Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում

Հոկտեմբեր 12,2001 00:00

Իրավաբանի կարիք ունեն, բայց տեղը չգիտեն Հայաստանում անվճար իրավաբանական ծառայությունների թիվն անցնում է երկու տասնյակից։ Քիչ չեն նաեւ վճարովի ծառայությունները։ Սակայն իրավաբանական ծառայություններից օգտվողների թիվն այնքան էլ մեծ չէ՝ թեեւ նման կարիք հավանաբար շատերն ունեն։ Այս մասին է վկայում նաեւ անվճար իրավաբանական ծառայություններ մատուցող թերեւս ամենախոշոր կազմակերպության՝ «Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիայի» անցկացրած ուսումնասիրությունը, որը շատ ուշագրավ իրողություններ է արձանագրում։ Հայաստանի 11 մարզերի 18 քաղաքներում եւ 23 գյուղերում հարցման ենթարկված 800 քաղաքացիների միայն 15,6%-ն է երբեմն օգտվել վճարովի իրավաբանական ծառայություններից։ Անվճար ծառայություններից օգտվողների թիվն ավելի քիչ է՝ 8,9%։ Ընդ որում՝ առաջին դեպքում գոհ է մնացել օգտվածների 73,6%-ը, իսկ վերջինի դեպքում՝ 76,1%-ը։ Իսկ անվճար իրավաբանական ծառայություններից չօգտված մարդկանց 72,2%-ը դրանց անհրաժեշտությունը չի ունեցել, 10,7%-ը վստահություն չունի այդ ծառայությունների հանդեպ, 19,9%-ը տեղյակ չի եղել դրանց գոյությանը։ Վճարովիի համար այդ թվերը համապատասխանաբար այսպիսին են՝ 78,2%, 7,4%, 7,6%։ 12,4%-ն էլ չի դիմել վճարովի այդ ծառայություններին՝ վճարունակ չլինելու պատճառով։ Ուսումնասիրության հեղինակները նկատում են, որ փակ շղթա է ձեւավորվում։ Անվճար իրավաբանական ծառայություններից դժգոհ քաղաքացիների համոզմամբ՝ անվճար լինելու հանգամանքը պատճառ է դարձել, որ խնդրի քննարկումն անհարկի ձգձգվի, եւ արդյունքում ստացել են ոչ սպառիչ տեղեկություն։ Իսկ վճարելու դեպքում այդպես չէր լինի։ Սակայն սոցիալ-տնտեսական ներկայիս պայմաններում քաղաքացիներն ավելի հաճախ ստիպված են դիմել անվճար ծառայություններին, վերջիններս էլ, ինչպես նաեւ՝ պետական իրավասու մարմինների ներկայացուցիչները, որ նույնպես այդ ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում են հայտնվել, հակված չեն իրենց մասնագիտական կարողությունները լիարժեք դրսեւորել։ Հաճախ էլ իրավաբանական ծառայությունների տված լիարժեք եւ սպառիչ տեղեկությունները կարող են քաղաքացու համար իրենց արժեքը կորցնել, երբ նա դրանցով զինված դիմում է իրավաբանական ատյաններին՝ գործին ընթացք տալու նպատակով, եւ բախվում գումարային խնդիրների եւ գործի ընթացքը թողնում առկախ։ Այնուամենայնիվ, հարցման ենթարկվածների մեծ մասը՝ 80,4%-ը, գտնում է, որ ե՛ւ անվճար, ե՛ւ վճարովի իրավաբանական ծառայությունների գործունեությունն անհրաժեշտ է։ Ընդ որում՝ 35,8%-ի կարծիքով, անվճարներն ավելի անհրաժեշտ են։ Իսկ 73,6%-ը ցանկանում է, որպեսզի այդպիսի ծառայություններ գործեն իրենց բնակավայրում։ Ուսումնասիրության արդյունքները նաեւ վկայում են, որ հարցման ենթարկվածների 21,3%-ը վերջին երկու տարիներին ունեցել է իրավաբանական բնույթի զանազան խնդիրներ։ Ամենատարածվածը բնակարանայինն է՝ 25,3%-ը։ Սեփականության հետ կապված խնդիրներ են ունեցել 22,4%-ը, նպաստի, կենսաթոշակի հետ կապված՝ 20%-ը, իսկ ամուսնաընտանեկան՝ 12,4%-ը։ Ավելի շատ դիմել են բարձրագույն կրթությամբ մարդիկ։ Գործարքների եւ պայմանագրերի կազմման խնդրով հիմնականում դիմել են միջին տարիքի տղամարդիկ՝ առեւտրականներ, բիզնեսմեններ։ Իսկ սեփականության հարցերով դիմորդներն ավելի շատ են եղել մարզերի գյուղերում եւ քաղաքներում։ Եվ հակառակը. բնակարանային հարցերով առավել շատ դիմողները եղել են Երեւանում։ Դատելով հարցման արդյունքներից, ծագած խնդիրների լուծումը բնակչության մեծամասնությունը (73,5%) գերադասում է իրականացնել պետական իրավասու մարմինների, այլ ոչ թե՝ ոչ կառավարական ծառայությունների միջոցով (19,8%)։ Իսկ 6,8%-ը նախընտրել է ինքնուրույն լուծել իր խնդիրները։ Ոչ կառավարական ծառայություններից հիմնականում օգտվում են երեւանցիները։ Հարցման մասնակիցներից միայն 28,6%-ն է տեղյակ իր բնակավայրում գործող վճարովի իրավաբանական եւ 19,9%-ը՝ անվճար ծառայությունների մասին։ «Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիան առանձին հարցում է անցկացրել նաեւ իրենց ծառայությունից օգտվողների շրջանում։ Գերակշռող մեծամասնությունը՝ 98,1%-ը գոհ է եղել։ Ընդ որում՝ 70,3%-ը՝ սպառիչ տեղեկությունների, 56,4%-ը՝ հոգատար վերաբերմունքի, 38,6%-ը՝ որակյալ ծառայության, 33,7%-ը՝ մատչելիության եւ 22,8%-ը՝ մասնագիտական բարձր պատրաստվածության համար։ Ամփոփելով ուսումնասիրության արդյունքները՝ հեղինակներն արձանագրում են, որ, այնուամենայնիվ, բնակիչները որոշակի հույսեր են կապում իրավաբանական ծառայությունների գործունեության հետ՝ իրենց իրավունքները պաշտպանելու ու անհրաժեշտ տեղեկություններ ստանալու առումով։ Իսկ այդ կազմակերպությունների լիարժեք ու որակյալ գործունեության համար շատ կարեւոր է բարձր մասնագիտական պատրաստվածությունը, տեխնիկական հագեցվածությունը, աշխատակիցների կայուն եւ բարձր վարձատրությունը, շենքային համապատասխան պայմանները եւ, իհարկե, վստահության առկայությունն այդ կազմակերպությունների հանդեպ։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել