի մասնակցի ընդհանուր պատասխանատվությունը նույնպես։ Ընդհանուր առմամբ, մրցույթի ընթացքից գոհ եմ։ Բերնդ Գեցկե (Գերմանիա)- Հատկապես հիացած եմ փոքր տարիքային՝ մինչեւ 13 տարեկան, կատեգորիայի դաշնակահարների կատարումներով։ (Հիշեցնենք՝ մրցույթն անց է կացվում տարիքային երեք կատեգորիաներում՝ A- մինչեւ 13, B- մինչեւ 18, C- մինչեւ 30…)։ Կասեմ հետեւյալը՝ այս տարիքային խմբի համար վճռորոշ են արդյունքները հենց իրենց համար։ Ո՞վ է ասում, որ բոլոր մասնակիցները պետք է դառնան մենակատարներ, թող լինեն լավ ուսուցիչներ։ Կարծում եմ, նրանք այնքան խելացի են, որ եզրափակիչ փուլից, ինչու չէ, հենց այսօրվանից, կհանգեն ճիշտ եզրակացության։ Մրցույթի օրերն անցնում են արագ։ Փոլ Փոլայ (ԱՄՆ)- Ընդամենը երկու խոսք կարող եմ ասել՝ էքստրա, բարձր մակարդակ։ Ժյուրիի անդամներս հանգիստ աշխատում ենք։ Դեռ ոչ մի տարաձայնություն չի գրանցվել։ Անահիտ Բոգդանյան (Հայաստան)- Այս մրցույթը լուրջ փուլ է մեր մշակութային կյանքում։ Մասնակիցներից ոմանք մեր կոնսերվատորիայի նախկին շրջանավարտներից են, որոնք այժմ բնակվում են արտերկրում։ Այս համահայկական մրցույթը խոսում է այսօրվա հայ դաշնակահարների մասին, նրանց մակարդակի մասին։ Գաղտնիք չէ, մեր կոնսերվատորիայի, մասնավորապես դաշնակահարների մասին խոսում են ամբողջ աշխարհում։ Ունենք հիանալի մանկավարժներ։ Ես ներկայացրել էի երկու դաշնակահար։ Մեկը՝ առաջին փուլից դուրս մնաց։ Ի դեպ, այն դասատուն, որի սանը նվագում է, իրավունք չունի վերջինիս գնահատել։ Այնպես որ, սա խոսակցությունների առիթ չի կարող հանդիսանալ։ Առջեւում դեռ եզրափակիչ փուլն է։ Եկեք արդյունքների մասին խոսենք վերջում։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031