Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ

Սեպտեմբեր 15,2001 00:00

Թոշակառուն ինքն է առաջարկում ՀՅԴ նախաձեռնությամբ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի նիստերից մեկում քննության առնվեց կենսաթոշակների ավելացման վերաբերյալ հարցը։ Սակայն այն լուծում չստացավ։ Աշնանային նիստերից մեկում դարձյալ անդրադառնալու են այդ հարցին։ Հարց, որ հոգեհարազատ է հանրապետության մոտ 7 հարյուր հազար թոշակառուներին, հարց, որի լուծումը դրական կանդրադառնա յուրաքանչյուր կենսաթոշակառուի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, կբարձրացնի յուրաքանչյուրի տրամադրությունը եւ, ամենակարեւորը, մարդիկ կզգան, որ իրենց մասին մտածող կա։ Կենսաթոշակի անցնելու առթիվ նախկին օրենքում կատարված փոփոխությունները, մեր կարծիքով, հիմնավորված չէին (երբ փոխվեց թոշակի անցնողի տարիքը), հիմնավորված չէր թոշակի նշանակման ժամանակ տարբեր տարիների համար նախատեսվող դրամական ավելացումը, որի հետեւանքով համարյա հավասարություն էր դրվում աշխատած կամ երբեք չաշխատած մարդկանց միջեւ։ Արդյունքն այն էր, որ նրանք համարյա նույնչափ կենսաթոշակ էին ստանում։ Այդ հարցը նստաշրջանի քննարկմանը ներկայացնող հանձնաժողովը պետք է հանգամանորեն ու բազմակողմանի ուսումնասիրի այն։ Կենսաթոշակի նվազագույն չափը որոշելիս առաջին հերթին պետք է հաշվի առնել՝ ով է աշխատել եւ ով բոլորովին չի աշխատել։ Այսինքն՝ աշխատած մարդու համար լինի նվազագույն թոշակի այլ չափ, չաշխատածի, բայց կենսաթոշակի տարիք ունեցողի համար՝ այլ։ Բացի դրանից, պետք է հաշվի առնել աշխատանքի ստաժը։ Այնպես չլինի, որ 40 տարի աշխատած մարդը ստանա համարյա այնքան, որքան 20 տարի աշխատածը։ Հատուկ ուշադրություն պիտի արժանացնել տարեց եւ միայնակ թոշակառուներին, որոնց ապրուստի միակ միջոցը կենսաթոշակն է եւ այն աշխատողների կամ աշխատած մարդկանց նկատմամբ, որոնք ունեն 50 տարուց ավելի աշխատանքային ստաժ։ Կենսաթոշակ նշանակելիս պետք է հաշվի առնել նաեւ կատարած աշխատանքի բնույթը։ Մեկը հավաքարար է (բանվոր), մյուսը՝ փականագործ (դարձյալ բանվոր), բայց վերջինիս աշխատանքը կապված է երկաթի հետ, որն ավելի բարդ է, նրանց միջեւ տարբերություն չպե՞տք է լինի։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ նախկինում զբաղեցրած պաշտոնը, ծառայությունները, որի արդյունքում մարդը դարձել է աշխատանքի վետերան, հանրապետական կամ միութենական կարգի անհատական թոշակառու, արժանացել է աշխատանքի հերոսի կոչման կամ ստացել շքանշաններ ու մեդալներ։ Մարդու կատարած աշխատանքը պատշաճ կերպով գնահատելը յուրաքանչյուրի պարտականությունն է։ Չնայած այժմ բոլոր կոչումները, շքանշաններն ու մեդալները արժեզրկվել են, բայց եթե մարդու մեջ չի մեռել մարդուն գնահատելու կարողությունը, ուրեմն յուրաքանչյուրի սրբազան պարտքը պետք է լինի պատշաճ գնահատել նման մարդկանց եւ թոշակ նշանակելիս հաշվի առնել նրա ունեցած բոլոր առավելությունները։ Ինչպե՞ս կարելի է հաշվի չառնել նաեւ մարդու տարիքը։ Եթե մեկը 75 տարեկան է, կյանքի մայրամուտն է ապրում, իր ուսերին ունենալով 58-60 տարվա աշխատանքային ստաժ, հատուկ մոտեցում չպե՞տք է ցուցաբերվի նման մարդկանց նկատմամբ, որոնց շարքերը գնալով նոսրանում է։ Որպես ամփոփում, ե՛ւ նվազագույն կենսաթոշակի հարցը որոշելիս, ե՛ւ ընդհանրապես թոշակի հետ կապված հարցերը քննելիս հաշվի առնել ե՛ւ ստաժը, ե՛ւ տարիքը, ե՛ւ մարդու կատարած աշխատանքի բնույթը, պետության նկատմամբ ունեցած ծառայությունները, ստացած պարգեւները, շքանշաններն ու մեդալները, չմոռանալով նաեւ միայնակ եւ տարեց թոշակառուների հարցը։ Այդ բոլորի հիման վրա այնպիսի որոշում ընդունել, որի թանաքը չչորացած, նորից փոփոխությունների անհրաժեշտություն չլինի։ Կենսաթոշակների բարձրացման հարցը լուծում կստանա, եթե եւ Ազգային ժողովը, եւ կառավարությունը ամենայն լրջությամբ մոտենան հարցի կարեւորությանը։ ՎԱՐԴՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել