ՈՉ ՄԻ «ԿԱՊ»՝ ԱՌԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ Միջուկային աղետների հետեւանքների վերացմանը մասնակցած «Չեռնոբիլ» միության անդամներն իրենց համագումարում հիմնական դժգոհությունները հայտնում էին Հանրապետական թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովից, մասնավորապես, վերջինիս նախագահ Միխայիլ Վանյանից։ Այդ դժգոհությունների հիման վրա մեր հարցերն ուղղեցինք պրն Վանյանին։ – 1994թ. սեպտեմբերին Հայաստանը ԱՊՀ միջպետական համաձայնագիր է ստորագրել, որտեղ կա «ռադիացիայի ազդեցությանը ենթարկված քաղաքացիներ» արտահայտությունը։ Արդյո՞ք այն չի վերաբերում միջուկային աղետների ժամանակ բոլոր ճառագայթահարվածներին։ – Այդ պայմանագրից բխող ոչ մի որոշում, մեթոդական նամակ կամ ցուցում չի եղել մինչեւ այս վերջին շաբաթը։ Հիմա այդ հարցը կոնկրետացվել է։ Չելյաբինսկի «Մայակ» հիմնարկում վթարի ժամանակ ճառագայթման պատճառով ստացված հիվանդությունը կդիտվի որպես զինվորական ծառայության հետ կապված պաթոլոգիա։ Եթե Կենտրոնական ռազմաբժշակական հանձնաժողովը անձի ներկա հիվանդությունը կկապի այդ վթարի հետ, այդ անձը կհամարվի զինվորական հաշմանդամ։ Ռազմաբժշկական հանձնաժողովը կայացնում է հետեւյալ որոշումները՝ «ներկա հիվանդությունը կապված չէ զինվորական ծառայության հետ», «հիվանդությունը կամ տրավման անձը ստացել է զինվորական ծառայության ընթացքում», «… ստացել է զինվորական պարտականությունները կատարելիս», եւ «… ստացել է ՀՀ սահմանները պաշտպանելիս»։ Սրանցից որեւէ մեկի առկայության դեպքում հաշմանդամ ճանաչելու պարագայում մենք ընդունում ենք Ռազմաբժշկական հանձնաժողովի սահմանած պատճառական կապը։ – Ձեր հանձնաժողովը մինչեւ վերջերս Չելյաբինսկում զինվորական ծառայության ժամանակ «Մայակի» միջուկային աղետի հետեւանքների վերացման մասնակիցների համար հիվանդության եւ ճառագայթահարման պատճառական կապը ընդունել է՝ հաշվի առնելով Ճառագայթային բժշկության կենտրոնում տրված տեղեկանքը եւ առանց սպասելու, որ հանձնաժողովի կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություն արվի։ Այժմ դա անել հրաժարվում եք՝ պատճառաբանելով կանոնադրության փոփոխության անհրաժեշտությունը։ – Դա միակ դեպքն է եղել, երբ հանձնաժողովը նման որոշում է կայացրել։ Մարդը ժամկետային զինծառայության մեջ է եղել։ Փաստաթղթերը ներկայացվել են հանրապետական զինկոմիսարիատի կողմից։ Դրանք հիմք ենք ընդունել Չելյաբինսկը «հավասարեցնելու» Չեռնոբիլի հետ։ Հետո պարզվեց, որ հարցին անհրաժեշտ է իրավական լուծում տալ։ Այդ մեկը նոր էր, առաջին դեպքն էր։ – «Չեռնոբիլ» միության համագումարում բազմաթիվ անգամ ասացին, որ պատրաստվում են ձեզ դատի տալ՝ երկու «չելյաբինսկցու» պատճառական կապը չհաստատելու համար։ – Հանրապետական հանձնաժողովի ցանկացած որոշման հետ համաձայն չլինելու պարագայում, համաձայն գործող կանոնադրության, քաղաքացին իրավունք ունի դիմել դատարան։ Բոլորին ես ինքս եմ դա առաջարկում, երբ հարցնում են՝ ո՞ւր գնանք։ – Կարո՞ղ եք հերքել կամ հաստատել այն ինֆորմացիան, որ Չեռնոբիլի զինվորական գծով մասնակիցներից ստացել են այդ պատճառական կապ ասվածը՝ առանց Ռազմաբժշկական հանձնաժողովի որոշման։ – Չեռնոբիլի վթարի հետեւանքների վերացման լիկվիդատորները եւ, ընդհանրապես, բոլոր մասնակիցները, առանց փաստաթղթային հիմնավորման ոչ մի պատճառական կապ չեն ստացել։ Մի քանի օր առաջ այդ կարգն ավելի է հստակեցվել. եթե անձը եռամսյա հավաքների կամ ժամկետային ծառայության ժամանակ աշխատել է վթարի 30 կիլոմետրանոց գոտու ներսում, պատճառական կապ սահմանվում է այսպես՝ ներկա հիվանդությունը կապված է «զինվորական պարտականությունները կատարելու հետ»։ Եթե անձը 30 կիլոմետրանոց գոտուց դուրս է աշխատել եւ դարձյալ եռամսյա հավաքների ժամանակ, հիվանդությունը կհամարվի զինվորական ծառայության ժամանակ ստացած, իսկ ոչ զինվորական գործուղման մեկնած քաղաքացիների համար կսահմանվի՝ «հիվանդությունը ստացել է Չեռնոբիլի վթարի հետեւանքների վերացման ժամանակ»։ Այս կանոնակարգն արդեն գործում է։ – Դա կառավարությա՞ն որոշումն է։ – Ոչ։ Սա արվել է մեթոդական նամակի ձեւով։ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի հետ էլ այն կհամաձայնեցվի։ – Եթե հնարավոր է նախարարի մակարդակով այդ հարցը կարգավորել, արդյո՞ք Չելյաբինսկի դեպքում անհրաժեշտ է ավելի բարձր ինստանցիայի՝ կառավարությանը որոշումը։ – Համաձայն կենսաթոշակային ֆոնդի աշխատակարգի՝ որպեսզի անձը ստանա զինվորական թոշակ, պատճառական կապը պետք է զինվորական կազմակերպություն հաստատի։ «Չելյաբինսկցիների» դեպքում հարցն ավելի լավ է կանոնակարգել. եթե պետությունից այդ մարդկանց պատվովճար է հասնում, թող պատվովճար տան նրանց, եթե փոխհատուցում՝ դա։ Թե չէ ստացվում է, որ «ամենաթույլ» օղակը, որի միջոցով կարելի է գումար ստանալ, Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովն է։ Սակայն դա այդպես չէ. այստեղ էլ մարդիկ ստուգում են ներկայացված փաստաթղթերի իսկությունը եւ փորձաքննություն են կատարում։ Մեր որոշման համար մենք ենք պատասխանատվություն կրում։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































